Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի և Խաչատուր Պողոսյանի ու Սամվել Հարությունյանի գործով բողոքի քննությունը: Դատական նիստին չէին ներկայացել Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը և Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը:
Ալեքսանդր Սիրունյանը երեկ դատարանին գրություն էր ուղարկել, նշելով, որ հորեղբոր հուղարկավորության պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստի և խնդրել էր իր բացակայությունը համարել հարգելի, հետաձգել դատական նիստը: Վարդան Սեդրակյանը ևս նշեց, որ առարկում է դատական նիստն առանց պաշտպանի սկսելուն:
Սամվել Հարությունյանի պաշտպան Գայանե Գալոյանը նախապես տեղյակ չէր պահել դատարանին իր չներկայանալու մասին:
Դատավորության կողմերը չառարկեցին Ալեքսանդր Սիրունյան միջնորդությանը դատական նիստը հետաձգելու մասին: Մեղադրող դատախազ Արամ Ամիրզադյանը նշեց, որ երկու պաշտպանների բացակայության պայմաններում հնարավոր չէ սկսել դատական նիստը:
Դատարանը, հաշվի առնելով կողմերի կարծիքները, որոշեց բավարարել պաշտպանի միջնորդություն և հետաձգել դատական նիստը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 25-ին, ժամը 14:00-ին:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանին դատապարտել էր 14 տարվա ազատազրկման, Խաչատուր Պողոսյանին` 14, Սամվել Հարությունյանին` 12:
Արև Ավագյան
Իրավաբան.net