«ՔԿ նախագահը առանձնազրույց է ունեցել Տիգրան Ուլուբաբյանի հետ, նա բավականին լուրջ հանձնարարականներ տվեց քննիչին»․ Ռոման Երիցյան

«Մեզ ընդունեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը և հայտնեց, որ այս գործը գտնվում է իր անմիջական վերահսկողության տակ և վստահեցրեց, որ տարվելու է օբյեկտիվ և արդար քննություն, ինչի վրա ես կասկածում եմ»,-այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ առկա են ոստիկաններին ձերբակալելու հիմքեր, իսկ ՔԿ-ն անհիմն ու ապօրինի հրաժարվում է ոստիկաններին ձերբակալելուց։

«ՔԿ նախագահը բավականին լուրջ հանձնարարականներ տվեց վարույթն իրականացնող քննիչին։ Ես Կոմիտեի նախագահի հետ հանդիպումից գոհ եմ մնացել։ Այսինքն, այն հանձնարարականները, որոնք տրվել են, այդ առումով գոհ եմ մնացել։ ՔԿ նախագահն առանձնազրույց է ունեցել նաև Տիգրան Ուլուբաբյանի հետ։ Նրան վստահեցրել է, որ ամեն ինչ լինելու է օբյեկտիվության և արդարության սահմաններում»,-ասաց փաստաբանը։

Ռոման Երիցյանը հայտնեց, որ ունեն նոր տվյալ և ինքը զրկված չէ դա հրապարակելուց։

«Լոռու բաժնի դատաբժշկական փորձագետը տվել է փորձագիտական եզրակացություն առ այն, որ Տիգրան Ուլուբաբյանի մոտ մարմնական որևէ վնասվածք չի հայտնաբերվել։ Այն ինչ, հիշեցնեմ, որ այս վարույթը նախաձեռնվել է հիվանդանոցից տրված համապատասխան գրության հիման վրա։ Հիվանդանոցն արձանագրել է վնասվածքները։ Փորձագետն ասել է, որ հիմնավորված չեն հիվանդանոցի արձանագրած սալջարդերը»,-ասաց նա։

Փաստաբանը պահանջել է կրկնակի փորձաքննություն։

Նա նաև հերքեց լրատվամիջոցների այն հրապարակումները, թե Տիգրան Ուլուբաբյանը նախկինում ունեցել է դատվածություն։

Հիշեցնենք, որ մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանը հրավիրվել է Ոստիկանության Վանաձորի բաժին, նրան հայտնել են, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:

Հետագայում Տիգարն Ուլուբաբյանը պատմել է, որ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն մի քանի հոգով ծեծել են, բացի այդ հայոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել