«Գյուղի տղաները զոհվել են, կանայք ու երեխաներն էլ ոտքով փախել են»․ պատմություն հայաթափված Արցախից

Բռնի տեղահանվել ենք քաղաք Ստեփանակերտից։ Այս մասին «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Վիկտորյա Պետրոսյանը։

«Երբ 44-օրյա պատերազմը սկսվեց, ամուսինս մեզ թողել է նկուղում, ինքը գնացել է դիրքեր՝ ինձ հորդորելով, որ երեխաներին վերցնեմ ու առաջին պատահած մեքենայով դուրս գամ Արցախից։ Մի քանի շանս կար դուրս գալու, բայց ես բոլորին մերժել եմ, որ մնամ Արցախում։ Հետո այդ լուրը հասել էր ամուսնուս, նա իր Երևանի ընկերոջն էր ուղարկել իմ հետևից։ Սեպտեմբերի 30-ի գիշերը դուրս եկանք։ Մի քանի ամիս մնացինք Հայաստանում, բայց հետո ետ վերադարձանք, մեր ամեն ինչը կարգավորեցինք, մեր բալիկներին մանկապարտեզ տարանք, ամեն ինչ կարծես թե հունի մեջ էր ընկել։ Այդ ամենից հետո ես մտածել եմ, որ դեռ երկու տղա երեխա էլ պետք է ունենամ։ Իմ երրորդ բալիկին պատերազմից հետո եմ ունեցել ու դրանով ուզում էի մեր հողին իմ ամուր կառչած լինելը ցույց տայի, որ ինչ էլ լինի, մենք պետք է կանգնենք մեր հողին։ Ինձ համար մի մեծ հույս կար, որ կարողանալու ենք ինչ-որ ձև պահել մերը, չիմացանք, որ թիկունքում ուրիշ բաներ է կատարվում, դրա համար մեր ուժերից վեր էր ամեն ինչ, ստիպված թողեցինք ու եկանք»,-նշեց նա։

Արցախը շուրջ ինը ամիս ապօրինի շրջափակված էր։ Մեր զրուցակիցն ասում է՝ դժվար էր, անասելի դժվար էր։ Բայց այդ դժվարությունն էլ է հաղթահարել՝ նորից հուսալով, որ կմնա իր հողում, իր տանը․ «Երբեք չեմ տրտնջացել։ Ամենից մեծ դժվարությունը տրանսպորտ չլինելու ու ոտքով շրջելու խնդիրն էր։ Նույնիսկ բալիկիս պատվաստումների համար ոտքով էի հասնում հիվանդանոց։ Մի անգամ նույնիսկ շատ ուժեղ անձրևի տակ ենք մնացել։ Մի գազարը երկու մասի էի բաժանում ու երկու օր էի ճաշ եփում։ Չենք ապրել՝ գոյատևել ենք, բայց կարևորը՝ երջանիկ էինք»,-ասաց նա։

Վիկտորյան 10 ամսական Աստղիկի հետ տանը մենակ է եղել, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամին հերթական ագրեսիան սանձազերծեց Արցախի դեմ․ «Առանց ձեթի ճաշ էի պատրաստել, բալիկս մեծ հավեսով կերավ։ Նույնիսկ նկարն ուղարկել էի ամուսնուս, ասաց՝ ես տենց ճաշեր սիրում եմ, անպայման կպահես, գամ, ուտեմ։ Ես էլ մտածում էի կասի՝ էդ ինչ ա, որ եփել ես։ Պատրաստվում էի երեխայիս քնացնել։ Բարձր ձայներ լսվեցի, բացեցի դուռը մեր հարևանի տղան ասաց՝ սնարյադի ձայներ են։ Որ այդպես ասաց, արդեն ես փշաքաղվեցի, Աստղիկի հետ մենակ էի, մի երեխաս ուրիշ ուղղության վրա էր, մյուսը՝ ուրիշ։ Ահաբեկված էի, չէի կողմնորոշվում, թե ուր վազեմ»,-պատմում է մեր զրուցակիցը։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել