Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարն այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն, հայտնում են ադրբեջանականլրատվամիջոցները։
Նշվում է, որ պատճառը Ադրբեջանի և նախագահ Իլհամ Ալիևի հասցեին վիրավորական հայտարարություններն էին, որոնք արվել են 2024 թվականի դեկտեմբերի 29-ին Արդաբիլում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլա Սեյեդ Հասան Ամելիի մասնակցությամբ միջոցառմանը։
Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ ադրբեջանական կողմը խիստ բողոք է հայտնել Իրանին՝ կապված վերը նշված միջադեպի հետ, նաև դժգոհություն է արտահայտվել վերջերս Իրանի բնակչության շրջանում ակնհայտ հակաադրբեջանական տրամադրությունների բորբոքման կապակցությամբ։
Ադրբեջանի ԱԳՆ-ում հայտարարել են, որ հակաադրբեջանական քարոզչությունը հակասում է երկկողմ հարաբերությունների ոգուն և չի նպաստում միջպետական և միջանձնային հարաբերությունների պահպանմանն ու խորացմանը:
Ընդգծվում է, որ Ադրբեջանը պահանջել է դադարեցնել նման սադրանքները երկրի դեմ։