Սուրեն Սահակյանի կյանքի 97 անմոռանալի օրերը

«Հաճախ են ասում, թե նստացույց անողները պարապ մարդիկ են, աշխատանք չունեն և իրենց առօրյան լցնում են դրանով: Ինչպես ես, այնպես էլ մյուս երիտասարդները այդ քայլին գնացել ենք բացառապես գիտակցելով հանրային շահի գերակայությունը, և մեր երկրում շատ բան ավելի լավ կլիներ, քան հիմա, եթե քաղաքացիներից յուրաքանչյուրն ընդհանուր շահը վեր դասեր անձնական բարեկեցությունից»,- ասում է քաղաքացիական ակտիվիստ, քաղաքապետարանի դիմաց անցկացված նստացույցի մասնակից Սուրեն Սահակյանը:

Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում նա պատմեց, թե ինչպես է որոշել թողնել ամեն ինչ և մասնակացել քաղաքացիական պայքարին: Վերջինիս համար պայքարը սկսելու նախադրյալ է եղել այն համոզմունքը, որ այսպես ապրել այլևս անհնար է. «Ես իմ համեստ մասնակցությունն եմ ունեցել քաղաքացիների՝ հանրային օրակարգում հայտնված մի շարք հարցերով ընդվզումների ալիքներին: Դրանցից վերջինը՝ քաղաքային ուղևորափոխադրումների սակագների բարձրացման խնդիրն էր և նստացույցը»:

Սուրենը մասնագիտությամբ ֆինանսիստ է, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը: Դեռևս 2-րդ կուրսից տարվել է գրաֆիկական դիզայնով և իր ուժերը փորձել այդ ոլորտում. «Զբաղվել եմ ինքնակրթությամբ: Այս ոլորտում հաջողության հասնելուն ինձ օգնեցին Մոսկվայում անցկացրածս 4 աշխատանքային տարիները: Օտար միջավայրում ապրելն օգնեց նաև վերաարժևորել քոնը: Այդ տարիները մոտս համոզմունք ձևավորեցին, որ ուզում եմ ապրել, աշխատել հայրենիքում, այլ վայրում ես ինձ ուղղակի չեմ պատկերացնում»:

Երբ վերադառնում է հայրենիք՝ սկսում է զբաղվել գրաֆիկական դիզայնով: Աշխատանքից զատ ունենում է նաև ազատ ժամանակ և զբաղվում սպորտով: Մեր զրուցակիցը ժպիտով է պատմում, որ նախքան տրանսպորտի սակագների բարձրացման հետ կապված ակցիաները, ամեն առավոտ 7-8 կիլոմետր վազում էր. «Առավոտյան վազելուց բացի զբաղվում էի նաև լողով, մարմնամարզությամբ: Ազատ ժամանակ շատ էի զբաղվում ընթերցանությամբ: Ցավոք, նստացույցը ժամանակավորապես զրկեց այդ հնարավորությունից, մտադիր եմ վերականգնել ռեժիմս: Ժամանակի սղության պատճառով արվեստի հետ շփվելն էլ սահմանափակվում է միայն ֆիլմեր դիտելով. ընթերցանության համար ժամանակ չի մնում»:

Սուրենն արդեն որոշել է, տրանսպորտի խնդրի բարեհաջող ավարտից հետո կմեկնի հանգստանալու՝ ինչպես ինքն է ասում՝ զինված 2-3 հաստափոր գրքով:

97 օր տևած նստացույցը լուրջ փորձություն է եղել երիտասարդներից յուրաքանչյուրի համար: «Նախ փորձեցին անտանելի պայմաններ ստեղծել մասնակիցների համար՝ առաջին երկու օրը անցկացրինք խավարի մեջ, քաղաքապետարանի և փողոցի կողմից անընդհատ փորձ էր արվում ջրել մեզ, հարակից տարածքները ջրվում էին մշտապես՝ շատ կարճատև դադարներով, սադրանքներ էին իրականացվում համարյա ամեն օր: Այնուհետև փորձեցին կաշառել, հետո տարբեր օղակներից փորձեցին ճնշել հարազատների, բարեկամների միջոցով, հետո գործի անցավ ոստիկանությունը՝ պարբերաբար անհեթեթ պատճառաբանություններով բերման ենթարկելով, այնուհետև սկսեցին քրեական տարրերը ոստիկանության թողտվությամբ բռնի ուժ կիրառել աջակիցների նկատմամբ և, չնայած այդ միջադեպերը կատարվում էին քաղաքի կենտրոնում, լուսավոր վայրերում, տեսախցիկների հսկողության տակ գտնվող տարածքներում՝ հանցագործները այդպես էլ չհայտնաբերվեցին»,- հիշելով անցկացրած նստացույցը՝ պատմում է Սուրենը, ապա հավելում, որ նստացույցի մասնակիցները զրկված են եղել նաև ազատ խոսքի իրավունքից. «Նստացույցի սկզբում ունեինք 2 բարձրախոս, որոնցից մեկն առգրավեցին, երբ մենք մեր պահանջներն էինք բարձրաձայնում: Այդ արարքի համար բերման ենթարկեցին և վարչական պատասխանատվության ենթարկեցին: Երկրորդ բարձախոսը ուղղակի հափշտակեցին՝ նման միջադեպերի կրկնությունը բացառելու նպատակով: Անցել է վարչական վարույթի համար օրենքով նախատեսված 2 ամիսը, սակայն բարձրախոսները դեռևս մեզ չեն վերադարձվել»:

Սուրեն Սահակյանի փոխանցմամբ՝ նստացույցի առաջին ամիսն անցել է մարդու առողջության համար խիստ վնասակար պայմաններում. «ՄԻՊ գրասենյակը վարույթ էր ընդունել վրանի կամ հովանոցի տեղադրմանը ոստիկանության կողմից խոչընդոտներ հարուցելու մասին մեր դիմումը և վարույթն իրականացնելիս, հենվելով ՀայՀիդրոմետ ծառայության տվյալների վրա, պարզել էր, որ առաջին ամսում նստացույցն անցել է մարդու առողջության համար խիստ վնասակար պայմաններում: Սակայն ոստիկանությունը մինչև վերջին օրը թույլ չտվեց ո՛չ վրան, ո՛չ հովանոց տեղադրել: Ավելին, մի քանի անգամ բերման են ենթարկել նման փորձ կատարող մարդկանց: ՄԻՊ հարցմանն ի պատասխան ոստիկանությունը նշել էր, որ հավաքի մասնակիցների առողջությանը կարող է վտանգ չսպառնալ, եթե նրանք գտնվեն մոտակայքում կայանած մեքենաների մեջ: Սակայն՝ նստացույցի 58-րդ օրը տարհանեցին նաև այդ մեքենաները՝ իբր խախտել էինք երթևեկության կանոնները՝ կայանելով կանգառի համար արգելված: Այնինչ այդտեղ կանգառն արգելող նշանն ուղղակի բացակայում է: Մեր առողջությանը պատճառված վնասի համար պատասխանատու է պետությունը, քանի որ կրում է վտանգի տակ գտնվող անձի կյանքի պաշտպանության համար կանխարգելիչ միջոցներ կիրառելու և առողջության պահպանման իրավունքի ապահովման պարտավորություն»:

Մեր զրուցակցի խոսքով՝ նստացույցի տված արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Նախ՝ դեռ չի ավարտվել պրոցեսը, որի մի մաս էր նստացույցը: Միայն պրոցեսի ավարտից և այն գնահատելուց  հետո կտեսնենք, թե ինչ իրական արդյունքներ է տվել: Նստացույցի միջոցով էր նաև, որ տրանսպորտի խնդիրը պահվեց որպես օրակարգային կարևոր հարց: Միաժամանակ այն կաշկանդում էր ոլորտի պատասխանատուներին, որպեսզի վերջիններս հանգիստ չկարողանան կատարել իրենց սև գործը. «Չմոռանանք, որ հանձնաժողովը ստեղծվեց միայն այն բանից հետո, երբ նստացույցի մասնակիցների կամ աջակիցների հանդեպ ֆիզիկական բռնություններ կիրառելուց հետո նրանց թիվը պակասեց: Պատասխանատվության հարցը, կարծես, դարձել է հանրային քննարկումների թեմա, և դրա մեջ մեծ կարևորություն եմ տալիս տևական նստացույցին: Գուցե, եթե շատ կարճ ժամանակում, ավելի մեծ ճնշման պայմաններում այդ երկու պաշտոնյաներին արագ հեռացնեին, հանրությունը այդպես էլ չընկալեր պատասխանտվության ինստիտուտի կայացման կարևորությունը: Նստացույցի շնորհիվ կոտրվեց նաև Տարոն Մարգարյանի՝ 20 տարվա լավագույն քաղաքապետ լինելու առասպելը: Քաղաքում փոփոխությունները միայն կոսմետիկ են: Կոսմետիկ են նաև ոստիկանության բարեփոխումները, որ իբր թե սկսվել էին Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման սկզբից: Հետաքրքիր էր նաև, թե համակարգն ինչ մեթոդներ կօգտագործի քաղաքացիական հանրության դեմ ստվերային պայքարում, նստացույցի 97 օրերը ցույց տվեցին, որ ոստիկանությունը դրսևորում է ժողովրդավարական  համակարգերին ոչ հատուկ գործելաոճ»:

Նստացույցի մասնակիցները պատրաստվում են դիմել դատարան, որտեղ ի հայտ կգա ոստիկանության կատարած բոլոր կամայականությունները:

«Ես հպարտանում եմ այժմյան անկախության սերնդի պահվածքով: Ի տարբերություն միջին և ավագ տարիքի մարդկանց, նրանք հաստատուն մնացին իրենց համոզմունքներում՝ դրանց համար պայքարելով թե՛ տանը, թե՛ քրեական տարրերին դեմհանդիման՝ քաղաքի տիրոջ իրենց իրավունքը իրացնելով»,- եզրափակելով իր խոսքը` հավելեց մեր զրուցակիցը:

Արև Ավագյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել