Մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է ի հիշատակ մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մարտի 24-ը սգո օր հայտարարելու որոշումը ռուսաստանցիներին նախօրեին հատուկ ուղերձով հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա Մոսկվայի մարզում տեղի ունեցածն անվանել է «արյունալի, բարբարոսական ահաբեկչություն» և խոստացել, որ հանցագործության մեղավորները, կազմակերպիչները և պատվիրատուները կստանան արդար և անխուսափելի պատիժ:
Ռուսաստանում սգո օր հայտարարելու իրավունք ունի միայն նախագահը։ Այս օրը ազգային դրոշներն իջեցված են, իսկ մշակութային հաստատություններին խորհուրդ է տրվում չեղարկել ժամանցային միջոցառումները։ Հեռուստաալիքները հրաժարվում են գովազդային և ժամանցային հաղորդումներից։