ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին, ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել 7 դրվագով, որոնցից մեկը վերաբերում է ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մեդալներին, որով մեղադրանք է առաջադրվել նաև Գագիկ Գալստյանին և Վազգեն Պողոսյանին։
Iravaban.net-ի հետ զրույցում վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ այս դրվագով մեղադրանք առաջադրելն անհեթեթություն է, և այստեղ առկա է ժամանակի խզում։ Այս դրվագով ևս վճռաբեկ բողոք է ներկայացվել։
«Սա թերևս ամենացավոտ ասպեկտ է այս քրեական գործով։ Ունենք անվանի ճարտարապետ Ջիմ Թորոսյան, ում հարազատները վերջինիս պատկանող անձնական իրերը Վերնիսաժում վաճառքի էին հանել, ու սա, բնականաբար, Վահագն Վերմիշյանին չէր կարող չհուզել, վերջինս գնել է, մեդալները նվիրել թանգարանին»,-ասաց նա։
Նշենք, որ 2019 թվականի հոկտեմբեր ամսին Վերմիշյանի աշխատասենյակ է եկել Գագիկ Գալստյանը և տեղեկացված լինելով հուշամեդալների ձեռք բերման մասին՝ տվել է 5000 ԱՄՆ դոլար՝ հայտնելով, որ միայն Վերմիշյանը չպետք է միայնակ այդ ծախսը կատարի: Կոմիտեի ղեկավարը չի ցանկացել վերցնել գումարը, քանի որ ֆինանսապես ապահովված է եղել, սակայն Գագիկ Գալստյանին չվիրավորելու համար վերցրել է և խոստացել գումարը նվիրաբերել թանգարանի ֆոնդին: Մեղադրական կողմից նշված մեդալների գնմանը «մասնակցություն ունենալու ցանկությունը» կաշառք է որակվել` Վագեն Պողոսյանի և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:
Այս դրվագով Հակակոռուպցիոն դատարանը նշանակել էր պատիժ՝ 5 տարի ազատազրկմամբ, սակայն Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը նույն դրվագով պատիժը խստացրել է, Վերմիշյանին մեղավոր ճանաչել՝ նրա նկատմամբ պատիժ նշանակվելով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում է պահանջել։
Մանրամասները՝ տեսանյութում։