Այսօր՝ ժամը 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։
«Մեկ հոգի այս պահին զինված շարունակում է մնալ ոստիկանության բաժնի դիմաց: Ձեռնարկվում են համապատասխան աշխատանքներ՝ նրան վնասազերծելու համար»,-այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:
Ավելի վաղ քաղաքագետ Հրանտ Տեր-Աբրահամյանը հայտարարություն էր տարածել ու նշել․ «Լկտի անբարոյական սուտ է, որ «Մարտական եղբայրությունը» որևէ կապ ունի Երևանում պայթյունների հետ։
Որևէ նման գործողություն արմատապես հակասում է մեր արժեհամակարգին։ Մեր բոլոր անդամներն այս պահին ազատության մեջ են»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ տեղեկություն էր տարածվել, որ Նոր Նորքում զինված տղամարդիկ են մտել ոստիկանության շենք, գրել է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը ու կից տեսանյութ հրապարակել։