Այսօր լրանում է Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: Նա ՎՊ նախագահ է նշանակվել 2007թ. նոյեմբերի 5-ին:
Վերահսկիչ պալատի մասին ՀՀ օրենքի համաձայն` Վերահսկիչ պալատի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի առաջարկությամբ՝ Ազգային ժողովի կողմից՝ 6 տարի ժամկետով։ Ընդ որում` նույն անձը չի կարող ավելի քան 2 անգամ անընդմեջ նշանակվել Վերահսկիչ պալատի նախագահ:
Սա նշանակում է, որ առաջիկայում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը ՎՊ նախագահի թեկնածու կառաջարկի Ազգային ժողովին:
Նշենք, որ Վերահսկիչ պալատի նախագահ կարող է նշանակվել 25 տարին լրացած, վերջին 5 տարում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին 5 տարում Հայաստանում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող անձը։
Լուսանկարը` photolur-ի