Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ մարտի 19-ին, դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն Սեդրակ Առուստամյանի վերաբերյալ գործի քննությունը։
ԲՀԿ առաջնորդը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում դատավորը հայտնեց՝ գրավոր ապացույցների՝ խուզարկությամբ առգրավված փաստաթղթերի հետազոտում է իրականացվելու։ Հանրային մեղադրող Դավիթ Աղաջանյանը ներկայացրեց Գեղարքունիքի մարզի ընտրատեղամասերում ամբաստանյալ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված ենթադրյալ ծախսերը։
Նա նշեց՝ Գեղարքունիքի մարզի ընտրատեղամասերից մեկում հետևյալ տվյալներն են գրանցված՝ շտաբի վարձ՝ 20․000 դրամ, հոսանքի վարձ՝ 20․000 դրամ, էլեկտրական պլիտա մեկ հատ 10․000 դրամ, սեղան և չորս աթոռ՝ 50․000 դրամ, շտաբի ղեկավարին գազ, բենզին՝ 50․ 000 դրամ, շտաբի ղեկավարի աշխատավարձ՝ 50․ 000 դրամ։
Դատախազությունը պնդում է, որ ըստ ձեռք բերված տվյալների՝ մեկ ակտիվիստը հավասար է եղել մեկ ձայնի, 50․000 դրամի։
Դավիթ Աղաջանյանը նշեց, որ փաստաթղթի վերջնամասում առկա է գրառում փետրվար ամսվա ընդհանուր ծախսերի վերաբերյալ․ 200 ակտիվիստ + նախընտրական ծախս, կազմել է մոտավորապես 27 միլիոն 800 հազար դրամից 25 միլիոն դրամ։
Նշված «գնացուցակները» հրապարակելով դատախազը դատարանում փորձում է հիմնավորել, որ Գագիկ Ծառուկյանը Գեղարքունիքի մարզում ԱԺ պատգամավորի ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է տվել ընտրողներին։
Ըստ հերթականության ներկայացվեցին 2012 և 2017 թվականների ԲՀԿ և ՀՀԿ կուսակցությունների ընտրության տվյալները, մասնավորապես՝ ընտրատեղամասերի համայնքների անունները, հեռախոսահամարները, քվեարկության արդյունքները։
Օրինակ՝ Գեղհովիտ համայնքում ընտրությունների ժամանակ որպես պատասխանատու նշված են եղել 4 անձի տվյալներ։ Քվեների թվին համապատասխան նշված է եղել նաև ակտիվիստներին տրված գումարները․ «Ընդհանուր՝ 42 շտաբ, 1 շտաբի համար 20․000 դրամ, հոսանքի վարձ 20․000 դրամ, շտաբի ղեկավարի աշխատավարձ՝ 100․000 դրամ»։
Դավիթ Աղաջանյանը հայտնեց նաև, որ առկա են աղյուսակներ, որտեղ համարակալված են ակտիվիստների տվյալները, օրինակ՝ մեկ ակտիվիստին մեկ ընտրողի տեղաշարժի համար տրվել է 2000 դրամ, 6000 ընտրողի համար վճարվել է 12 միլիոն դրամ:
Պաշտպանական կողմը նշեց, որ խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված բոլոր փաստաթղթերի հրապարակումից հետո միայն հանդես կգան հայտարարությամբ։
Այս գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 4-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։