Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 21-ին հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը:
Հանրային հ/ը – Բարի երեկո, այսօր իմ զրուցակիցն է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բարի երեկո, պարոն Փաշինյան, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Պարոն վարչապետ, Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններն ավարտվել են, բայց դրանից հետո Ալիևը հայտարարեց, որ զրո վստահություն կա Հայաստանի նկատմամբ, այժմ էլ Ադրբեջանն անընդհատ կեղծ տեղեկություններ է տարածում, թե մենք սահմանային լարվածություններ ենք ստեղծում: Նախ՝ ինչո՞վ եք պայմանավորում Ադրբեջանի այս գործելաոճը և հնարավոր է արդյոք նոր էսկալացիա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եթե վստահության խնդիր չլիներ, երկու տարբերակ կլիներ՝ կամ խաղաղության պայմանագիրը վաղուց ստորագրված կլիներ կամ խաղաղության համաձայնագրի կարիք չէր լինի: Նաև վստահության հետ կապված խնդիրներն են պատճառը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում կա կարգավորում, այդ թվում՝ վստահության բարձրացման միջոցների վերաբերյալ։ Նկատի ունեմ՝ վստահության պակասը կամ բացակայությունը, չեմ կարծում, թե անակնկալ պետք է լինի այն միջավայրում, որում…
Հանրային հ/ը – Դե գոնե Հայաստանը նման դեստրուկտիվ հայտարարություններ չի անում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խնդիրն այն է, որ կողմերն ունեն իրենց պատկերացումները, թե ինչ հայտարարություններով պետք է առաջնորդվեն, և մեր պատկերացումն այն է, որ խաղաղության օրակարգը պետք է առաջ մղվի և իրագործվի, ինչը նշանակում է՝ առերեսվել բոլոր բարդությունների հետ, և այդ բարդությունները փորձել լուծել և հասցեագրել: Եվ այդ առումով, իհարկե, շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, որ խաղաղության համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի միջև ավարտվել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցմամբ:
Այսինքն, ըստ էության, մենք ունենք փաստաթուղթ, որը և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության համար ընդունելի է, և հետևաբար՝ հաջորդ փուլը տրամաբանորեն պետք է լինի այդ փաստաթղթի ստորագրումը։ Ինչ վերաբերում է էսկալացիոն տրամաբանությամբ լուրերի տարածմանը, կարծում եմ, դրա նպատակներից մեկն այն է, որ նման լուրերի հոսքի ներքո քողարկել բուն լուրը։ Իսկ բուն լուրը հետևյալն է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, և հետևաբար՝ պետք է ստորագրվի:
Ես միանշանակ արձանագրել եմ, որ պատրաստ եմ իմ ստորագրությունը դնել այդ տեքստի տակ: Ինչ վերաբերում է էսկալացիային, ընդհանրապես պետք է արձանագրենք, որ առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային միության հանրապետությունների սահմաններով: Եվ պիտի արձանագրեմ, որ սա հղում է ոչ միայն խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստին, այլև հղում է այլևս երկու երկրներում դե յուրե իրավական ուժ ունեցող փաստաթղթին, այն է՝ երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգին, որտեղ Ալմա-Աթայի հռչակագիրը, որում իմ նշած սկզբունքներն արձանագրված են, ահա, այդ սկզբունքները Ալմա-Աթայի հռչակագրի ձևով դարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման բազային սկզբունք։
Կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի կողմնակից են, կարող են լինել ուժեր, որոնք էսկալացիայի հակառակորդ են, բայց էսկալացիան պետք է ունենա հիմնավորում։ Մեր տարածաշրջանում էսկալացիան չունի որևէ հիմնավորում։ Հետևաբար, այս կետից հաջորդ գործողությունը պետք է լինի խաղաղության համաձայնագրի ստորագրումը և նրա իրագործումը։
Հանրային հ/ը – Ստորագրման մասով, տեսեք, տեսակետ կա, որ Ադրբեջանը պատրաստվում էր էսկալացիայի և Հայաստանը դա իմանալով կանխեց՝ համաձայնելով այն երկու չհամաձայնեցված կետերին: Եվ մյուս տեսակետն էլ այն է, որ Ադրբեջանը չէր սպասում, որ Հայաստանը կհամաձայնի այդ կետերին և դրանից հետո, անակնկալի գալով, հիմա փորձում է հրաձգության մասին կեղծ լուրերով ուղղակի տորպեդահարել գործընթացը, որպեսզի չստորագրի պայմանագիրը։ Ձեր կարծիքով՝ Ադրբեջանը մտադի՞ր է ստորագրել այս պայմանագիրը, թե՞ ամեն ինչ անելու է, նոր մեթոդների է դիմելու, որպեսզի հնարավորինս հետաձգի դա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես կարծում եմ ճիշտ չէ, որ ես խոսեմ, թե ինչ կանի Ադրբեջանը կամ ինչ է անում Ադրբեջանն այս համատեքստում, որովհետև ես կարող եմ մեր մոտիվացիաները նկարագրել խաղաղության համաձայնագրի տեքստը վերջնականացնելու ուղղությամբ մեր կատարած քայլերի։ Մենք մեր քաղաքացիների առաջ և ի լուր միջազգային հանրության՝ հայտարարել ենք խաղաղության օրակարգ և խաղաղության օրակարգի մեր նվիրվածությունը, և մեր գործողությունները շարունակաբար և հետևողական նվիրված են խաղաղության օրակարգով առաջ գնալուն։
Ընդ որում, պետք է շատ ուշադիր լինել, մենք գործում ենք հոռետեսության միջավայրում։ Այսինքն՝ մենք գործում ենք մի միջավայրում, ընդ որում՝ ես նկատի չունեմ միայն Հայաստանի Հանրապետությունում, երբ շատերը չեն, որ հավատում են, որ սա իրագործելի օրակարգ է: Բայց եթե հիմա հետահայաց նայենք, վերջին երկու տարվա ընթացքում մենք այս իմաստով ձեռք ենք բերել շատ նշանակալի արդյունքներ: Այդ արդյունքներից առաջինը, ինչպես արդեն նշեցի, Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն է, որը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված առաջին միջպետական իրավական դե յուրե պարտադիր նշանակություն ունեցող փաստաթուղթն է: Եվ երկրորդ գործողությունը՝ մենք ունենք խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստ: Եվ մեր գործողությունները շարունակելու են ուղղված լինել այդ տեքստը, այդ համաձայնագիրը ստորագրելուն։
Կրկին ուզում եմ ասել հետևյալը, որ եթե մենք հիմա փուլ-փուլ հետահայաց գնանք, կտեսնենք, որ օրինակ Կիրանց – Ոսկեպար հատվածում սահմանազատումից, բուն գործընթացից առաջ կար շատ մեծ հոռետեսություն։ Սահմանազատումը տեղի ունեցավ, և ունեցավ մի արդյունք, որը մենք ոչ թե փորձում ենք թաքցնել հանրությունից, այլ ընդհակառակը՝ իմ հանձնարարությամբ Անվտանգության խորհրդի գրասենյակը հանրության տարբեր խմբերի՝ գիտնականներ, ուսանողներ, մտավորականներ, փորձագետներ, տուրեր է կազմակերպում դեպի Կիրանց – Ոսկեպար հատված, որպեսզի մենք ցույց տանք, թե այն, որն այդպիսի մեծ հոռետեսություն էր առաջացրել, ինչ արդյունքի է բերել։
Հանրային հ/ը – Պարոն վարչապետ, պարզապես այս դեպքում հոռետեսությունը նաև Ձեր թիմակիցների ներսում կա, նրանք ասում են՝ Ադրբեջանն անգամ այդ զիջումներից հետո չի ստորագրելու այս պայմանագիրը: Հիմա ընդդիմախոսներն էլ ասում են՝ ո՞ւմ է պետք, ի՞նչ արժեք ունի այդ թուղթը, եթե անգամ զիջումներից հետո Ադրբեջանը չի ստորագրելու:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իսկ կներեք, ի՞նչ զիջումների մասին է խոսքը։
Հանրային հ/ը – Ընդդիմության մեկնաբանությամբ՝ երկու կետերը, որոնց մենք համաձայնություն ենք տվել, զիջումներ են: Առաջինը՝ միջազգային ատյաններից հայցերը հետ քաշելը, որովհետև նշում են, որ Հայաստանն ավելի ուժեղ դիրքերում է միջազգային ատյաններում: Եվ երկրորդը, գիտեք, համաձայնեցված չէր՝ երրորդ ուժեր չտեղակայելը սահմանին: Հիմա սա համաձայնեցված է, և նշում են՝ Ադրբեջանն այսպես թե այնպես երրորդ ուժեր չէր տեղակայում, իսկ ահա մենք Եվրամիության դիտորդներ ունենք, ու այստեղ հարց է առաջանում՝ սահմանային խորքը ո՞րն է, Եվրամիության դիտորդները կարո՞ղ են կրկին Հայաստանում գործել՝ չլինելով սահմանային դիտարկում իրականացնող ուժ, թե՞ պետք է հեռանան Հայաստանից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նախ արձանագրենք հետևյալը, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում ոչ մի միակողմանի պարտավորություն, ընդ որում՝ ո՛չ Ադրբեջանի, ո՛չ մեզ համար, չկա։ Երկրորդը՝ տպավորությունը, թե Հայաստանի սահմանի երկայնքում Ադրբեջանի կողմից երրորդ ուժեր չեն եղել, համենայնդեպս, մենք ժամանակ առ ժամանակ տեսել ենք և դիտարկել ենք երրորդ ուժի ներկայացուցիչներ, դրոշներ և այլն: Երրորդը՝ Եվրամիության դիտորդական առաքելությանը Հայաստան հրավիրել է մեր Կառավարությունը, ես եմ հրավիրել և ես շնորհակալ եմ նրանց մեր այդ հրավերին արձագանքելու համար:
Բայց մյուս կողմից պետք է մենք նպատակից գանք՝ ի՞նչ նպատակով ենք Եվրամիության դիտորդներին հրավիրել Հայաստան, տեղակայվելու և աշխատելու Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով՝ որպես կայունության և ինչ-որ առումով խաղաղության միջոց և գործոն: Եվ հիմա ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ երրորդ կողմերի ներկայացուցիչների ներկայության մասին դրույթն ուժի մեջ է մտնելու խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո։ Այսինքն՝ մինչև այդ կետը, համենայնդեպս՝ այս հարթության մեջ, որևէ խոչընդոտ չկա, որ Եվրամիության դիտորդներն աշխատեն։
Հանրային հ/ը – Իսկ դրանի՞ց հետո:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Հիմա կանդրադառնամ։ Եվ նաև եկեք չմոռանանք, ինչ նպատակով ենք մենք Եվրամիության դիտորդներին հրավիրել՝ որպես խաղաղության և կայունության գործոն։ Եթե մենք այդ համաձայնագրի ստորագրման արդյունքում ստանում ենք մեր սահմաններին խաղաղության և կայունության ավելի ուժեղ գործոն, ավելի հուսալի գործոն, շատ անտրամաբանական կլիներ, եթե մենք երկարաժամկետ ինստիտուցիոնալ խաղաղությունը չնախընտրեինք և նախընտրեինք միջանկյալ գործոնը, որը շատ կարևոր գործոն է։ Այսինքն՝ մեր նպատակն այն է, որ մեր սահմանի երկայնքով ունենանք խաղաղություն և կայունություն: Եվ երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը, մենք այլևս կունենանք ինստիտուցիոնալ խաղաղություն և կայունություն, և այդ պայմաններում Եվրամիության մեր հարգելի դիտորդներին կարող ենք կամ նեղություն չտալ կամ ավելի պակաս նեղություն տալ։
Հանրային հ/ը – Նեղություն չտալը հասկացա, որ գնում են, պակաս նեղություն տալը ի՞նչ է ենթադրում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ո՞ւր են գնում։
Հանրային հ/ը – Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը ենթադրում է, որ նրանք հեռանո՞ւմ են երկրից։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Եվրամիության դիտորդներին նեղություն չտալը նշանակում է, որ այդ նեղություն տալու անհրաժեշտությունը, ըստ էության, չկա: Եվ երկրորդ՝ նշանակում է, որ Հայաստանն ու Եվրամիությունը կպայմանավորվեն դիտորդական առաքելության հետագա ճակատագրի և գործունեության ձևերի, մեթոդների մասին։
Հանրային հ/ը – Դեռ որոշում չկա։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, դեռ որոշում չկա, բայց նաև ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության տարածքում դիվանագիտական կամ երրորդ երկրների, կամ երրորդ կողմերի հետ մեր հարաբերությունները մեր ինքնիշխան հարաբերությունների հարցն է, և դրանք երկկողմ մակարդակում կքննարկվեն ու լուծումներ կստանան։
Ինչ վերաբերում է միջազգային ատյաններից հայցերի հետ քաշման խնդրին՝ դա վերաբերում է միջպետական հայցերին: Եվ հարցը հետևյալն է՝ այդ հայցերն ինչի՞ համար են: Այդ հայցերը, մեծ հաշվով, խաղաղություն և կայունություն հաստատելու համար են կամ խաղաղություն և կայունություն հաստատելու ճանապարհին խնդրահարույց գործոնները հասցեագրելու, լուծելու համար են։ Եթե կա խաղաղություն, ուրեմն պետք է հենվել խաղաղության տրամաբանության վրա։ Այսինքն՝ նկատի ունեմ, մենք երբեմն նպատակները և միջոցները խառնում ենք իրար: Այսինքն՝ շատ տարօրինակ կլիներ հրաժարվել նպատակից և նախընտրել միջոցը։
Հանրային հ/ը – Դուք նաև գրառում եք արել, որ պատրաստ եք ստորագրել փաստաթուղթը: Դա մեկնաբանությունների տեղիք է տվել, թե պատրաստ եք միակողմանի ստորագրել փաստաթուղթը, այդպե՞ս է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Տեսա, որ նման մեկնաբանություններ կան և ճիշտն ասած, իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել: Ես չգիտեմ, նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել: Բայց պետք է ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։
Հանրային հ/ը – Այսինքն՝ Դուք պարզապես Ձեր պատրաստակամության մասին եք հայտնել՝ Հայաստանը պատրաստ է ստորագրել հենց այս պահին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Խաղաղության համաձայնագիրն ունի երկու կողմ: Ես նորից եմ ասում՝ այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգել՝ ընդհանրապես այդպիսի պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթն ունի երկու կողմ։ Իմիջիայլոց, նաև շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու Հայաստանի Կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը և այլն։
Հանրային հ/ը – Ես պատրաստվում էի Ձեզ հարցնել, գոնե ընդդիմադիր պատգամավորները ծանոթանան, որոնք նախկինում ունեցել են այդ հնարավորությունը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Շատ պարզ պատճառով, որովհետև այդ թուղթն ունի երկու տեր: Տերերից մեկը Հայաստանի Կառավարությունն է, տերերից մյուսը՝ Ադրբեջանի Կառավարությունն է, և այստեղ առնվազն այս հարթությունը կա, և եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, և նրանք կարդալուց հետո դուրս են գալիս ու սկսում ասուլիսներ տալ, հայտարարություններ անել փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։ Այսինքն՝ այստեղ էլ վստահության հարց կա, կրկնակի, եռակի, քառակի էներգիա ենք ծախսելու՝ ապացուցելու համար, որ կամ ճիշտ չեն հասկացել, կամ ընդհանրապես իրենց կարդացածը չեն փոխանցում։ Ես նկատի ունեմ՝ սա էլ է շատ կարևոր վստահության հարց։
Մենք նախկինում՝ դեռ այն ժամանակ, երբ չէինք հայտարարում, որ այդ նախագծի տակ ես պատրաստ եմ դնել իմ ստորագրությունը, պատկերացրեք, դա աշխատանքային իրավիճակ է, այսինքն՝ այդ փաստաթուղթը, այդ վիճակում մեծ հավանականությամբ երբեք ուժի մեջ չէր մտնելու։ Եվ ահա այդ աշխատանքային վիճակում մենք ցուցաբերել ենք թափանցիկություն այնքանով՝ ինչքանով դա հնարավոր է: Իմանալով ընդդիմության խոսույթը և վերաբերմունքը՝ մենք տրամադրել ենք, հնարավորություն ենք ստեղծել, որպեսզի այդ փաստաթղթին ծանոթանան, և դրանից հետո արվում են հայտարարություններ, որոնք բացարձակապես կապ չունեն իրականության և Կառավարության մտադրությունների հետ, և տեղի է ունենում վստահության խաթարում։ Այսինքն՝ ինչի համար մենք ստեղծենք իրավիճակ, երբ այն ուժերը, որոնց հիմնական խնդիրը խաղաղության գործընթացը և նրա էությունն աղավաղելն է, դա անելու ևս մեկ հնարավորություն ստանան։
Հանրային հ/ը – Չե՞ք քննարկում արդյոք Ադրբեջանի հետ փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գիտեք ինչ, Ադրբեջանի հետ այնքան հարց կա քննարկելու, որ չեմ կարծում, թե ճիշտ է այդ փաստաթուղթը հանրայնացնելուց սկսել: Իրականում մենք Ադրբեջանի հետ քննարկում ենք փաստաթուղթը հանրայնացնելու հնարավորությունը, որովհետև առաջարկում ենք, որ ստորագրենք, որովհետև հենց ստորագրեցինք, այն կհանրայնացվի, և պատկերացրեք ինչ աստիճանի մտավախություն չունենք այդ առումով, որ մենք պատրաստակամությունն ենք հայտնում ստորագրել և հրապարակել։
Այսինքն՝ մենք կողմ ենք ինստիտուցիոնալ հրապարակմանը՝ ստորագրվեց, հրապարակվեց, բայց մյուս կողմից ես ուզում եմ մենք խաղաղության համաձայնագիր ինստիտուտի վերաբերյալ ունենանք ճիշտ պատկերացում, նորից եմ ասում, երկու կողմ ունի և ենթադրվում է, որ երկու կողմ պետք է ստորագրեն: Ես նկատի ունեմ, որ մեր իրականության մեջ նախորդող շրջանում անընդհատ առաջնորդվել ենք հաղթանակ՝ պարտություն, դիվանագիտական հաղթանակ՝ դիվանագիտական պարտություն, հաղթանակ՝ կապիտուլյացիա: Ես ուզում եմ ասել, որ խաղաղության համաձայնագրի տեքստն այս տերմինաբանությամբ ընկալելու փորձերն իրենք սին են, որովհետև եթե հիմա և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բանակցություններն ավարտել են համաձայնեցված տեքստով, նշանակում է՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը համարել են, որ դա իրենց ձեռնտու փաստաթուղթ է, այսինքն՝ իրենք համաձայնեցրել են խաղաղության հենասյուները և արձանագրել, որ այդ հենասյուների շուրջ խաղաղություն հաստատելուն համաձայն են։
Հանրային հ/ը – Ճիշտ եք ասում պարոն վարչապետ, բայց դրան հետևում է Ադրբեջանի նույն խոսույթը, որ չի հրաժարվում նախապայմաններից, ասում է՝ կստորագրեմ, եթե՝ ու գնում են եթեները, օրինակ՝ եթե Սահմանադրությունը փոխենք կամ չգիտեմ՝ նորն ընդունենք, Մինսկի խումբը լուծարենք, որին, ըստ էության, Հայաստանն ասել է՝ դեմ չեմ, եթե ստորագրենք՝ նոր: Բայց չեք կարծո՞ւմ, որ հիմա էլ այս պայմանները կատարելուց հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշելու, օրինակ ասելու է՝ ադրբեջանցիները վերադառնան Հայաստանի արևելք, որ ինքը արևմտյան Ադրբեջան է կոչում, «Զանգեզուրի միջանցքն» ուզի։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք ասել ենք, որ կան հարցեր, որոնք քննարկելի են, և կան հարցեր, որոնք քննարկելի չեն։ Հիմա, օրինակ՝ ո՞ր հարցերն են, որ քննարկելի են. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության լուծարման հարցը հստակ քննարկելի հարց է, ինչո՞ւ է քննարկելի, որովհետև մենք գնում ենք խաղաղության, իսկ մենք գնում ենք խաղաղության, այդ ֆորմատն իր արդիականությունը կորցնում է։ Ընդ որում՝ այստեղ էլ մենք պետք է որոշակի ճկունություն ցուցաբերենք, որպեսզի նպատակը չխառնենք միջոցի հետ։
Մենք ի՞նչ ենք ասում, ասում ենք՝ ըստ էության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եթե շատ ուղիղ ձևակերպենք՝ առանց սրբագրումների կամ առանց շպարի, նրա մասին է, որ Ադրբեջանի տարածքում կա կոնֆլիկտային իրավիճակ։ Եվ մենք ասում ենք՝ քանի որ ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Ադրբեջանն էլ մեր տարածքային ամբողջականությունն է ճանաչել, մենք պատրաստ ենք արձանագրել և արձանագրում ենք, որ այդ կոնֆլիկտային իրավիճակը չկա: Բայց մենք ուզում ենք լրացուցիչ համոզվել, որ Ադրբեջանի նպատակադրումն այն չէ, որ սեփական տարածքում կոնֆլիկտային իրավիճակի հասցեագրումն ամփոփելով՝ կոնֆլիկտային իրավիճակ ստեղծի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում: Սա կարևոր նրբություն է, բայց ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելը, դա քննարկելի և օրակարգային հարց է, և մենք ինքներս էլ կնախաձեռնենք առաջիկայում այդ հարցը քննարկելը։ Ժամկետը երբ, ոնց, ինչպես, նորից եմ ասում, ժամկետը նպատակ չէ:
Հանրային հ/ը – Ներողություն, այսինքն՝ արդեն համաձա՞յն եք մինչև ստորագրելը լուծարել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես նորից եմ ասում, մեր նպատակը ժամկետը չէ, մեր նպատակը բովանդակությունն է, այսինքն՝ բովանդակությունը երբ կհասցեագրվի, մենք պատրաստ ենք, կամ բովանդակության հասցեագրման ի՞նչ մեխանիզմ կգործի, եթե այդ մեխանիզմը հուսալի և վստահելի կթվա, իհարկե՝ մենք պատրաստ ենք նաև գնալ որոշակի լուծումների։
Հիմա ի՞նչը քննարկելի չէ։ Օրինակ՝ տեսեք, ես նախկինում ասել եմ, որ նույն արևմտյան Ադրբեջան խոսույթի ներքո որևէ բան մեզ համար քննարկելի չէ, ինչո՞ւ, որովհետև երբ մեր երկրի տարածքի 60%-ն անվանում են արևմտյան Ադրբեջան, դա մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում է, և չեմ կարծում, թե որևէ երկիր որևէ երկրի կարող է առաջարկել քննարկել նրա ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը և տարածքային ամբողջականությունը, մանավանդ որ արդեն իսկ և դե յուրե ուժի մեջ մտած փաստաթղթով, և արդեն համաձայնեցված խաղաղության համաձայնագրի տեքստով այդ խնդիրը, նկատի ունեմ՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, տարածքային պահանջների բացակայություն, պարտավորություն, ապագայում առաջ չքաշել տարածքային պահանջներ, և էլի ուրիշ դրույթներ, այդ խնդիրները լուծված են:
Ինչ վերաբերում է Սահմանադրության հարցին, նորից բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստն այդ հարցի շատ էական պատասխաններ է պարունակում, բայց հարցը ո՞րն է, օրինակ՝ մենք տեսնում ենք և մեր գնահատականն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում, նկրտումներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
Հանրային հ/ը – Բայց պայմանագրում նշվում է, որ գերակա նշանակություն ունի պայմանագիրը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պայմանագրում նախ նշվում է, որ կողմերը Խորհրդային Միության, ըստ էության, սահմաններով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և պարտավորվում են ապագայում էլ նման տարածքային պահանջներ չառաջադրել: Եվ բացի դա՝ կողմերը չեն կարող իրենց ներքին օրենսդրությանը հղում անել տվյալ համաձայնագրի պարտավորությունները չկատարելու համար։ Սա առաջինը։
Երկրորդը, մեր Սահմանադրական դատարանի, եթե չեմ սխալվում 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմամբ արձանագրվել է, որ մեր Սահմանադրությունը չունի տարածքային պահանջներ որևէ հարևանի նկատմամբ։ Եթե ունենար, Սահմանադրական դատարանը չէր կարող երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ հղում է արվում Ալմա-Աթայի հռչակագրին, որի իմաստն այն է, որ երկրներն անկախություն են ստանում խորհրդային հանրապետությունների տարածքով, չէր կարող Սահմանադրական դատարանն այդ դրույթը համարել Սահմանադրությանը համապատասխանող։
Բայց այստեղ էլ որոշակի շփոթ կա, որովհետև մեր ներքին քաղաքական օրակարգում 2018 թվականից, 2020-ից կա նոր Սահմանադրություն ընդունելու մասին օրակարգ, խոսույթ, և մենք գնալու ենք այդ օրակարգին: Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, չնայած՝ այդ էլ պիտի ասեմ, որ կան, այդ թվում՝ քաղաքական թիմում, ձայներ, կարծիքներ, թե ինչո՞ւ ենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ և համատեղ, որն ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ սա բացառապես մեր ներքին օրակարգի հարցն է, չնայած մյուս կողմից պետք է նաև խոստովանեմ, որ սա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Եվ հետևաբար, անդրադառնալով այն հարցին, թե Ադրբեջանը կարող է նորանոր պահանջներ առաջ քաշել՝ վերադառնալով արդեն խաղաղության օրակարգին, Ադրբեջանը կարող է նորանոր հարցեր բերել օրակարգ, բայց չի նշանակում, որ այդ բոլոր հարցերը մեզ համար քննարկելի են։
Շատ կարևոր է, նորից ասում եմ՝ նպատակը և միջոցը պետք է չխառնենք և չշփոթենք իրար հետ։ Մեծ հաշվով՝ նույն ԵԱՀԿ Մինսկի խումբն ինքը ձևավորվել է որպես խաղաղության գործիք՝ իր տրամաբանությամբ, խաղաղության հասնելու գործիք։ Եթե մենք ունենք խաղաղություն, ինչո՞ւ պիտի, հասկանո՞ւմ եք, ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը։
Հանրային հ/ը – Չէ, եթե ունենք խաղաղություն, խնդիր չկա դրանում, բայց եթե կողմերից մեկը չի ուզում խաղաղություն, կողմերից մեկն անընդհատ նոր նախապայմաններ է առաջադրում, իսկ այդ նախապայմաններն առաջադրելն արդեն նշան է, որ չի ուզում խաղաղություն, որովհետև սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի, սա էլ պետք է լինի։ Հիմա ո՞րն է ապագայի նկատմամբ Հայաստանի տեսլականը, մինչև ո՞ւր զիջել, եթե չենք զիջում, բայց Ադրբեջանը շարունակում է…
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ի՞նչն ենք զիջել, ասեք:
Հանրային հ/ը – Տեսեք, եթե Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջադրում, նկատի ունեմ այդ նախապայմանների մի մասը սկսենք կատարել, դա զիջում է լինում, չէ՞, այս արեք, հետո Ադրբեջանը նոր նախապայմաններ է առաջ քաշում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մի րոպե, կներեք, հիմա այս իմ նկարագրածի մեջից մենք ի՞նչ ենք զիջել: Դա էլ է շատ կարևոր խոսակցություն, այդ զիջումների թեմային պետք է շատ լրջորեն վերադառնանք, ընդ որում՝ սկսած 2020 թվականից և նրան նախորդող շրջանից, որովհետև զիջել ենք ի՞նչը, որովհետև՝ սկսած Լեռնային Ղարաբաղից, մենք այս հարցին էլ պետք է, ի վերջո, անդրադառնանք և գնահատական տանք, երբ ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս։
Մենք այս իրադրությանը պե՞տք է գնահատական տանք։ Սա շատ կարևոր ֆունդամենտալ խոսակցություն է, և այս ֆունդամենտալ խոսակցության մասին է իրականում նաև «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, որովհետև նույն Կիրանց-Ոսկեպար հատվածում ի՞նչ ենք զիջել, մենք որևէ բան զիջե՞լ ենք, իսկ եթե զիջել ենք, ի՞նչ ենք զիջել։ Սա շատ կարևոր հարց է, ես չեմ հավակնում, որ այսօր մենք այս հարցին անդրադառնանք, բայց ես պատրաստ եմ մի օր հատուկ այս թեմայով նստենք, ի վերջո, բաց խոսենք, ընդ որում՝ հանրության հետ էլ եմ պատրաստ ես այս քննարկումը ունենալ, որովհետև պետք է հասկանանք՝ լավ, այդ քաղաքական՝ զիջել, զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել։ Ես կարծում եմ, Գյումրիում առաջին անգամ ես համարեցի, որ բավարար չափով իրավիճակը վերլուծել եմ և պատասխաններ ստացել եմ, և այդ առումով ինքս ինձ իրավունք վերապահեցի բարձրաձայնել մի նախադասություն, որ այո՛, մենք շա՜տ կորուստների միջով ենք անցել, բայց մենք պետք է արձանագրենք նաև, թե ի՞նչ ենք ձեռք բերել կամ ի՞նչ ձեռք բերելու ճանապարհին ենք մենք։
Ես միանշանակ ասում եմ, ես արդեն յոթ տարի Հայաստանի Հանրապետության վարչապետ եմ և այսօր ասում եմ, որ իմ կարծիքով, և վստահ եմ դրանում, որ Հայաստանի Հանրապետությունն այսօր շատ ավելի անկախ և ինքնիշխան պետություն է։ Այն բոլոր, այն՝ ինչ որ մենք անվանում ենք չզիջման շրջան, այդ թվում՝ իմ վարչապետության շրջանում, մենք այդ բոլոր ժամանակաշրջանում զիջած ենք եղել մեր ունեցած ամենակարևորը՝ մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը և մեր պետականությունը։
Պետք է հասկանանք, ի վերջո, պե՞տք է մենք մեզ հետ մի անգամ խոսենք այս ամեն ինչի մասին։ Հետևաբար, ասեք ի՞նչն ենք զիջել։ Ես պատրաստ եմ տող-տող գնալ։ Իսկ այն, որ ես ասում եմ կորուստ, այո, մենք կորուստներ ունեցել ենք և առաջին հերթին նկատի ունեմ մեր նահատակներին, որոնք անվերադարձ զրկվել են իրենց կյանքից, բայց մենք պետք է հասկանանք նաև, սա էլ է շատ կարևոր, ես ինքս ինձ հարց եմ տվել` լավ, ինչի՞ համար զոհվեցին այդ տղաները, և ինքս ինձ համար գտել եմ, ոչ թե գտել եմ, ոչ թե ստեղծել եմ, հորինել եմ, այլ եկել եմ այդ հարցի պատասխանին՝ անկախության համար, ինքնիշխանության համար, պետություն ունենալու համար, պետություն ունենալու շանս ունենալու համար, խաղաղության համար։
Այն ժամանակներում, որ մենք չենք զիջել, մենք չենք ունեցել ոչ միայն խաղաղություն, այլև խաղաղություն ունենալու շանս։ Մենք չենք ունեցել պետություն ունենալու հեռանկար, և այն բանակցային առաջարկները, որոնք 2018 թվականի դրությամբ սեղանին դրած են եղել, իրականում ես ասել եմ ինչ-որ ձևով, հիմա էլ կկրկնեմ, դրանք ոչ թե Լեռնային Ղարաբաղի մասին են եղել, այլ դա Հայաստանի ինքնիշխանությունը և անկախությունը ևս մի աստիճանով նվազեցնելու մասին են եղել, այն թոկը, որի մասին ես խոսել եմ Ազգային ժողովի ամբիոնից, այդ թոկի և քփությունը, այսինքն՝ թոկը վզից կապված և այդ գոտին ավելի նեղացնելու և պարանի երկարությունն ավելի կարճացնելու մասին են եղել։
Հանրային հ/ը – Եթե կարելի է, զիջման մասին կարճ հարց տամ և վերջին հարցին անդրադառնանք, պարոն վարչապետ: Զիջելը կամ կոմպրոմիսի գնալը, լավ ու վատ բանի մասին չեմ խոսում, եթե Հայաստանը երկու կետերը, որոնք Ադրբեջանն է առաջարկում, համաձայնում է, գնում է զիջման,
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես համաձայն չեմ դրա հետ:
Հանրային հ/ը – Ներողություն ասեմ բոլորը, երկրորդը՝ զիջում է, երբ գերիների հարց չենք քննարկում, զիջում է, երբ Ադրբեջանին չենք պարտադրում, որպեսզի մեր օկուպացված տարածքներից հեռանա, ասում ենք՝ դա կթողնենք սահմանազատմանը, բայց Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, շարունակում է իր նույն խոսույթը՝ սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, սա էլ պետք է անեք, հետո կմտածենք՝ ստորագրել, թե ոչ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք պետք է X պահից դադարենք աշխարհը ընկալել Ադրբեջանի բառապաշարով, խոսույթով և բանաձևերով։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ ըստ էության ես հասկանում եմ, որ ցավոք մեր որոշ քաղաքական ուժեր ամեն ինչ անում են, որ Հայաստանի հանրությունը, աշխարհը և մեր իրականությունը և տարածաշրջանը ընկալի Ադրբեջանի առաջարկած բանաձևերով։ Այս, ինչ որ նոր խոսում էինք, հարցի դիտանկյունի մասին էր խոսքը։
Երկրորդը, իրականությանը չի համապատասխանում, որ մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում, չի համապատասխանում դա իրականությանը պարզապես։ Ես նորից բոլորիս հրավիրում եմ վերադառնալ 2023 թվականի դեկտեմբերի քանի՞սն էր, որ մեր 32 գերեվարված եղբայրները վերադարձան Հայաստանի Հանրապետություն։ Այ եթե պատկերացնենք, որ նրանց վերադառնալուց մի օր կամ հինգ ժամ առաջ ես որևէ հանգամանքով ստիպված լինեի պատասխանել այդ հարցին, ես կտայի մի պատասխան, որը բացարձակապես բավարար համարել չէր կարելի, որովհետև նախկինում էլ՝ 2020 թվականի դեկտեմբերին, այս հարկի կողքի դահլիճում գերեվարված անձանց հարազատների հետ հանդիպման ժամանակ ես ասել եմ՝ կոնկրետ օր եմ ասել, ասել եմ՝ այսինչ մարդիկ այսինչ օրը հետ կգան և դա տեղի չի ունեցել, և դա եղել է առաջին ու վերջին անգամը, երբ ես այդ թեմայով որևէ բան խոստացել եմ, որովհետև ես հասկացել եմ, որ եթե մի բան, որը մեր որոշման տիրույթում չէ, շատ սխալ է կոնկրետ ակնկալիքներ առաջացնելը։
Ավելի լավ է անորոշությունների համար քննադատությունների տակ մնալ, քան ակնկալիք առաջացնել և հիասթափություն առաջ բերել: Բայց Ձեր հարցը երրորդ կոմպոնենտ ունե՞ր: Հիմա մենք ի՞նչ ենք ասել խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստում և կանոնակարգով։ Ասել ենք, որ մեր սահմանը խորհրդային հանրապետությունների սահմաններն են: Եվ մենք ասել ենք, որ Ալմա-Աթայի հռչակագիրը բազային սկզբունք է և այս սահմանով մենք պետք է իրականացնենք սահմանազատում։
Ասել, որ բոլոր տեղերում մենք ճշգրիտ կանգնած ենք այդ սահմանի վրա, ճշգրիտ՝ միլիմետրի տարբերությամբ, սահմանի վրա, իսկ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այդ սահմանի վրա, այդքան էլ ճիշտ չէ։ Տեսեք, Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը պատրաստվում է ուժային գործողության, ուժային սցենարի, մենք ասում ենք՝ մեր օրակարգում եղած ո՞ր հարցը մենք պետք է ուժային սցենարով փորձենք լուծել: Այսինքն՝ պետք է դու օրակարգում ունենաս հարց, որն ուժային սցենարով պետք է լուծես: Եթե մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա և Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների սահմանով, ի՞նչ խնդիր ենք մենք փորձելու լուծել ուժային ճանապարհով:
Այն հարցը, որը տեսականորեն կարող էր դիտարկվել որպես ուժային լուծման ենթակա սցենար, մեր ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների ազատագրումն է: Բայց մենք ասում ենք՝ մեր օրակարգում նման հարց չունենք և չենք ունենալու: Ինչո՞ւ, որովհետև իմ ասած երկու փաստաթղթերը հնարավորությունները և գործիքները ստեղծել են, որ այս գծից բոլոր այն տեղերում, որտեղ մենք ճշգրիտ կանգնած չենք, այնտեղ, որտեղ կանգնենք, որտեղ Ադրբեջանը ճշգրիտ կանգնած չէ այնտեղ, որտեղ պետք է կանգնի, այդ գծից Ադրբեջանն էլ հետ գնա, մենք էլ հետ գնանք։ Հետևաբար, այստեղ էլ ուժային որևէ սցենար քննարկելն ուղղակի անհեթեթություն է։
Հանրային հ/ը – Պարոն վարչապետ, շատ կարճ՝ եթե Ադրբեջանը համաձայնում է ստորագրել, մեզ երաշխավոր պե՞տք է գործընթացի համար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան –Այն, ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանում, մենք դեռ երաշխավոր անվանվող ինստիտուտին լո՞ւրջ ենք վերաբերում։ Բայց մենք ունեցել ենք, ժողովուրդ ջան, երաշխավոր։ Հետո, ի՞նչ է տեղի ունեցել։
Տեսեք, մենք ասում ենք՝ «մեր պատմությունից դասեր քաղել» նախադասությունը: Հենց ասում ենք «մեր պատմությունից պետք է դասեր քաղել», միանգամից գնում ենք չորրորդ դար, երրորդ դար, չգիտեմ … Պետք չէ գնալ չորրորդ դար, երրորդ դար։ Պետք է գնալ 2022 թվական, պետք է գնալ 2021 թվական, պետք է գնալ 2020 թվական: Այսինքն՝ ես ասում եմ, որ Հայաստանի անվտանգության մի երաշխավոր կա, դա ինքը՝ Հայաստանի Հանրապետությունն է, որն ի վիճակի է իր հարևանների միջավայրում ապրել առանց արտաքին օգնության, առանց արտաքին միջամտության։
Խաղաղությունն է երաշխավորը, հասկանու՞մ եք։ Չկա խաղաղությունից ավելի գործուն գործիք երաշխավորելու անվտանգությունը, չկա պարզապես նման գործիք։ Եվ հետևաբար, այդ հասկացությունները, հասկանու՞մ եք, փոխվում են, ժամանակը փոխում է: Մենք էլ ենք խաղաղության համաձայնագրի… իմիջիայլոց, հիշենք, որ անունը համաձայնագիր, արդեն համաձայնեցված տեքստ ունենք, որովհետև այն ժամանակ նույնիսկ վերնագրի հետ կապված տարբեր տարբերակներ են եղել: Հիշենք փաստաթուղթը, որն արդեն համաձայնեցված է, դրված է սեղանին և սպասվում է ստորագրության, կոչվում է՝ խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիր։ Մենք էլ էինք, այն ժամանակ այդպիսի հոդվածներ ունեինք, քննարկում, քննարկում, քննարկում էինք: Մենք քննարկում էինք, այնտեղ աշխարհում ինչ-որ բաներ էին տեղի ունենում։ Քննարկում էինք, մեկ էլ մի պահ ասացինք՝ մի րոպե, եկեք նայենք՝ արդյոք մեր աչքի առաջ փոփոխվող աշխարհի հետ մեր պատկերացումները նույնպես պետք է չփոխվեն։ Հետո տեղի ունեցավ 2022 թվականը։ Հետո տեղի ունեցավ այն, որ մենք փուլ-փուլ սառեցրինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է եղել դե յուրե:
Ի՞նչ, մենք ուզում ենք նորից նույն պատմության մեջ մտնե՞լ։ Ո՛չ, ես համաձայն չեմ դրա հետ։ Խաղաղություն, ինստիտուցիոնալ երկարաժամկետ խաղաղություն, հարևանների միջավայրում ապրելու հմտություն և կարողություն, և իհարկե, նաև պաշտպանունակ բանակ, որի բարեփոխումները մեծ թափով տեղի են ունենում: Իմիջիայլոց, շատ հետաքրքիր է, սա այն դեպքերից է, որ Հայաստանում ոչ մեկ դա չի նկատում: Այն բանաձևերը, որ ես ասում եմ՝ դրսից ներմուծվող բանաձևերով ենք մենք մտածում, բայց այս դեպքում դրսից եկած ինֆորմացիան մենք չենք նկատում։
Հայաստանի Կառավարությունը լուռ է ընդհանրապես բանակի բարեփոխումների ոլորտում ինչ է տեղի ունենում, լուռ, բացարձակ։ Մենք էլ այն առաջվա նման չենք, որ մի բան անում ենք… դասեր ենք քաղել մեր սխալներից, ասում ենք՝ տեսեք, այս ենք արել, ոչ մի բան… բայց այստեղ, արդեն այն երրորդ երկրներից եկած տեղեկատվությունը Հայաստանում ոչ մեկ չի նկատում, ոչ մեկ ոչ տեսնում է, ոչ լսում է, չկա այդպիսի բան։ Տեղեկատվությունը միայն նրա մասին է, որ Հայաստանը զիջեց, Հայաստանի Կառավարությունը տվեց և այլն:
Բայց ես նորից ասում եմ, օգտվելով առիթից, այս խոսակցությունը պետք է տեղի ունենա և «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը նաև դրա մասին է։ Եկեք, ժողովուրդ ջան, հասկանանք՝ ինչի մասին է խոսույթը։ Ի՞նչն ենք մենք զիջել։ Եվ սա շատ կարևոր խոսակցություն է, և ես ուղիղ ասում եմ Ձեզ երաշխավորի հետ կապված իմ վերաբերմունքը՝ խաղաղությունն է երաշխավորը: Բայց կրկին ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը որևէ կերպ չի կարող վտանգել խաղաղությունը, որովհետև ես հստակ ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս որևէ խնդիր չունի լուծելու, ներառյալ՝ չունի խնդիր լուծելու կապված Հայաստանի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքների վերաբերյալ, որովհետև ինչպես արդեն ասացի՝ սահմանազատման դե յուրե գործընթացը ստեղծել է բոլոր հնարավորությունները, որ այդ խնդիրը լուծվի սահմանազատման գործընթացում: Եվ սա այն վերջին գործոնն է և հանգամանքը, որն ինձ հիմք է տալիս ասելու, որ տարածաշրջանում էսկալացիայի և էսկալացիայի հնարավորության մասին բոլոր խոսակցությունները, գնահատականները, պնդումներն արհեստական են և մտացածին:
Հանրային հ/ը – Շնորհակալ եմ պարոն վարչապետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես եմ շնորհակալ: