Դատավոր Սուրեն Բաղդասարյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ

Բարձրագույն դատական խորհրդի ապրիլի 7-ի որոշմամբ դատավոր Սուրեն Բաղդասարյանի լիազորությունները դադարեցվել են՝ պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հիմք ընդունելով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Ժորայի Բաղդասարյանի 65 տարին 2025 թվականի ապրիլի 15-ին լրանալու հանգամանքը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 160-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 160-րդ հոդվածի 3-րդ մասով և 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է՝

1. Պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ 2025 թվականի ապրիլի 15-ից Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Ժորայի Բաղդասարյանի լիազորությունները համարել դադարած»:

Ներկայացնում ենք նրա կենսագրությունը։

Ծնվել է 1960 թվականին Տավուշի մարզի Շնող գյուղում։

Կրթություն

1980 թվականից մինչև 1985 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ցերեկային բաժնում։

Աշխատանքային փորձ

1977 թվականից մինչև 1980 թվականն աշխատել է Այրումի պահածոների գործարանում՝ որպես բանվոր։

1985 թվականին նշանակվել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայում և մինչև 1991 թվականն աշխատել է Թումանյանի շրջանի իրավաբանական կոնսուլտացիայի փաստաբան։

1991 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Թումանյանի միջշրջանային դատախազությունում՝ որպես քննիչ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2000 թվականից առ այսօր աշխատում է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի հուլիսի 19-ի ԲԴԽ-51-Ո-125 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Բաղդասարնային 2021թ. հուլիսի 20
ՆՀ-190-Ա հրամանով նշանակել Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել