Էդիկ Բ․ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում Վահե Գ․-ի կամքն անտեսելով՝ խաբեությամբ տեղափոխել է այլ վայր՝ կատարելով առևանգում, Վահե Գ․-ի առողջությանը առանձին դաժանությամբ վնաս է պատճառել, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։ Ապօրինի կերպով սառը զենք է կրել։
Iravaban.net-ն այս մասին տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Վլադիսլավ Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում Վահե Գ․-ի կամքն անտեսելով՝ խաբեությամբ տեղափոխել է այլ վայր՝ կատարելով առևանգում, առանձին դաժանությամբ վնաս է պատճառել, ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք։
Բացի այդ, հափշտակել է Վահե Գ․-ի անձնագիրը, նույնականացման քարտը և իրավունք վերապահող, պարտականությունից ազատող և իրավաբանական նշանակություն ունեցող տեղեկություն պարունակող փաստաթուղթը: Հարկադրանքի այլ եղանակով Վահե Գ․ին ներկայացրել է վերջինի գույքն իրեն հանձնելու պահանջ՝ կատարելով շորթում:
Գործը դատարան է ստացվել 2024-ի դեկտեմբերի 13-ին, և մակագրվել դատավոր Հովհաննես Ավագյանին։
Նշվում է, որ մեղադրյալ 2 տղամարդիկ և ոմն Մաշա խմբի կազմում, նախկինում իր հետ տեղի ունեցած միջադեպի շուրջ հաշվեհարդար տեսնելու համար նպատակադրվել է Վահե Գ․-ի կամքն անտեսելով՝ խաբությամբ տեղափոխել այլ վայր և այդ եղանակով վերջինիս առևանգել։
Մաշան զանգահարել է Վահե Գ․-ին և հայտնել, որ իբր իր հետ հանդիպելու նպատակով բնակարան է վարձակալել, որտեղ գտնվում են նաև իր ընկերուհին և նրա ընկերը, և տղամարդուն հրավիրել է այդտեղ: Այնուհետև Վլադիսլավ Ն․-ը Վահե Գ․-ին ուղեկցել է շքամուտքից մինչև բնակարան։ Հասնելով բնակարան՝ Վլադիսլավ Ն․-ը փակել է բնակարանի դուռը, հարվածել տուժողի ոտքերին և վայր գցել նրան, որից հետո, միմյանց գործողությունները փոխլրացնելով, միասնական դիտավորությամբ, Էդիկ Բ․-ը ոտքերով հարվածներ է հասցրել Վահե Գ․-ին, Վլադիսլավ Ն․-ի հետ շարունակել են հարվածներ հասցնել։
Վերցրել է Վահե Գ․-ի ձեռքի պայուսակը, որում առկա է եղել անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, բանկային քարտը, ծխախոտի տաքացման սարք, անլար ականջակալ, լիցքավորիչ, և 5000 դրամ՝ հետագայում դրանք վերադարձնելու դիմաց պահանջելով 50.000-100.000 դրամ:
Տղամարդուն ոտքերը կապված վիճակում սեռական բնույթի հայհոյանքներ տալով՝ քարշ են տվել հիշյալ բնակարանի հյուրասենյակում, շարունակելով տառապանք պատճառել՝ թույլատրել են միայն ոտքերը կապված և սողեսող գնալ զուգարան, որից հետո իրենց մոտ գտնվող պայուսակից հանել են դանակները, և Վլադիսլավ Ն․-ը դանակը պահել է տուժողի որովայնին և կրծքավանդակի հատվածին ասելով, որ գոռալու դեպքում այն կմտցնի վերջինի փորը՝ դանակով քերծելով նաև կրծքավանդակը, իսկ Էդիկ Բ․-ը իր մոտ գտնվող դանակը մոտեցրել է Վահե Գ․-ի կրծքավանդակին՝ սպառնալով գոռալու դեպքում դանակահարել:
Վերը նշված արարքները կատարելուց հետո Վլադիսլավ Ն․-ը հեռացել է նշված բնակարանից, իր հետ վերցնելով հափշտակված փաստաթղթերը և իրերը՝ սպառնալով դրանք չվերադարձնել, եթե պահանջված գումարը մինչև 2024 թվականի սեպտեմբերի 15-ը Վահե Գ․-ը իրեն չտա:
Այնուհետև, հիշյալ բնակարանից Վլադիսլավ Ն․-ի գնալուց հետո՝ Էդիկ Բ․-ը մոտեցել է տուժողին և ասել, որ ինքը կամ նրա ականջը պետք է կտրի կամ մատը, վերջինի աջ ձեռքի ցուցամատը կտրելու նպատակով` առանձին դաժանությամբ, հիշյալ դանակը, դրել է Վահե Գ․-ի աջ ձեռքի ցուցամատին և մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված առարկայով՝ մուրճով, հարվածել է դանակին, սակայն վերջինի մատն ամբողջությամբ չի կտրվել։
Դատարանը որոշել է Էդիկ Բ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի ժամկետը երկարաձգել երեք ամսով՝ մինչև 2025 թվականի հունիսի 28-ը:
Վլադիսլավ Ն․-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը թողնել անփոփոխ:
Որոշումը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան։ Դատարանը որոշել է մերժել հատուկ վերանայման բողոքը։