Տիգրան Ուլուբաբյանի գործով «օբյեկտիվ քննությունը» շարունակվում է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։
«Քննիչը մերժել է կրկնակի փորձաքննություն իրականացնելու ու ոստիկաններին ճանաչման ներկայացնելու միջնորդությունը։
Մինչև հիմա չեն պարզվել Տիգրանին խոշտանգման ենթարկած, այդ թվում՝ նրա վրա թքած ոստիկանների ինքնությունը։ Ավելին՝ իմ կողմից բացահայտված երկու ոստիկանների վերաբերյալ որևէ որոշում չի կայացվել և նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվում։
Չարենցավանի ոստիկանությունում կատարված խոշտանգման մեկ այլ դեպքով էլ կարճվել է ոչ միայն քրեական վարույթը, այլև կարգապահականը՝ անձի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարած չլինելու հիմքով»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանը հրավիրվել է Ոստիկանության Վանաձորի բաժին, նրան հայտնել են, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:
Հետագայում Տիգարն Ուլուբաբյանը պատմել է, որ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն մի քանի հոգով ծեծել են, բացի այդ հայոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։ Տիգրան Ուլուբաբյանի շահերը պաշտպանում է Ռոման Երիցյանը։
Նշենք, որ դեպի առնչությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ասել էր, որ արցախցիների նկատմամբ որևէ խտրական մոտեցման մասին խոսք չի կարող լինել․ «Ենթադրյալ տուժողի խոսքերով՝ իրեն 8 հոգով ինտեսիվ ծեծի են ենթարկել, այս հարցի քննությունը ևս քննությունը պիտի տա, բայց պիտի նշեմ, որ դատաբժշկական փորձաքննություն եղել է։ Ուլուբաբյանի կողմից հայտարարված՝ իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չեն հաստատել»։