Իրանում սկսվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիյեի հրաժեշտի արարողությունը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Mehr գործակալությունը հաղորդում է, որ սգո թափորին մասնակցում են բազմաթիվ իրանցիներ, պետական պաշտոնյաներ, բարձրաստիճան զինվորականներ։
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Թեհրանի համալսարանում աղոթքի արարողություն է իրականացրել, այնուհետև թափորը շարժվել է դեպի Ազատության հրապարակ։
Իսմայիլ Հանիյեն իր թիկնապահներից մեկի հետ սպանվել էր Թեհրանում իր տանը հասցված հարվածի հետևանքով։ Մինչ այդ նա մասնակցել էր Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը։
Իրանում Հանիյեի սպանության մեջ մեղադրել են Իսրայելին։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մուհամմադ Բաղեր Ղալիբաֆը հրաժեշտի արարողության ժամանակ հայտարարել է, որ Իսրայելը «ծանր գին կվճարի»։ Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդը և նախագահը նույնպես խոստացել էին վրեժ լուծել Հանիյեի սպանության համար։