«Ես այլևս ասելիք չունեմ»․ Հրայր Թովմասյանի խոսքով՝ դատարանը կողմնակալ է

«Ձեր նախորդ հորդորներից հետո փորձում եմ ավելի սեղմ ներկայացնել ճառը։ Ես առարկություն ունեմ դատավորի գործողությունների դեմ»,-այս մասին դատական նիստի ընթացքում հայտարարեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը նախագահող դատավոր  Տաթևիկ Գրիգորյանի՝ ճառի վերաբերյալ արված դիտարկումներին անդրադառնալով։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատավորը թույլ չտվեց վերջինիս շարունակել խոսքը, նշեց, որ առարկությունների վերաբերյալ կողմերը կկարողանան խոսել նիստի ավարտից առաջ․ «Հիմա դատարանը թույլ չի տալիս առարկել»։

Հրայր Թովմասյանը կրկնեց, որ մեղադրական եզրակացության մեջ ապահովված չեն ապացուցման տրամաբանական կանոնները։ Այնուհետև վերջինս սկսեց խոսել ապացուցման տեսակների մասին։ Դատավորը կրկին ընդհատեց, հորդորեց, որպեսզի վերջինս գործի շրջանակներում խոսի, այլապես Թովմասյանի վարքագիծը թույլատրելի չէ։

-Եթե Դուք ամեն անգամ սա թույլ չեք տալու․․ես ասում եմ՝ սրանք ապացուցման կանոններն են, հետո վերցնում եմ ցուցմունքը․․․

-Պարոն Թովմասյան, դատարանը հորդորում է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։

-Ես ավարտում եմ իմ պաշտպանական ճառը, արձանագրում եմ, որ ինձ թույլ չեք տվել լիարժեք իրականացնել իմ ճառը, ես այլևս ասելիք չունեմ։ Ես գտնում եմ, որ դատարանը կողմնակալ է։ Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմության ժամկետն անցած գործով 7 ժամ մարդուն պարտադրեն ցուցմունք տալ և անգամ ընդմիջում չտալ։ Ինձ հայտնի չեն Ձեր վարքագծի դրդապատճառները, դրանք ինձ հայտնի կդառնան դատական ակտի հրապարակումից հետո։ Ես այլ ասելիք չունեմ, արձանագրում եմ, որ դատարանն իր գործողություններով միջամտել, խոչընդոտել  և թույլ չի տվել, որպեսզի ես ամբողջությամբ հրապարակեմ իմ պաշտպանական ճառը։

Տաթևիկ Գրիգորյանը որևէ կերպ չարձագանքեց նշված հայտարարությանը, միայն դիմելով փաստաբան Արամ Օրբելյանին՝ նշեց, որ վերջինս միջնորդություններ պետք է ներկայացներ։ Նախագահողի այս գործողությունների դեմ էլ առարկեց հանրային մեղադրողը՝ նշելով, որ Օրբելյանը դատաքննության համապատասխան փուլում նման հնարավորություն ունեցել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել