Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 20-ին, շարունակվեց Հայաստանի ազգային հերոս, Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի և ևս 12 ամբաստանյալների գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր Տիգրան Դավթյանը։
Նշենք, որ բացի Անդրանիկ Փիլոյանից մեղադրանք է առաջադրվել նաև Աշոտ Հակոբյանին, Վիգեն Մկրտչյանին, Հրաչյա Երեմյանին, Միհրդատ Մաթևոսյանին, Արթուր Օհանյանին, Արա Յաղջյանին, Գոռ Համբարձումյանին, Արտակ Բեյբությանին, Թաթուլ Գևորգյանին, Տիգրան Գասպարյանին, Գագիկ Պողոսյանին և Վիգեն Գրիգորյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ սեպտեմբերի9-ին դատարանը հրապարակեց գործով վերդիկտը, որով մեղադրյալներ Վիգեն Գրիգորյանին, Արտակ Բեյբությանին, Վիգեն Մկրտչյանին, Արթուր Օհանյանին և Հրաչյա Երեմյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներով։
Արա Յաղջյանն արդարացվեց, դատարանը հռչակեց նրանց անմեղությունը։ Աշոտ Հակոբյանի մեղադրանքը վերաորակվեց, վերջինս մեղավոր ճանաչվեց խարդախություն կատարելու համար, որը տեղի է ունեցել մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով և խոշոր չափերով։
Վերավորակվեց նաև Անդրանիկ Փիլոյանին առաջադրված մեղադրանքը։ Վերջինից մեղադրանք էր առաջադրվել կաշառք ստանալու համար։ Նա մեղավոր ճանաչվեց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խոշոր չափերով կաշառք ստանալու, ինչպես նաև խարդախության համար։ Աշոտ Հակոբյանի և Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ կիրառված որպես այլընտրանքային միջոց գրավի չափը թողնվեց անփոփոխ։
Իսկ այսօր, լրացուցիչ դատալսման ընթացքում քննարկվում էր պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները։ Պաշտպանները ներկայացրեցին իրենց վստահորդների կոչումները, բնութագրերը, պատերազմներին մասնակցելու հանգամանքները, ինչպես նաև փաստեր, որ նրանցից շատերն ունեն անչափահաս երեխաներ և համարվում են ընտանիքի միակ կերակրողը։
Ամբաստանյալ Անդրանիկ Փիլոյանի փաստաբան Անդրանիկ Մանուկյանն նշեց, որ իրենք համաձայն չեն հրապարակված վերդիկտի հետ և բողոքարկելու են այն, այդ իսկ պատճառով մեղմացնող հանգամանք ներկայացնելն իմաստազուրկ է։
«Պաշտպանական կողմը վիճարկելու է այնքանով, որքանով պաշտպանության կողմի համոզմամբ պարոն Փիլոյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքը։ Հետևաբար, այս պահին խոսել պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանդամանքների մասին, կհակասի քիչ առաջ վկայակոչածս դիրքորոշմանը։ Ես դիրքորոշում չեմ հայտնում»,-նշեց Մանուկյանը։
Հանրային մեղադրող Կորյուն Սերոբյանը պահանջեց Անդրանիկ Փիլոյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել 8 տարի ազատազրկում, պատժին հաշվակցել 6 ամիս 6 օր, որի ընթացքում Փիլոյանը կալանավորված է եղել․
«Միջնորդում եմ, որպես լրացուցիչ պատիժ նշանակել նաև հատուկ, զինվորական կոչումներից զրկում»։
Ամբաստանյալ Վիգեն Մկրտչյանի պաշտպանը վերջինիս համար որպես մեղմացնող հանգամանք, ի թիվս այլնի, նշեց այն փաստը, որ իր պաշտպանյալն աջակցել է հանցագործության բացահայտմանը և գործով ապացույց ձեռք բերելուն, անկեղծորեն զղջացել է կատարածի համար, տվել է խոստովանական ցուցմունք, իրեն լիովին մեղավոր է ճանաչել մեղսագրվող արարքներում․ «Վիգեն Մկրտչյանն ունի զինվորական բարձրագույն կրթություն, երկար տարիներ ծառայել է Զինված ուժերում։ Մասնակցել է մի շարք մարտական գործողությունների։ Ծառայության ընթացքում բազմիցս խրախուսվել է»։
Կորյուր Սերոբյանը միջնորդեց Մկրտչյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի 6 ամիս ժամկետով, հաշվակցել 5 ամիս 28 օր անազատության մեջ գտնվելու ժամանակահատվածը։ Սակայն հանրային մեղադրողը նշեց, որ պատիժը կարող է պայմանական չկիրառել, սահմանել փորձաշրջան 5 տարի ժամկետով․ «Նաև միջնորդում եմ լրացուցիչ պատիժ կիրառել՝ զինվորական կոչումից զրկում»։
Ամբաստանյալ Արթուր Օհանյանի պաշտպան Բենիկ Գալստյանն ասաց, որ իր պաշտպանյալն ունի երեք անչափահաս երեխա, բացի այդ, ներկայացրեց Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի տված պատվոգրերը։ Ամբաստանյալը նաև նախագահի կողմից արժանացել է Մարտական ծառայության համար մեդալի․ «Արթուր Օհանյանը 2006 թվականից մինչև 2021 թվականները ծառայել է Զինված ուժերում, զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ, վերջին պաշտոնը եղել է զորամասի համապատասխան գումարտակի հրամանատարինը, կոչումը՝ փոխգնդապետ։ Արթուր Օհանյանը մասնակցել է 2020 թվականի մարտական գործողություններին»։
Դատախազը պահանջեց Արթուր Օհանյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 3 տարի ժամկետով, պատժին հաշվակցել նրա անազատության մեջ գտնվելու 4 ամիս 27 օր ժամանակահատվածը․ «Պատիժը պայմանականորեն չկիրառել, սահմանել փորձաշրջան 2 տարի 5 ամիս ժամկետով»։
Ամբաստանյալ Արտակ Բեյբությանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալն ունի երկու անչափահաս երեխա, կինը չի աշխատում, միակ կերակրողը Բեյբությանն է․ «Մասնակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի մարմանը։ Դատված չի եղել, բանակում ծառայել է»։
Հանրային մեղադրողը պահանջեց Արտակ Բեյբությանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի 6 ամիս ժամկետով։
Ամբաստանյալ Աշոտ Հակոբյանի պաշտպանը հայտնեց, որ իր պաշտպանյալը մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմին․ «Պահեստազորի փոխգնդապետ է, պարգևատրվել է Արիության մեդալով։ Արժանացել է երկու տասնյակից ավելի մեդալների, շնորհակալագրերի։ 4 ամիս կալանավորված լինելու ընթացքում նրա մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ, նա տեղափոխվել է «Իզմիրլյան» ԲԿ։ Նրա մոտ արձանագրվել են առողջական մի շարք խնդիրներ»։
Ամբաստանյալ Հրաչյա Երեմյանի պաշտպանն ասաց, որ իրենք ևս պատրաստվում են բողոքարկել հրապարակված վերդիկտը։ Կորյուն Սերոբյանը վերջինիս նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4տարի 6 ամիս ժամկետով, պատժն հաշվակցել նրա անազատության մեջ գտնվելու 4 ամիս 29 օր ժամանակահատվածը։
Բացի այդ, դատախազը պահանջեց Աշոտ Հակոբյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկումը՝ 4 տարի ժամկետով, պատժին հաշվակցել 3 ամիս 28 օր անազատության մեջ գտնվելը։
Հանրային մեղադրողը պահանջեց Վիգեն Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ սահմանել ազատազրկումը՝ 9 տարի ժամկետով, պատժին հաշվակցել նրա անազատության մեջ գտնվելու 2 տարի 15 օր կալանավորված լինելու ժամանակահատվածը։
Պաշտպանները նշեցին, որ մեղադրողը բավականին խիստ պատիժներ է պահանջում։
Անդրանիկ Փիլոյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանը հայտնեց՝ իր պաշտպանյալին ներկայացված մեղադրանքների համակցությունը պահանջում է մինչև 15 տարի ազատազրկում։
«Մի փոքր այլ կոնտեքստով եմ ասում, հուսով եմ դատարանը ճիշտ կհասկանա։ Պարզ չէր, թե ինչու է 8 տարի միջնորդել, կարող էր միանգամից 14 տարի էլ միջնորդել, իսկ դատավարական դիրքորոշումս հետևյալն է․ պարոն Փիլոյանը չի կատարել իրեն մեղսագրված արարքները։ Պարոն Փիլոյանը վաղ թե ուշ ճանաչվելու է անմեղ։ Անձը բնութագրող ո՞ր տվյալն է հուշում, որ պարոն Փիլոյանին պատվավոր կոչումներից պետք է զրկել։ Ես կարծում եմ, որ այս առումով հիմնավորում չներկայացվեց»,-ասաց նա։
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդը՝ դեկտեմբերի 9-ին, ժամը 17։00-ին։
Հասմիկ Սարգսյան