Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հրավիիրել է խորհրդարանական լսումներ: Քննարկումների առանցքում ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթն է: «ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի վերաբերյալ» թեմայով քննարկման ժամանակ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության իրավաբան Արկադի Սահակյանն ասաց, որ պետք է նախագիծը դիտարկել երկիր տաղանդներ բերելու և տաղանդներին պահելու նախագիծ։
«Առաջին անգամն է, որ մենք հասկացությունների մակարդակով փորձել ենք հենց այս նախագծում տալ և՛ ՏՏ, և՛ ԲՏԱ սահմանումը, հենց այն նկատառումներով որպեսզի մենք շատ հստակ և ճկուն լինենք վաղվա մեր զարգացումներում, որովհետև աշխարհը շատ արագ է զարգանում և մենք այսօր չենք մրցակցում։ Այսօր մենք մրցակցում ենք պետություններով, երկրներով և մրցակցության մեջ հաղթելու են նրանք, ովքեր կբերեն այդ տաղանդն իրենց երկիր և մրցունակ կլինեն աշխարհում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ օրենսդրական փաթեթը միտված է երկրի անվտանգության բարձրացմանը։
«Առանց բարձր տեխնոլոգիական ոլորտի արդյունաբերության մենք չենք կարող վաղն ունենալ հրաշալի ռազմարդյունաբերություն, որը մեր երազանքն է, որպես երկրի անվտանգության գլխավոր երաշխիք, որովհետև այսօրվա պատերազմներն ինչպես տեսնում եք տեխնոլոգիական են։ Այսօրվա պատերազմները միայն ուղեղի և տեխնոլոգիաների պատերազմներ են, ուստի մենք ուղղակի իրավունք չունենք դուրս մնալ աշխարհի մրցակցությունից։ Մենք շատ ենք հետ ընկել, պետք է արագ անցնենք առաջ, որպեսզի վաղը չուշանանք»,-նշեց Արկադի Սահակյանը։