Այսօր` նոյեմբերի 5-ին, Սահմանադրական դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առել քաղաքացի Արթուր Խաչատրյանի դիմումը` Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման իրավունքի բացակայության սահմանադրականության հարցը:
2012-ին ՄԻԵԴ-ը երկու որոշում է կայացրել ընդդեմ Հայաստանի, համաձայն որի` առնվազն կյանքի իրավունքի խախտման, արգելված վերաբերմունքի իրավունքի խախտման և անօրինական կալանքի դիմաց ներպետական իրավունքում բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման հնարավորության բացակայությունն ինքնին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտում է:
Դրա հիման վրա բերվել է սույն դիմումը, խնդրելով ՍԴ-ին մեկնաբանել Քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածում նշված իրավունքի բացակայության սահմանադրականության հարցը` բոլոր իրավահարաբերությունների առումով:
Նշենք նաև, որ մինչև այդ Փաստաբանների պալատի անունից Նախարարների կոմիտեին ներկայացվել է կոմունիկացիա, համաձայն որ` Հայաստանը չի կատարում նշված ՄԻԵԴ երկու վճիռները, քանի որ որևէ քայլ չի ձեռնարկում բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցման ինստիտուտը ներպետական օրենսդրությամբ ամրագրելու համար:
Կառավարությունն իր պատասխանում հավաստիացրել է Նախարարների կոմիտեին, որ արդեն շրջանառության մեջ է դրվել նշված իրավունքի ամրագրման մասին նախագիծ և նախատեսվում է այդ իրավունքը ամրագրել օրենսդրության մեջ 2015թ.-ին: