Ինչպե՞ս կարող է անձը ջրօգտագործման թույլտվություն ստանալ

ՀՀ ջրային օրենսգրքի հոդված 29-ը սահմանում է ջրօգտագործման թույլտվության հայտը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ջրօգտագործման թույլտվությունը տրվում է դիմողի հայտի հիման վրա: Հայտը կարող է մերժվել, եթե դրանով պահանջվող ջրօգտագործումը չի համապատասխանում՝

1) սույն օրենսգրքին, ջրի ազգային քաղաքականությանը, ջրի ազգային ծրագրին, ջրավազանային կառավարման պլաններին և դրանց առնչվող իրավական այլ ակտերին.

2) ջրի ազգային պաշարի պահպանման պահանջներին, ջրերի ստանդարտներին, այդ թվում՝ ջրի որակի նորմերին:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար պահանջվում է սերվիտուտ կամ այլ անձանց սեփականությունից (ջրընդունիչ, կառուցվածք և այլն) օգտվելու անհրաժեշտություն, ապա այդ մասին պետք է նշվի հայտի մեջ: Նման դեպքերում Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողից կարող է պահանջել հնարավոր սերվիտուտների և համապատասխան գույքից օգտվելու նկարագրությունը, սեփականատիրոջ (սեփականատերերի) անունը և գտնվելու վայրը:

Եթե ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար դիմողն ունի կամ մտադիր է ՀՏԿ կառուցել, ապա այդ մասին նա նշում է իր հայտի մեջ և Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին է ներկայացնում համապատասխան տեղեկատվություն, իսկ փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար՝ անհրաժեշտության դեպքում նաև գետահատվածում սողանքային տարածքի առկայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնից տեղեկատվություն։

Հայաստանի Հանրապետության սողանքավտանգ տարածքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական լիազոր մարմնի ղեկավարը:

Ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար ներկայացված յուրաքանչյուր հայտի մեջ պետք է նշվի դիմողի կողմից իրականացված նախկին ջրօգտագործման մասին, ներառյալ՝ ջրօգտագործման թույլտվությամբ կամ առանց դրա իրականացված ջրօգտագործումը:

Նույն օրենսգրքի հոդված 30-ը սահմանում է ջրօգտագործման թույլտվություն ստանալու գործընթացը։

Ջրօգտագործման թույլտվությունը տրամադրում է ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինը՝ ներկայացված հայտի հիման վրա:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

ՀՏԿ-ների միջոցով ջրօգտագործում իրականացնելու դեպքում ջրօգտագործողը պարտավոր է մինչև ջրառ իրականացնելը տեղադրել ջրօգտագործման թույլտվության պահանջներով կամ պայմաններով նախատեսված սարքերն ու սարքավորումները։

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման ժամկետը չի կարող 50 աշխատանքային օրվանից ավելի լինել:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմինն ապահովում է հասարակայնության ծանուցումն սպասվելիք ջրօգտագործման թույլտվության հայտի մասին:

Ջրօգտագործման թույլտվության տրամադրումից հետո՝ լիազոր մարմինը 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենսգրքով սահմանված կարգով գրանցում է ջրօգտագործման թույլտվությունը և դրան կից պայմանները պետական ջրային կադաստրում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել