Տիգարն Ուլուբաբյանն առերեսում ունեցավ երկու ոստիկանի հետ։ Այս մասին լրագրողներին հայտնեց փաստաբան Ռոման Երիցյանը։ Նա նշեց, որ մի քանի հետաքրքիր հանգամանք է պարզ դարձել։
«Մանավորապես պարզ դարձավ, որ Լոռու մարզային վարչության շենքում տեղադրված են մի քանի տեսախցիկներ, բայց արձանագրությունը չի պահպանվում, քանի որ տեսախցիկներն աշխատում են բացառապես առցանց ռեժիմով։ Պարզ դարձավ, որ Տիգրան Ուլուբաբյանը ոչ թե տարվել է ոստիկանություն, այլ, ընդամենը հրավիրվել է: Պարզ դարձավ, որ առկա են մի քանի արձանագրություններ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ»,-ասաց փաստաբանը։
Ռոման Երիցյանի խոսքով՝ քրեական վարույթն ուշ նախաձեռնելու և քննչական ակտիվ գործողություններ չնախաձեռնելու հանգամանքներով պայմանավորված՝ բավականին ապացույցներ ոչնչացվել, անհետացել, թաքցվել են։
Նա ասաց, որ խոշտանգման մասով՝ Տիգրան Ուլուբաբյանը պնդել է իր ցուցմունքը, սակայն ոստիկանները չեն ընդունել բռնության փաստն ու ծնողների հասցեին հայհոյանք հնչեցնելը։
Ռոման Երիցյանն ասաց, որ ենթադրյալ ավազակություն կատարողներն արդեն իսկ ոստիկանների կողմից հայտնաբերվել են և Տիգրան Ուլուբաբյանը նրանց հետ որևէ կապ չունի։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին և 15-ին, Տիգրան Ուլուբաբյանը հրավիրվել է Ոստիկանության Վանաձորի բաժին, նրան հայտնել են, թե կապ ունի ավազակային հարձակման հետ:
Հետագայում Տիգարն Ուլուբաբյանը պատմել է, որ ոստիկաններն ասել են, որ հիմա իրեն «մշակելու» են, որ խոստովանի բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման մասնակից լինելու հանգամանքը: Նա նշել է, որ իրեն մի քանի հոգով ծեծել են, բացի այդ հայոյանքներ են հնչեցրել նրա հասցեին։