Թուրքի ձեռքը կպավ ինձ, շատ տհաճ էր․ Նաիրա Գրիգորյանը՝ Հակարին անցնելու մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Նաիրա Գրիգորյանը   «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղից։

«2020թ․-ի պատերազմից հետո վերադարձանք Արցախ։ Հա՛մ վախ կար, հա՛մ կարոտ կար հայրենիքի հանդեպ։ Վերադարձել էինք նորից մեր գյուղ՝ Նորագյուղ։ Մեր հայրենիքի հանդեպ կարոտը մեզ ստիպել է ամեն ինչի դիմանալ՝ մնացել ենք սոված, առանց լույս, առանց գազ, բայց մեկ ա, էդ պայմաններում ավելի լավ էինք ապրում, քան էստեղ»,- ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ շրջափակման մասին խոսել անդամ չի կարող․ չի լինի պատմել։

«Ապրել ենք հացի հերթում, սննդի հերթում, Մի բան կարողանում էինք առնել, ուրախանում էինք․ մտածում էին՝ մի բան տանում ենք տուն։ Մի կերպ ապրում էինք։ Երբ 2023թ․-ին պատերազմը սկսվեց, աղջկաս հետ տանն էի։ Չպատկերացրին՝ ինչ պատահեց մեր հետ էդ ժամանակ։ Էն վախը, էն զգացողությունը․․․ Ահավոր վիճակ էր։ Իմացանք, թե վայրկյանների ընթացքում Ղարաբաղը քանդեցին։ Հետո գնացինք, պատսպարվեցինք նկուղում։ Ասում էին, որ պիտի դուրս գանք, բայց չէինք հավատում։ Հարևաններով հավաքված հաց էինք թխում։ Ամեն օր 3-4 անգամ հաց ենք թխել, ուղարկել Ստեփանակերտի օդանավակայան, որ էնտեղ տեղահանված ժողովրդին օգնենք, բայց որ պիտի դուրս գայինք․․․ Չէինք հավատում։ Չէ՛, էլի․․․ Էդ սուտ էր մեզ համար»,- պատմում է տիկին Նաիրան։

Ասում է՝ դուրս են եկել այնպես, որ էլի հետ էն գալու, ինչպես 2020թ․-ին։ Ոչինչ չեն վերցրել իրենց հետ։

«Անգամ երեխաների համար մի նորմալ հագուստ չենք վերցրել։ Մեկ օր ճանապարհ ենք էկել մինչև Գորիս։Հակարիի կամուրջը մեծ վախով ենք անցել։ Մի թուրք էր, սաղին հաշվում էր, ամեն անգամ հաշվելիս ձեռքով ինձ էր կպնում։ Վախենում էի, կծկվում էի։ Թուրքի ձեռք էր կպնում, շատ տհաճ էր։ Հաշվում էր՝ քանի կին, քանի աղջիկ, քանի տղա, քանի մեծ մարդ կային»,- հիշում է մեր զրուցակիցը։


Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
 Հասմիկ Սարգսյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել