«Երազումս ասաց՝ ես չեմ մահացել»․ մայրը մինչև հիմա չգիտի՝ երբ, որ օրը, որտեղ է զոհվել իր որդին

Գալինա Դանիելովայի միակ որդին ծնվել է 2000 թվականի սեպտեմբերի 13-ին, Արզնիում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արդբջանական կողմը սանձազերծեց լայնածավալ պատերազմ Արցախի դեմ, Արսենին մնացել էր երեք ամիս, որպեսզի զորացրվի։ Տիկին Գալինայի միակ որդու երազանքն էր, որ ծառայությունը վերջացնի, գա տուն, աշխատի ու մորն օգնի։

«Ինձ հետ էլ է աշխատել, գրեթե երկու տարի, հետս տանում էի աշխատանքի, որ վատ շրջապատի մեջ չընկնի, վատ ճանապարհ չընտրի իր համար»,-ասում է մայրը։

Արսեն Դանիելովը ծառայում էր Իջևանում։ Մայրն Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց, որ որդու հետ կապ չի ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 19-ից։

Ծառայության ընթացքում որդին ոչնչից չի բողքել։ Մայրն ասում է, որ երեք անգամ տուն է եկել։ Երբ սկսվել է պատերազմը Արսենը մորն ասել է, որ իրենց ոչ մի տեղ չեն տանի։ Ամեն անգամ հեռախոսազրույցների ժամանակ նա ասել է, որ իր հետ ամեն ինչ լավ է, ինքն իր զորամասում է։ Թե, երբ են տարել Արսենին Արցախ, մայրը չգիտի։

«Ասում էի՝ Արսեն, պատերազմ է գնում, կարո՞ղ է ձեզ էլ տանեն։ Ասում էր՝ չէ, մամ, ո՞նց կարող են մեզ էլ տանել։ Բայց դե սիրտս զգում էր, ծնող եմ։ Գնացի Իջևան, ինձ ասացին, որ 400 հոգի կորել են, ասացի՝ ո՞նց են կորել, ասե՞ղ են, որ կորել են։ Տղաս ինձ միշտ ասում էր՝ մամ ջան, մի վախեցի»,-պատմում է մայրը։

Շուրջ երեք ամիս մայրը լուր չի ունեցել իր որդուց։ Փնտրել է ամենուր, անհայտ կորածների մեջ։ ԴՆԹ անալիզը համընկել է, 2021 թվականի փետրվարին հուղարկավորել են Արսենին։ Սակայն Տիկին Գալինան չգիտի՝ երբ, որ օրը, որտեղ է զոհվել իր որդին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել