Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել իր քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիներին առանց ծանրակշիռ պատճառի, առանց խիստ անհրաժեշտության չմեկնել Ադրբեջան։
Նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիները Ադրբեջանում հայտնվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարությունների վտանգի առջև։
Այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի ԱԳՆ-ն նշելով, որ խստորեն դատապարտում են Ֆրանսիայի ԱԳՆ-ի այդ նախազգուշացումը։
«Ֆրանսիայի նման անհիմն և կողմնակալ որոշումն ու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի հետ հարաբերություններն էլ ավելի սրելու այս երկրի մտադրության մասին»։
Ադրբեջանի ԱԳՆ-ն նշել է մի քանի դեպք որոնց շրջանակներում ձերբակալվել են Ֆրանսիայի քաղաքացիներ, ապա ֆրանսիական կողմին մեղադրել ադրբեջանցի լրագրողների՝ Ֆրանսիա և նույնիսկ Շենգենյան գոտու այլ երկրներ մեկնելու խոչընդոտների համար․ «Եվս մեկ անգամ պահանջում ենք դադարեցնել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ զրպարտչական արշավը»,- ասված է հայտարարության մեջ»