ՌԴ Դաղստանի Հանրապետությունում սինագոգի և եկեղեցու ուղղությամբ կրակոցների, ինչպես նաև ՃՈ-ի վրա հարձակման հետևանքով ոստիկաններ են զոհվել

Անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ Դաղստանի Հանրապետության Դերբենտ քաղաքի սինագոգի և եկեղեցու վրա:

«Արմենպրես»- ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայության ղեկավար Գայանա Գարիևան։

«Դաղստանի ՆԳՆ հերթապահ վարչության տվյալներով՝ մոտավորապես ժամը 18:00-ին (Երևանի ժամանակով՝ 19։00-ին) Դերբենտում անհայտ անձինք ավտոմատ զենքից կրակել են սինագոգի և եկեղեցու վրա»,- ասել է նա։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հարձակման հետևանքով մեկ ոստիկան է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել։ Կասկածյալները փախուստի են դիմել սպիտակ «Volkswagen Polo» մակնիշի 921 պետհամարանիշի ավտոմեքենայով։

Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի աշխատակիցները՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները։

Գրեթե միաժամանակ Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայում անհայտ անձինք հարձակվել են Երմոշկինի փողոցում գտնվող ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա։

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ զոհվել է մեկ ոստիկան, ևս վեցը՝ վիրավորվել։ Նախնական տվյալներով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և վիրավորներ չկան։

Հարձակվողներին ինքնությունը պարզվում է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել