Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է Ղազախստանի ժողովրդին՝ ջրհեղեղի հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված։
Այս մասին հայտնում է Sputnik Казахстан-ը։
Նա նշել է՝ թերևս սա վերջին 80 տարվա ընթացքում ամենամեծ ջրհեղեղն էր, հանրապետության 10 մարզերում հայտարարվել է արտակարգ դրություն, ստեղծվել է հանրապետական շտաբը՝ վարչապետի գլխավորությամբ, վիճակը բարդ է, բայց կարևորը մարդկային զոհերի կանխումն է, բոլոր նյութական կորուստները կփոխհատուցվեն, քաղաքացիները պետք է վստահեն միայն պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին։
Դիմելով ջրհեղեղից տուժած քաղաքացիներին՝ նա հայտարարել է, որ ոչ ոք առանց պետության ուշադրության չի մնա, բոլորին կտրամադրվի ֆինանսական և այլ անհրաժեշտ օգնություն, կփոխհատուցվեն նյութական բոլոր վնասները։
Նա նաև ընդգծել է, որ պետք է բոլոր դասերը քաղեն այս զանգվածային ջրհեղեղներից, դրանք շատ են՝ սկսած բնական աղետների կանխարգելման կազմակերպչական միջոցառումների թերացումներից, ջրամատակարարման աշխատողների պակասից, և վերջացրած բնության հանդեպ իրենց արհամարհական վերաբերմունքով:
Կառավարությունը և տեղական իշխանությունները պետք է շարունակեն արդյունավետորեն համակարգել ջրհեղեղների դեմ պայքարի ջանքերը, ջրածածկ տարածքներում պետք է կարգուկանոն ապահովել։ Տոկաևի հրամանով ՊՆ-ն լրացուցիչ ուժեր կուղարկի աղետի դեմ պայքարելու համար։