Շատ արվեստագետների համար երազանք է դառնալ ճանաչված նկարիչ, սակայն իրականում դա պահանջում է ոչ միայն տաղանդ, այլև անսահման նվիրում և ներքին լույս: Նման բացառիկ օրինակ է հայ նկարչուհի Մանան Մուրադյանը, ով արդեն 20 տարուց ավելի է՝ վրձինը ձեռքից չի գցում՝ ամեն օր ստեղծելով նոր արվեստ: Թվում է, թե մեծ վաստակի տեր այս արվեստագետը պետք է աշխարհն ընկալի միայն ներկերի միջոցով, սակայն իրականում Մանանը չափազանց հոգևոր անձնավորություն է, ով նկարելը համեմատում է աղոթքի հետ՝ երկնքի հետ մտերմիկ կապ հաստատելու յուրահատուկ միջոց:
Ինչո՞ւ նա որոշեց ընտրել արվեստագետի ուղին, ինչպե՞ս են Նարեկացու աղոթքները դառնում ներշնչանքի աղբյուր նրա ստեղծագործությունների համար և ի՞նչ անփոխարինելի դեր ունի արվեստը նրա կյանքում: Այս և այլ հուզիչ հարցերի պատասխանը գտեք «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում իրականացվող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հինգերորդ մասում, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:
«ԶԱրտ» մշակութային նախագիծն ունի առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:
Իր ստեղծագործական ճանապարհը վերհիշելով՝ «Արվեստը պատահական մտավ իմ կյանք․ մի ընկերուհի տեսավ, որ նկարում եմ, ու ստացվում է, ինքն էլ այդ ժամանակ ակադեմիայում էր սովորում, օգնեց, նկարչական գործիքներ տվեց»,-հիշում է նկարչուհի Մանան Մուրադյանն ու պատմում, որ հենց այդ ընկերուհին իրեն առաջնորդեց դեպի Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ։
«Արվեստը ինձ տարավ իր աշխարհ Թերլեմեզյանից հետո, և կարելի է ասել՝ բռնեց ու բաց չթողեց մինչև այսօր․․․ Չգիտեմ, կարելի է ասել կյանքի բնականոն ընթացքի նման մի բան է՝ ինչպես են մարդիկ հաց ուտում, իրենց առօրյա գործերն անում»։
Նկարչուհին այսպես է բնութագրում արվեստի, նկարչության դերն իր կյանքում․ «Ինձ համար չի բացվի օրը առանց ձեռքս վրձին վերցնելու, առանց ինչ-որ նոր բան ստեղծելու։ Եթե նկատեք, արվեստիս մեջ հիմնականում ստեղծագործական մոտիվներն են, արտանկարել շատ չեմ սիրում։ Բնորդներին եմ շատ սիրում նկարել, եթե նատուրայից եմ նկարում, ուրեմն դա մարդն է, մարդը իր ներաշխարհով»։
Մանանն իր արվեստում երկար տարիներ հենց ինքն իրեն է փնտրել․ «Որոնումներս այս թեմայի շուրջ են ավելի շատ։ Նաև աղոթքի պես բան է, որ նկարում ես, և կարծես թե աղոթքի դուրս գաս, երկնքի հետ կապ ես հաստատում։ Նմանատիպ երևույթներ են, չեմ կարող բացատրել»։
Այնքան է գրավել այս ամենը նկարչուհուն, որ նա արդեն 20 տարուց ավելի է՝ վրձինը ձեռքից չի գցում․ «Եթե արվեստագետ չդառնայի, նկարիչ չդառնայի, միգուցե հիմա սպորտսմեն դառնայի, երևի այդ էներգիան դուրս հանելու ինչ-որ մի ձև է։
Փոքր տարիքում այդ մտածումներս միշտ եղել են, բայց արվեստը, ստեղծագործական ուժը հաղթանակով դուրս եկավ, և ես մնացի այս աշխարհում, որն ինձ ապրեցնում է»։
Պատմում է՝ հաճախ Նարեկացու աղոթքների ներքո է նկարում, հետաքրքիր է ստացվում․ «Խաղաղվում է հոգիս, նկարս էլ է խաղաղ լինում։ Ժամանակ առ ժամանակ պատարագ եմ լսում, մեկ էլ տեսնում ես՝ լրիվ այլ երաժշտություն, ավելի մոդեռն, ավելի հետաքրքիր։
Մեկ-մեկ տղայիս եմ լսում, հետաքրքիր ստեղծագործություններ է գրում, էդպես․․․ այդ ամենը թեմայիդ մեջ քիչ թե շատ ներգործություն է ունենում»։
«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը: