Հայաստանը դեռևս ֆինանսական պարտավորություններ ունի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նկատմամբ, չնայած այն բանին, որ երկրի իշխանությունները հայտարարեցին անդամակցությունը կասեցնելու մասին և հրաժարվեցին ներդրումներ կատարել ՀԱՊԿ բյուջեում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։
«Երևանը պարտավոր է կատարել ֆինանսական պահանջները՝ համաձայն կազմակերպության կանոնադրության և ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների կողմից հաստատված այլ փաստաթղթերի», – «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունը։
Գերատեսչությունից հայտնում են, որ այս մոտեցումը համապատասխանում է «միջազգային կազմակերպությունների գլոբալ պրակտիկային, որտեղ ֆինանսական կարգապահությունը պահպանվում է՝ անկախ այն բանից, որ կողմերից մեկը ցանկանում է «կասեցնել» կամ նույնիսկ դադարեցնել իր անդամակցությունը»։
ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Հայաստանի հրաժարվելու պատճառով, նշել է ՌԴ ԱԳՆ-ն, կազմակերպության 2024 թվականի բյուջեն պետք է ճշգրտվի։ Այդուհանդերձ, ընդգծվում է ԱԳՆ հայտարարության մեջ, կազմակերպությունը շարունակում է գործել սովորական ռեժիմով, որոշ դեպքերում ՀԱՊԿ քարտուղարությունը կարող է օգտագործել առկա ռեզերվները։
Հայաստանի ներդրումը ՀԱՊԿ-ում 2024 թվականի համար սահմանվել է 53,22 մլն ռուբլի։
Հիշեցնենք՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին ասել էր, որ Հայաստանը «սառեցրել է» իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։ Մայիսին Հայաստանը դադարեցրել է այս կազմակերպության ֆինանսավորումը։