Տիգրան Ուլուբաբյանի փաստաբան Ռոման Երիցյանն այսօր՝ մարտի 21-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հայտարարություններին՝ դեպքի առնչությամբ։
Նշենք, որ ՆԳՆ նախարարը հայտնեց, որ Ուլուբաբյանի կողմից հայտարարված՝ իր նկատմամբ կատարված գործողությունները փորձագետները չեն հաստատել։
Մինչդեռ փաստաբան Ռոման Երիցյանն ասում է, որ կան բժշկական թղեր, որոնցում առկա է այն փաստը, որ Տիգրան Ուլուբաբյանն ունեցել է սալջարդեր։
«Զարմանում եմ՝ ինչո՞ւ վերջինս չի անդրադարձել, օրինակ, ԲԿ-ից առկա բժշկական փաստաթղթերին, չի անդրադառնում այն հարցին, որ այս վարույթը նախխաձեռնվել է ԲԿ-ից Դատախազություն հասցեագրված գրության և դրան կցված փաստաթղթերի հիման վրա։ Այսինքն, վնասվածքների հիման վրա է վարույթ նախաձեռնվել։ Ինչո՞ւ չի անդրադառնում, որովհետև ունի կանխակալ մոտեցում։ Օբյեկտիվության տեսանկյունից ճիշտ կլիներ, որ հղում չկատարեր փորձագիտական եզրակացությանը, որը հակասում է բժշկական փաստաթղթերում տեղ գտած տեղեկություններին»,-ասաց փաստաբանը։
Անդրադառնալով այն հարցին, որ բռնության հետքեր Տիգարնի մարմնի վրա պետք է մինչև այժմ էլ լինեին, եթե բռնությունը կատարվել է այնպես, ինչպես նկարագրել է Տիգրան Ուլուբաբյանը, փաստաբանը նկատրեց, որ ոստիկանները շատ լավ գիտեն, թե ինչպես խփեն, որ հետքեր շատ չլինեն, բացի այդ, նա նշեց, որ բռնությունը դրսևորվել է նաև մազերը քաշելով, ծնողների հասցեին հայհոյանքներ հնչեցնելով և 7 ժամ անազատության մեջ պահելով։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանը հրավիրվել է Ոստիկանության Վանաձորի բաժին, նրան հայտնել են, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:
Հետագայում Տիգարն Ուլուբաբյանը պատմել է, որ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն մի քանի հոգով ծեծել են, բացի այդ հայոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։