Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում այսօր՝ հունվարի 23-ին, դատավոր Լիլի Դրմեյանի նախագահությամբ, շարունակվեց նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը միջնորդություն ներկայացրեց, որով խնդրում էր գործում ներգրավել նախկին Գլխավոր դատախազի վարորրդ Մարտուն Բադալյանին՝ որպես գործին ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ։
«Դատական պրոցեսի ընթացքում, մասնավորապես, մի շարք դրվագներում, նաև հայցադիմումում արձանագրվել է վերջինիս գույքային միավորի առկայությունը և դրա փաստի վերագրումը դատավարության այս կամ այն մասնակցին։ Մեր կողմից, բանականաբար, չի ընդունվել, հետևաբար այդ հանգամանքը վերջինիս գույքային միավորի վերաբերյալ առկա վեճի պայմաններում և ներկայացված պահանջը, որը վերաբերում է իմ վստահորդին, մեծ հաշվով գույքային իրավունքի նկատմամբ անուղղակի վեճ է։ Գտնում եմ, որ դրա շրջանակներում մատնանշված սյուբեկտի իրավունքները ուղղակիորեն և անուղղակիորեն առնչվում են գործին։ Այդ խնդրով ավել հիմնավորումներ չներկայացնեմ, դրանք ներկայացված են հայցադիմումի մեջ, որտեղ ներկայացված է այն դրամական միջոցների առկայությունը, որը մեծ հաշվով վերագրվում է այլ սյուբեկտների, հետևաբար նման պայմաններում գտնում եմ, որ ակնհայտ է, որ այդ անձը պետք է ունենա դատավարական կարգավիճակ և օգտվի իր լսված լինելու իրավունքից։ Բայցի այդ, մեզ համար զուտ ապացուցողական շեմը հաղթահարելու տեսանկյունից նման անձի դատավարական կարգավիճակի առկայության պայմաններում մեր դիտակմամբ ավեի հեշտ կլինի նշված գույքային զանգվածի հետ մեր առնչության բացակայությունը»,-նշեց նա։
Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանն ասաց՝ փաստական հիմքերը դատարանի համար պարզ չեն և խնդրեց դրանք պարզաբանել։
«Արձանագրվել է, որ Մարտին Բադալյանի կողմից ավանդային միջոցներ է ներգրավվել, որը վերագրվել է դատավարության մասնակիցներին և դրանք ենթարկվել են փոփոխության, առկա են եղել գույքային միավորներ, որոնք վաճառվել են վերջինիս կամ վարձակալական իրավունքների հետ առնչություն են ունեցել։ Դրանով պայամանավորված՝ արձանագրվել է, որ նաև նշված անձը մարել է ավանդը, նոր ավանդ է ներդրել, դրանք վերագրվել են դատավարության այլ մասնակիցների։ Հետևաբար, փաստական հիմքը այն գույքային միավորների առկայությունն է, որոնց, իրավասու մարմնի լեզվով, տիտղոսային սեփականատեր դիտվել է այդ սյուբեկտը, բայց իրավասու մարմինը նշված միավորների իրական շահառու դիտարկել է դատավարության մասնակիցներին»,-ասաց Վարազդատ Ասատրյանը։
Նրա խոսքով՝ նշված անձը պետք է ներկա լինի դատավարությանը և ներկայացնի իր բացատրությունը, թե ի վերջո այդ միավորների հետ Գևորգ Կոստանյանը առնչություն ունի՞ կամ դրանք իրենն են, թե՞ իրենը չեն։
Դատավորը հայտնեց նաև, որ Մարտին Բադալյանը հայցադիմումում նշված է, որպես Գևորգ Կոստանյանի վարորդ, ինչին փաստաբանն արձագանքեց, որ չունի տեղեկություն, թե «պաշտոնի անձնագրով», ով է եղել Բադալյանը և դա այդքան էլ էական հանգամանք չէ։
Հանրային մեղադրող Նելլի Տեր-Թորոսյանը դիրքորոշում հայտնեց, որ Մարտին Բադալյանի նկատմամբ նյութաիրավական պահանջ, հայցի առարկայում ընդգրկված որևէ գույք, որն այժմ բռնագանձելու պահանջ է ներկայացված՝ Մարտին Բադալյանի անվամբ գրանցված չէ և դրանով է պայմանավորված, որ այլ պատասխանողների հետ չունի նույն կարգավիճակը։
«Բայց պետք է նշեմ, որ այո, Մարտին Բադալյանը հայցադիմումում արձանագրվել է որպես Գևորգ Կոստանյանի վարորդ, որը մի շարք գործարքներով հանդես է եկել Գևորգ Կոստանյանի և վերջինիս կնոջ անունից, ինչպես նաև Գևորգ Կոստանյանի պաշտոնավարման ժամանակահատվածում ներդրել է մինչև 200 հազար դոլար արժողությամբ ավանդներ, այնուհետև մարել է այդ ավանդները, մի շարք գույքեր է ձեռք բերել, որոնք ըստ էության իր կողմից ստացված օրինական եկամուտներին չեն համապատասխանել և իրավասու մարմնի գնահատմամբ՝ դրանց իրական շահառուն Գևորգ Կոստանյանն է»,-նշեց դատախազը։
Դատախազը չառարկեց փաստաբանի ներկայացրած միջնորդության դեմ և նշեց, որ Մարտին Բադալյանը կարող է գործով որպես երրորդ անձ ներգրավվել։
Դատավորն ասաց, որ միջնորդության քննության արդյունքում կկայացվի առանձին դատական ակտի ձևով որոշում։
Լիլի Դրմեյանը Գևորգ Կոստանյանի ներկայացուցչից հետաքրքրվեց, թե արդյոք պատրաստ է այս նիստում ներկայացնել իր վերջնական առարկությունները՝ հայցի վերաբերյալ։
Վարազդատ Ասատրյանն ասաց, որ հաջորդ դատական նիստին կնեկայացնի առարկությունները, քանի որ կան որոշակի հարցադրումներ, որոնք պետք է հստակեցնի իրավասու մարմինը։
Դատավորի դիտարկմանը, թե ինչու այս դատական նիստին չեն տրվում այդ հարցերը, Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչն ասաց՝ չի կարծում, որ հիմա կարող են այդ հարցերը պարզաբանել։
Դատավոր Լիլի Դրմեյանը հայցվորից հետաքրքվեց, թե արդյոք նա կարող է այս պահին պատասխանել փաստաբանի հարցերին, ինչին նա արձագանքեց, որ, եթե նեղ մասնագիտական հարցեր են տրվելու, որոնց նախորդ նիստին պատասխանել է տնտեսագետը, ապա այդ հարցերը, պայմանավորավծության համաձայն, պետք է տրվեն գրավոր։ Նա հայտնեց, որ հաջորդ դատական նիստին ավելի մանրամասն կարող է պատասխանել դրանց։
Այնուամենայնիվ Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչը որոշ հարցեր ուղղեց հանրային մեղադրողին, որոնք վերաբերում էին վարկերի մարմանը, ավանդներին, բանկային փոխանցումներին։
Վարազդատ Ասատրյանը հարց ուղղեց, որը վերաբերում էր արտերկիր կատարած փոխանցումներին․ «Ձեր կողմից ներկայացվել է ՌԴ կատարված փոխանցումներ, դրանք դուք վերագրել եք Լիլիթ Կոստանյանի՞ն, բացառապես»։
Հանրային մեղադրողն ասաց, որ փոխանցումների իրական շահառուն Գևորգ Կոստանյանն է․ «Փոխանցումներն իրականացվել են Լիլիթ Կոստանյանի հաշվեհամարից»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հասմիկ Սարգսյան