Թափոնների կառավարման համակարգը կդառնա առավել ճկուն և արդյունավետ. նախագիծ

Շրջակա միջավայրի նախարարությունը թափոնների կառավարման ոլորտում առկա խնդիրների լուծման, թափոնների կառավարման համակարգի կատարելագործման, օրենսդրական բարեփոխումների շարունակական ընթացքն ապահովելու նպատակով նախաձեռնել է օրենսդրական փոփոխությունների իրականացման գործընթաց: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը սեպտեմբերի 24-ի՝ ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստի ընթացքում: Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ազգային Ժողովից։

Քննարկվել է ««Թափոնների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցողի ներկայացմամբ՝ նախաձեռնվել են մի շարք փոփոխություններ, որոնք թափոնների կառավարման համակարգը կդարձնեն առավել ճկուն և արդյունավետ: Մասնավորապես, օրենքը կլրացվի վտանգավոր թափոնների համար «պոլիգոն», «թափոնների սեփականատեր», «թափոնների կուտակում» հասկացություններով, կամրագրվեն թափոնների արդյունավետ կառավարման սկզբունքները:

Օրենսդրական նախաձեռնությամբ կամրագրվեն վտանգավոր թափոնների գործածության, գործունեության լիցենզավորման պահանջները և գործընթացի հիմնական կարգավորումները, կհստակեցվեն Կառավարության և լիազոր մարմնի իրավասությունները: Առաջարկվող լրացումներով կամրագրվեն ոլորտը կանոնակարգող նորմատիվ իրավական ակտերի ընդունման համար իրավական հիմքերը, թափոնների հաշվառման կարգի և գործածության կանոնների ու պահանջների սահմանումները, կհստակեցվեն վտանգավոր թափոնների անձնագրավորման, հաշվառման, վիճակագրական հաշվետվությունների ներկայացման գործընթացները:

Նշվել է, որ նախագծերի ընդունմամբ ակնկալվում է, որ կկանխվի ապօրինի աղբավայրերի շահագործումը, իսկ աղբավայրերը տնօրինողներն առավել հետևողական կլինեն աղբավայրերի պատշաճ շահագործման հարցում:

Արա Մկրտչյանը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ առաջարկվող կարգավորումների և խստացումների վերաբերյալ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել