Շրջափակման պայմաններում ապրելը շատ դժվար էր, բայց հիմա երանի ենք տալիս էդ օրերին․ Արցախից բռնի տեղահանված ընտանիքը բնակության վայրի խնդիր ունի

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Հասմիկ Ալեքսանյանը   «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ստեփանակերտից։

2020թ․-ի պատերազմին ինքը հղի էր, երբ ստիպված եղան դուրս գալ Ստեփանակերտից։ Արցախ վերադարձել են նոյեմբերի 15-ին , երբ հայտնի դարձավ, որ խաղաղապահներ են տեղակայվել։

«Վախենում էինք, մանավանդ, որ տանը անչափահաս երեխաներ ունեինք, բայց նաև մտածում էինք, որ պետք է մնանք մեր տանը, Արցախը չպետք է հայաթափվի։ Վախենալով ապրում էինք, կրակոցները շատ լավ լսվում էին մեր տնից, օրումեջ գազն էին կտրում։ Շրջափակման պայմաններում ապրելը շատ դժվար էր, ճիշտ է՝ հիմա երանի ենք տալիս էդ օրերին․ մեր տանն էինք, մեր մայր հողում էինք։ Ամեն մեկս իրար օգնում էինք, ով ինչ ուներ, կիսվում էինք, սնունդը չափի մեջ էինք օգտագործում։ Հատկապես երեխաների համար էր դժվար․ մի քաղցրավենիք էլ չկար։ Շատ բան չէին հասկանում, ասում էինք՝ խանութներում ապրանք չեն բերում, բայց տղաս հասկանում էր ամեն ինչ, սակայն չէր բարձրաձայնում»,- -ասաց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով՝ 2023թ․-ի պատերազմին իրեն տանն էին, բայց լարված էին․ արդեն մի քանի օր հացի  հերթերում էին։

«Առավոտյան տղայիս ուղարկեցի դպրոց։ Ժամը 12-ն անց էր, երբ առաջին կրակոցները լսվեցին՝ մեկը ոտաբոբիկ, մեկը կիսատկլոր, բոլորս խառնված էինք։ Ամուսինս միանգամից գնաց երեխային դպրոցից բերելու, բայց չգտավ։ Ես էլ փոքրիկիս վերցրի, մտանք նկուղ։ Մինչև ուշ երեկո տղայիցս նորություն չունեի։ Հետո նոր ամուսինս երեխայի հետ եկավ։ Էդ գիշեր մնացինք նկուղում, շատ վատ օրեր էին»,- պատմում է տիկին Հասմիկը։

Ասում է՝ սկզբում որոշել էին Արցախից դուրս չգալ․ դա ադրբեջանցիների նպատակն էր, այդպես են վարվում, որ Արցախը հայաթափեն։

«Հետո ասեցին, որ թշնամին մտել է Ստեփանակերտ, արդեն ահուսարսափի մեջ էինք։ Մնալու ոչ մի պայման չկար, որոշեցինք դուրս գալ։ Այդ ճանապարհին էլ վախենում էինք, անցակետում թշնամին բացեց մեր դուռը, հարցրին քանի հոգի ենք։ Արցախում մեր տունը թողեցինք ու ոչ մի բան մեզ հետ չենք վերցրել։ Հայաստանում էլ բնակության վայրի հետ խնդիր ունենք, վարձը շատ թանկ է։ Աշխատանք էլ դեռ չենք գտել, դժվար է ամեն ինչ»,-պատմեց մեր զրուցակիցը։

Տիկին Հասմիկը նշում է, որ դիտարկում են Արցախ վերադառնալը միայն այն դեպքում, երբ ոչ մի ադրբեջանցի այնտեղ չի լինի։


Iravaban.netը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել