«Գևորգ Կոստանյանի կինը դատախազությունում ցուցմունքներ է տվել, հայտնել, որ կապ չունի գույքերի հետ»․ Նելլի Տեր-Թորոսյանը՝ նախկին գլխավոր դատախազի գործով

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում երեկ՝ սեպտեմբերի 5-ին, շարունակվեց հետախուզման մեջ գտնվող նախկին Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նրա «նախկին» կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի, Գևորգ Կոստանյանի համակուրսեցու՝ Արման Գալստյանի, վերջինիս կնոջ՝ Թերեզա Գևորգյանի և նախկին Գլխավոր գլխավոր դատախազի եղբորորդու՝ Արա Կոստանյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումի քննությունը։ Նիստը նախագահում է դատավոր Լիլի Դրմեյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանը թույլատրեց միայն նիստը լուսանկարահանել։ Պատասխանող կողմը առարկեց, որպեսզի այն տեսանկարահանվի։ Դատական նիստին չէին ներկայացել պատասխանողներ Արման Գալստյանն ու Թերեզա Գևորգյանը, վերջիններիս ծանուցագրերը դատարան են վերադարձվել «չպահանջված» նշումով։

Մինչ հայցի վերաբերյալ հարցուպատասխանին անցնելը, պատասխանող Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը դատարանին խնդրեց հնարավորության դեպքում հայցվորից պահանջել կատարված հաշվարկների աշխատանքային ֆայլերը՝ գործի ընթացքն ավելի արդյունավետ դարձնելու, համապատասխան դիտարկումներ անելու համար։

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը նշեց, որ դրանք մի քանիսն են, սակայն կարող են ներկայացնել հաշվարկների սկզբնական աշխատանքային ֆայլը։

Հայցի վերաբերյալ Վարազդատ Ասատրյանի հարցը վերաբերում էր այն հանգամանքին, թե Ծաղկաձորում գտնվող մենատունն արդյո՞ք կառուցվել է 2000 թվականին, եթե այո, ապա ի՞նչն է հիմք հանդիսացել նման պնդման համար, քանի որ հայցադիմումում նշվում է 1999 թվականը։

Դատախազը պատասխանեց, որ 1996 թվականին ձեռք է բերվել այդ անշարժ գույքը, որի վրա 1999 թվականին կառուցվել է մենատուն, և ներդրումային արժեքը որոշելու համար համապատասխան փորձաքննություն է նշանակվել։

Փաստաբանը կրկին ճշտեց՝ այդ տան կառուցման համար դիտարկվել է 1999 թվակա՞նը, թե՞ 2000, դատախազը ասաց, որ 1999-ը, քանի որ Կադաստրի կոմիտեից ստացված տվյալներով ևս այդպես է նշվում։

Վարազդատ Ասատրյանը նշեց, որ 2022 թվականի դրությամբ ուսումնասիրության նոր ժամանակահատվածը սահմանվել է 1996 թվականն այն հիմքով, որ պատասխանողն այդ ընթացքում ձեռք է բերել անշարժ գույքը, 2000 թվականին կառուցել մենատունը, 1996-2003 թվականների համար Կոստանյանի եկամուտները կազմել են 2 միլիոն 300 հազար դրամ։  Սրա վերաբերյալ փաստաբանը հարցրեց՝ հնարավո՞ր է արդյոք 1999 թվականն ընդունել որպես կառուցապատման ավարտ այն պայմաններում, երբ Կոստանյանն այդ ընթացքում ծառայել է զինված ուժերում։

Դատախազը պատասխանեց, որ բանակում ծառայության վերաբերյալ տվյալը փաստաբանի կողմից է բարձրաձայնվել, և այդ դեպքում պետք է ներկայացվի համապատասխան զինվորական գրքույկ, իսկ իրավասու մարմինն այս հարցի շրջանակներում արձանագրել է, որ այս ժամանակահատվածում Գևորգ Կոստանյանն է եղել գույքի սեփականատերը։ Նաև նշեց, որ Արա Կոստանյանի ներկայացուցչի կողմից տեսաերիզ է ներկայացվել, որտեղ Գևորգ Կոստանյանն իր անունից համապատասխան գույքը որպես նվիրատվություն հանձնում է եղբորորդուն։

Պատասխանողի ներկայացուցիչը հարցրեց, թե համապատասխան ուսումնասիրությամբ 1996 թվականին արդյո՞ք դիտարկվել է Գևորգ Կոստանյանի՝ առանձին տնտեսություն վարելու հանգամանքը, և այդ ժամանակահատվածում այլ անձանց հետ փոխկապակցված եղե՞լ է, թե՞ ոչ, դատախազն ասաց, որ այդ հարցին նախորդ դատական նիստերին պատասխանել է, եթե համատեղ տնտեսություն վարեր ծնողների հետ, ապա Կոստանյանի օրինական եկամուտները վերագրվելու են նրանցից մեկին, և դա կարող է ավելի բացասական հետևանքներ ունենալ, այդ պատճառով էլ վերջինս համարվել է առանձին տնտեսություն վարող։

Հաջորդ հարցը հետևյալն էր․ արդյո՞ք այդ գույքի մասով 2018 թվականից մինչև ուսումնասիրության ավարտը շինարարական աշխատանքներ կատարվել են, թե ոչ, եթե այո, ապա փորձագետը կատարված աշխատանքների վերաբերյալ ի՞նչ տվյալներ է դիտարկել։

Դատախազը հայտնեց, որ փորձագետի եզրակացությամբ արձանագրվել է, որ նշված հասցեում 2000 թվականի դրությամբ կառուցված տան շինարարական աշխատանքների ներդրումային արժեքը կազմել է 82 միլիոն 300 հազար դրամից մինչև 100 միլիոն 880 հազար դրամ, այսինքն՝ ներդրումային արժեքը պարզվել է 2000 թ․ դրությամբ։

Փաստաբանը հարցրեց, թե յուրաքանչյուր գույքի մասով իրական շահառու համարելու հիմքում օրենքի ո՞ր տարրերն են ընդգրկված։

Դատախազը պատասխանեց․ «Իրական շահառու հասկացության բովանդակությունը բացահայտող բոլոր տերմինները վերաբերելի են, այսինքն՝ իրական շահառու է նշանակում ոչ թե միայն վերահսկելը, այլ ամբողջը՝ վերահսկելն իր հաշվին, իր օգտին, իր անունից, առանձին չեմ կարող նշել էս գույքով իրական շահառու է, որովհետև, օրինակ, վերահսկել է»։

Դատախազը նշեց, որ, օրինակ, Ջրվեժ համայնքում գտնվող գույքի ձեռք բերման համար հիմք են հանդիսացել նախաքննության ընթացքում ստացված տվյալները, համապատասխան ցուցմունքները։ Վարազդատ Ասատրյանը հետաքրքրվեց՝ բոլոր ցուցմունքնե՞րն են ներկայացվել, թե՞ ոչ, դատախազն ասաց՝ ներկայացվել են այն ցուցմունքները, որոնք հիմնավորել են հայցի հիմքը։

Հաջորդ հարցը վերաբերում էր Գևորգ Կոստանյանին փոխկապակցված անձ համարվող Մարտին Բադալյանի կողմից ծավալվող և ծավալած ձեռնարկատիրական գործունեությանը, ինչի վերաբերյալ դատախազն ասաց, որ նման տվյալներ հայտնի չեն։

Ասատրյանը նաև ճշտեց, թե իրավասու մարմինը հնարավոր չի՞ համարել, որ գործին մասնակցող մյուս անձանց եկամուտները կարող էին վերագրվել հենց Բադալյանին։

Դատախազն ասաց՝ գույքային դրությունը պարզելու ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել, ներառվել են նաև Մարտին Բադալյանի վերաբերյալ տվյալներ, ինչից երևում է, որ նա, լինելով Գևորգ Կոստանյանի վարորդը, վերջինիս պաշտոնավարման ընթացքում մեծաթիվ ավանդներ, անշարժ գույքեր է ձեռք բերել, բացի այդ, մի շարք գործարքներով որպես Լիլիթ Կոստանյանի և Գևորգ Կոստանյանի ներկայացուցիչ է հանդես եկել։ Այս ամենը, ըստ դատախազի, հիմք են հանդիսացել ներկայացնելու, որ այդ գույքերի իրական շահառուն Գևորգ Կոստանյանն է։

Փաստաբանը նշեց, որ միայն այն հանգամանքը, որ անձը եղել է Կոստանյանի աշխատակիցը, բավարար չէ փաստելու, որ հենց Կոստանյանին է պատկանում նրա գույքերն ու եկամուտները։

Նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը ևս ընդգծեց, որ այս հարցը պետք է քննարկման առարկա դառնա, քանի որ գործի համար էական նշանակություն կարող է ունենալ, թե իրավասու մարմինն ինչ դիրքորոշում կհայտնի Մարտին Բադալյանի վերաբերյալ, և դրանից հայցի հիմքն ինչպես կփոփոխվի։

Դատախազը նշեց, որ դրանք ներկայացվել են ուսումնասիրության արդյունքում ստացված տվյալների համակցությամբ, բայց մյուս նիստով այդ հարցին ևս կանդրադառնա։

Հայցի վերաբերյալ հարցուպատասխանի ժամանակ պատասախանողի ներկայացուցիչն ընդգծեց նաև, որ պետք է առանձնացված լինեն Գևորգ Կոստանյանի և կնոջ՝ Լիլիթ Կոստանյանի ծախսերը՝ հաշվի առնելով այն, որ 2018-2019 թվականներից նրանք միմյանց հետ չեն ապրում, և իրենց ունեցած տվյալներով ամուսնալուծվել են ավելի վաղ, իսկ կողմերից մեկն այս պահին արտերկրում է։

Հայցվորը նշեց, որ ամուսնալուծությունը չի համարվել որպես համատեղ տնտեսություն վարելը դադարեցնելու փաստ, մի քանի հանգամանքների համակցությամբ ընդունել են, որ նրանք շարունակել են վարել համատեղ տնտեսությունը։ Դատախազի խոսքով՝ այս ամենի հիմքն են հանդիսացել վերջիններիս սահմանահատումների պատմությունները, վկաների ցուցմունքները և այլ տվյալներ։

Վարազդատ Ասատրյանը հարցրեց՝ արդյո՞ք հաշվարկի մեջ ներառվել է Գևորգ Կոստանյանի դասախոսական գործունեությունից ստացված եկամուտները, եթե այո, ապա որո՞նք են դրանք։ Գործով ներգրավված տնտեսագետը պատասխանեց, որ դրանք ներառվել են, ՊԵԿ-ի կողմից ստացված ֆայլերում տրված են յուրաքանչյուր ամսվա, տարվա եկամուտները, նա թվարկեց նաև կրթական այն հաստատությունները, որտեղ Կոստանյանը դասավանդել է։ Նաև նշվեց, որ հաշվարկների մեջ ներառվել են գործուղումների համար կատարված ծախսերը։

Դատախազին հարց ուղղվեց նաև, թե 2019 թվականից հետո ինչպես է կատարվել ուսումնասիրությունը, ինչին ի պատասխան նշվեց, որ ամուսնալուծությունից հետո, երբ Գևորգ Կոստանյանը հետախուզման մեջ է եղել, Լիլիթ Կոստանյանը Հունաստանում գույքային ձեռբերումների ուղղությամբ ծախսեր է կատարել․ «Հետագայում Լիլիթ Կոստանյանը ցուցմունքներ է տվել, որ կապ չունի այդ գույքերի հետ, դա իրավասու մարմնի մոտ ձևավորել է դիրքորոշում, որ Գևորգ Կոստանյանն է եղել գույքերի իրական շահառուն, այսինքն՝ նույնիսկ իրավական մասով ամուսնալուծվելուց հետո էլ Լիլիթ Կոստանյանի կողմից կատարված գույքային ձեռքբերումները վերագրվել են Գևորգ Կոստանյանին»։

Վարազդատ Ասատրյանն այս հարցի վերաբերյալ ասաց, որ ապացույցների ներկայացման փուլում լրացուցիչ հիմնավորումներով կնշվի, որ ո՛չ Գևորգ Կոստանյանը, ո՛չ Լիլիթ Կոստանյանը բռնագանձվող կամ պահանջվող գույքերի հետ առնչություն չունեն։

Նիստը հետաձգվեց։ Հաջորդ դատական նիստին պատասխանող կողմը կշարունակի հայցի վերաբերյալ հարցադրումներ կատարել։ Հաջորդ նիստը՝ հոկտեմբերի 30-ին։

Մարիամ Շահնազարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել