«Չկա մահ»․ նկարիչ Ալբերտ Հակոբյան

Գեղեցիկ է առեղծվածը, արվեստի խորհուրդը, հոգևորի հմայքը, բաղկացուցիչներ, որոնցով լցվում է արվեստագետ մարդու կյանքը և առաջնորդում նրան այդ աշխարհ կախարդական խորքերը, տանում հեռու հեռու, մոտեցնում իր երազներին ու երազանքներին, որոնց իրականացման ճանապարհներին էլ նա ստեղծում է իր հոգու, լույսի ու անզուգական թրթիռներով լի աշխարհը՝ իր արվեստի աշխարհը։

Նկարիչ Ալբերտ Հակոբյանը պատմում է՝ ոչ ոք չէր պատկերացնում, որ նկարիչ կդառնա։ Դպրոցում լավ է սովորել, շրջապատը հավանաբար այլ մասնագիտություն է պատկերացրել վարպետի համար․ «Եթե սիրում ես այդ գործը, պիտի անես մինչև վերջ։ Եթե կոշկակարն էլ իր գործը շատ սիրով անում է, դա սիրուն ու լավ է։ Երբ նստում եմ նկարելու, չգիտեմ՝ ինչ եմ նկարելու, ինքը ինչ կլինի։ Պրոցեսն է ինձ հետաքրքիր։ Հիմա էս նկարները որ կան, ես երբեք չեմ մտածել, որ այդպես կլինեն դրանք։ Մտածել չկա այստեղ, ես չգիտեմ՝ որ պահին եմ նկարում ու որ պահին էլ չեմ նկարում, չգիտես՝ երբ կավարտես»։

Վարպետը մատիտն ու ներկերը բռնում է ոչ թե օրինաչափությամբ, այլ ներքին մղումով, երբ հոգին զգում է այն ամենը, ինչը չի կարելի բառերով արտահայտել։ Նա նստում է կտավի դիմաց, բայց երբեք չի իմանում՝ ի՞նչ կստացվի։ Հոգով արվող այս աշխատանքի համար արձակուրդ չկա, ժամանակ չկա, պարզապես նկարում է այն պահին, երբ ներսից զգում է, որ այդ է իր տեղը։ Նրա ստեղծագործությունները չեն ծնվում ըստ պլանի, դրանք գալիս են այն պահին, երբ խառնվում են սիրտը, մտքերը ու սոսկ հաճույքը։ Նա չի վախենում մոռանալ այն ամենը, ինչ արել է առաջ, որովհետև գիտի, որ արվեստը միշտ նոր սկսում է իր ճանապարհը՝ ամեն մի հարվածով և գծով։ Վարպետը պարզապես ստեղծում է, և այդ ստեղծումն ամենից ավելի անկեղծ է՝ առանց հարցերի ու բացատրությունների։

Նկարչի արվեստը այնպիսի մի սրտամոտ լեզու է, որը խոսում է ոչ միայն տեսնելու, այլ նաև զգալու լեզվով՝ իր ստեղծած աշխարհներով շրջելով արվեստասերի հոգում: Արվեստի լեզուն, գեղեցիկ ու հետաքրքիր այդ լեզուն բացահայտելու համար կարող եք դիտել «ԶԱրտ» մշակութային նախագծի շրջանակներում մեկնարկող «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքը, որն իրականացվում է Iravaban.net-ի կողմից:

«ԶԱրտ» առանձնահատուկ առաքելություն՝ կամուրջ կառուցել արվեստի և հասարակության միջև: Նախագիծը նպատակ է դրել հայ արվեստագետներին և նրանց բացառիկ ստեղծագործությունները ներկայացնել ոչ միայն Հայաստանի հասարակությանը, այլև սփյուռքին ու արտերկրին՝ նպաստելով արվեստի հանրայնացմանը և արվեստագետների ճանաչմանը: Տեսաֆիլմերի այս շարքի միջոցով հասարակությունն ավելի է մոտենում արվեստին, իսկ արվեստագետներն էլ՝ հասարակությանը՝ ստեղծելով մշակութային փոխըմբռնման գեղեցիկ տարածք:

Արվեստագետի խոսքով՝ չկա լավ ու վատ նկար, դա ճանապարհ է, որն անցնում ես․ «Ես մահին էլ չեմ հավատում, որ Ռեմբրանտը մահացել է, Պիկասոն մահացել է, նանք կան, քո ընկերն են, քեզ օգնում են, ճանապարհ ես գնում իրենց հետ։ Չկա մահ»։

Ըստ նկարչի՝ գիծն էլ, գույնն էլ միջոցներ են, որը պետք է կարողանաս օգտագործել։

«Նկարչությունը զգացողությունդ է, դու ինչ դնում ես այնտեղ, դա զգացողություն է։ Դու չգիտես, հիմա կարմիր ես անելու, թե՞ դեղին, չգիտես։ Ներկ, թուղթ, կտավ, ջրաներկ, դրանք միջոցներ են, որ կարողանաս ներսինդ դնել։ Ես ուզում եմ, որ իմ նկարը մարդուն դարձնի երջանիկ, լավ զգա մարդն իրեն իմ նկարը տեսնելուց։ Նկարի մեջ քո աշխարհն ես ստեղծում։ Նկարիչը արարիչ է։ Ձգտում է հասնել կատարելության»,-ասում է արվեստագետը։

«ԶԱրտ» մշակութային նախագծի մտահղացման հեղինակն ու ղեկավարը Կարեն Զադոյանն է, «Արարման առեղծվածը» տեսաֆիլմերի շարքի հեղինակն ու ռեժիսորը՝ Վազգեն Ղուկասյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել