Զամիրա Հակոբջանյանն իր գյուղից՝ Ասկերանի շրջանի Սղնախից, տեղահանվել է 2020 թվականին, 44-օրյա պատերազմից հետո գյուղն ացավ ադրբեջանական տիրապետության տակ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական ագրեսիան սանձազերծեց, ինչ արդյունքում Զամիրան և իր ընտանիքը բռնի տեղահանվեցին Ստեփանակերտից։
Չնայած, որ 9 ամիս ապրել են շրջափական ծանր ու դժվար օրերը, միևնույն է՝ Արցախը լքելու ցանկություն չի ունեցել, հույս է եղել, որ ամեն ինչ անցնելու է, իրենք շարունակելու են ապրել Արցախում։
«2020 թվականից մինչև 2023 թվականը Ստեփանակերտում բնակվում էի վարձով, որպես տարհանված։ Ապրում էինք այնպես, որ չեմ ցանկանա նույնիսկ թշնամուն։ Մեկ օրվա համար մեկ հատ սև հաց էր հասնում, այդ հացը ինձ չէր հասնում, չէի ուտում, որ երեխան ուտի։ Ռուսներից կոնֆետ էինք վերցնում, տալիս երեխային, ասում՝ կեսը հիմա կեր, կեսը՝ հետո։ Բայց դրան էլ էինք հարմարվել, միայն թե լինեինք մեր հողում»,-ասում է մեր զրուցակիցը։
Զամիրան աշխատում էր զինվորական հոսպիտալումում։ Իրենց զգուշացրել են, որ դուրս չգան ու թաքստոցները պատրաստ պահեն։
«Զանգեցի երեխուս, ասացի, որ գնա տատիկի, պապիկի մոտ։ Հրցրեց՝ ի՞նչ է եղել, ասացի՝ չեմ կարող քեզ ասել, գնա։ Հետո զանգեցի մեր հարսին, ծնունդի էին, ասացի՝ շուտ գնացեք։ Ուղիղ մեկ ժամից սկսվեց։ Ամեն րոպե զոհեր, վիրավորներ էին բերում»,-պատմում է նա։
Զամիրան սեպտեմբերի 19-ից մինչև 24-ը հոսպիտալում է եղել, քանի, որ շատ վիրավորներ ու զոհեր են եղել։ Միայն սեպտեմբերի 24-ին դուրս է եկել հոսպիտալից, որ այցելի զոհված եղբոր շիրիմին։ Իսկ Արցախից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին։ Ինչպես բոլորը, նա էլ անցել է դաժան ճանապարհ։
«Սեպտեմբերի 28-ին նոր հասանք, հաց չկա, ալյուր կար, ճանապարհին խմոր հունցցեցի, ցուցանակը պոկեցինք, վրան հաց թխեցինք։ Երբ հասանք Հայաստան, երեխաները խանութ մտան, զարմացել էին, որ ամեն ինչ կա։ Անցակետում մեզ ոչինչ չեն արել, մեքենան ստուգեցին, հարցրեցին, թե քանի կին, քանի տղամարդ կա, մեզ չչարչարեցին, բայց շատ մարդիկ կան, որ դաժան են վարվել, մենք տեղյակ ենք»,-ասաց նա։
Հիմա բնակվում են Մրգաշատ համայնքում, երեք ընտանիք մի տան մեջ վարձակալության հիմունքներով։ Միայն ինքն է աշխատում, որդին սովորում է Երևանում, վրդովված է, ասում է, որ 40+10 աջակցությունից զրկվեն, շատ դժվարություններ կառաջանան։
Բնակարանային ապահովման ծրագրից չի շտապում օգտվել՝ ընդգծելով, որ 12 միլիոն դրամով չեն կարողանա նորմալ տուն ձեռք բերել։ Հորդորում է կառավարությանը, որ վերանայեն ծրագիրը, քանի որ տների շուկայական արժեքները շատ բարձր են։
Մանրամասները՝ տեսանյութում։