Առաջարկվում է ձերբակալված և կալանավորված անձանց պահելու վայր ընդունելիս իրականացնել պարտադիր բուժզննում․ ՆԳՆ

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի դեմ պայքարի շրջանակներում լրացուցիչ կարևոր գործիքակազմ։

Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ ձերբակալված և կալանավորված անձինք ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս բոլոր դեպքերում ենթարկվեն բժշկական զննության, այլ ոչ թե միայն այն դեպքում, երբ նրանց մոտ հայտնաբերվում է մարմնական վնասվածք, ինչպես նախատեսված է գործող օրենքով։

Նախագծի համաձայն՝ ձերբակալված անձինք պետք է բժշկական զննության ենթարկվեն ձերբակալված անձանց պահման վայր բերվելուց հետո՝ ոչ ուշ, քան 3 ժամվա ընթացքում, իսկ կալանավորված անձինք՝ կարանտինային բաժանմունք տեղափոխվելուց հետո՝ ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում:

Նախագծով նախատեսվում է նաև ենթադրյալ խոշտանգման կամ վատ վերաբերմունքի դեպքերը բժշկի կողմից արձանագրելու գործիքակազմ:
Արմեն Ղազարյանի խոսքով՝ ներկայում Ներքին գործերի նախարարության ձերբակալվածների պահման վայրերում բժշկական զննությունն իրականացվում է շտապ բժշկական օգնության ծառայության բժիշկների միջոցով, ինչը Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն դիտարկում է որպես դրական պրակտիկա: Այդ հանգամանքը արձանագրված է եղել Կառավարության որոշմամբ, այժմ առաջարկվում է ամրագրել օրենքում։

Օրենքի նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել