ԵԱՏՄ-ում նախագահությունը Հայաստանից անցել է Բելառուսին

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) նախագահությունը հունվարի 1-ին Հայաստանից անցել է Բելառուսին։ Վարչապետ Ռոման Գոլովչենկոն 2024 թվականի վերջին ասել է, որ բելառուսական կողմը ողջ պատասխանատվությամբ կստանձնի այդ առաքելությունը և կանի հնարավոր ամեն ինչ ասոցիացիայի հետագա զարգացման համար, որը 2025 թվականին կնշի աշխատանքի մեկնարկի տասնամյակը։

Երկիրն ակտիվորեն կզբաղվի թվայնացման և բարձր տեխնոլոգիաների հարցերով, նշել է վարչապետ Ռոման Գոլովչենկոն։

Միևնույն ժամանակ, նրա կարծիքով, «ազգային որոշումների ընդունումը, գործընթացների և ծառայությունների տեղական թվայնացումը՝ մեկուսացված առկա ինտեգրացիոն նախագծերից, սպառնում է ԵԱՏՄ մասին պայմանագրով ամրագրված սկզբունքներին»։

Այդ իսկ պատճառով, Բելառուսի վարչապետի խոսքով, այդ ցուցանիշը պետք է լիովին ծառայի միասնական ներքին շուկայի գործունեությանը։ «Փոխադարձ առևտրում խոչընդոտների առաջացումը կանխելու համար անհրաժեշտ է, որ թվային տեխնոլոգիաները և լուծումները ներդրվեն ԵԱՏՄ բոլոր երկրներում՝ ընդհանուր սկզբունքների և մոտեցումների հիման վրա»,-ասել է Բելառուսի կառավարության ղեկավարը։

Առանձնահատուկ ուշադրություն, ըստ բելառուսական կողմի, պետք է հատկացվի նաև անասնաբուժական և սանիտարական միջոցառումների կիրառման ոլորտում թվայնացման գործընթացների արագացմանը։ Բացի այդ, Գոլովչենկոն կոչ է արել անհապաղ ապահովել «տրանսպորտային միջոցների, ինքնագնաց մեքենաների և այլ տեսակի սարքավորումների էլեկտրոնային անձնագրերի տեղեկատվական համակարգի ազգային հատվածների փոխկապակցումը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել