Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Արևիկ Պետրոսյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ստեփանակերտից։
2020 թվականին նախ տեղահանվել են հայրական տնից, որ Մարտակերտի շրջանի Նոր Սեյսուլան գյուղից։
«2020թ․-ի պատերազմի ժամանակ ոչ միայն տունս եմ կորցրել, կորցրել եմ նաև հարազատ եղբորս․ նա կամավորական էր։ Դրանից հետ շատ դժվար էր վերադառնալը, բայց հետո սկսում ես կարոտել ԱրցախԸ։ ԱՐցախը ստիպում է իրեն կարոտել, Արցախի հողը միշտ կանչում է։ Մենք այլ տեղ չէինք պատկերացնում մեր կյանքը, վերադարձանք Արցախ, սկսեցինք այնտեղ աշխատել»,- ասաց մեր զրուցակիցը։
Նա ընդգծում է, որ 9 ամիս շրջափակման մեջ մնալով՝ սկզբում չէին պատկերացնում՝ ինչ է կատարվում, հետո արդեն, երբ ամեն ինչ սպառվեց հասկացան՝ ամեն ինչ լուրջ է՝ «Մինչ այդ մտածում էինք՝ ոչինչ լավ կլինի, կդիմանանք»։
«Վերջում արդեն բոլորս էլ պատկերացնում էինք՝ էդ վիճակը ինչի կհանգեցնի։ Իրականում շատ դժվար է երեխայի աչքերին նայել, երբ նա կանգնել է սովի դիմաց։ Ես կարողանում էի մի քանի բան հայթհայթել․ մեկ երեխային պահելն ավելի հեշտ է, քան չորս։ Մեր կողքին ապրում էին երեխաներ, որոնք ավելի դժվար վիճակում էին։ Եթե գտնում էիր ինչ-որ մի բան քո երեխայի համար , մեղավոր էիր զգում, որ երբեմն չես կարողանում կիսվել հարևանի հետ»,- պատմեց Արևիկը;
Նրա խոսքով՝ 2023թ․-ի պատերազմի ժամանակ տանն էին և չէին էլ պատկերացնում, թե ինչ կարող է կատարվել։
«Առաջին պայթյունը լսեցինք ու հասկացանք; Պայթյունները տևել են մեկ օրից ավել և անդադար՝ գիշեր ու ցերեկ։ Մեզ շատ մոտ էին դրանք։ Դա բացատրել չի լինի։ Աղոթում ես Աստծուն, որ քո տան դիմաց չպայթի։ Առաջին հարկում էինք, բազմոցն առաջ էինք տվել, որ ինչ-որ բանով մեզ պաշտպանեինք՝ թեպետ բազմոցը մեզ չէր փրկի։ Բարեկամների երեխաներն էլ էին մեր տանը, թույլ չէի տալիս այդ բազմոցի հետևից դուրս գալ․ իմ մտքերով՝ ես պաշտպանում էի նրանց»,- պատմեց մեր զրուցակիցը։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան