Պայթյունից տուժել են երեխաներս, տեգրս, ամուսնուս քրոջ տղային մինչև հիմա չենք գտել․ արցախցին՝ բռնի տեղահանման մասին

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էլենա Գալստյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ բռնի տեղահանվել է քաղաքամայր Ստեփանակերտից։

Նա 2003թ․-ից մինչև 2023թ․-ի սեպտեմբերը ծառայել է Պաշտպանության բանակում, 2020թ․-ի 44-օրյա պատերազմի ժամանակ ֆիզարձակուրդում է եղել, բայց միևնույն է, չի ցանկացել Արցախից դուրս գալ։

«Ամուսինս ասաց՝ պետք է մենք դուրս գանք, որ ինքն իմանա՝ ինչ է անելու։ Ես չէի ուզում, բայց երբ հասկացա, որ միայնակ եմ մնացել երեխաներիս հետ նկուղում ստիպված եղա դուրս գալ։  Տեղափոխվեցինք Գորիս՝ Քարաշեն գյուղ, մնացինք 2 օր, հետո տեսանք, որ վիճակն ավելի է լարվում, ու էնտեղ էլ են կրակում, տեղափոխվեցինք մեկ այլ տեղ։ Ծանոթի տուն էր, այնտեղ մնում էինք 22 հոգով՝ մեր ընտանիքը, հարսները, քույրս, մորաքույրս, բոլորվ միասին մնում էինք։ Հետո նոյեմբերի 16-ին, երբ ամուսինս եկավ մեր հետևից, վերադարձանք Արցախ։ Վստահ էինք, որ եթե ռուս խաղապահներն էնտեղ են, սաղ լավ կլինի։ Վերադարձանք մեր առօրյային, ապրում էինք»,- պատմում է Էլենան։

Ասում է 2020թ․-ից հետո 3 տարիների ընթացքում, թշնամու կողքին ապրելով, վախ չունեին, թվում էր, որ բոլորն Արցախում զինվորական էին։

«Շրջափակումը մեզ համար մեկ փորձությունն էր։ Մտածում էին՝ սա էլ անցնենք, ամեն ինչ լավ կլինի։ Բոլորս իրար օգնում էինք։ Մթերքներով փոխանակվում էինք։ Էրեխեքին մի կերպ բացատրում էի, ասում էի՝ գիտեկ 90-ականներին ավելի վատ էր, մի քիչ էլ դիմացեք, սաղ լավ կլինի։ Հավատում էինք, որ լավ կլինի, պետք ա դիմանանք։ Այդ ընթացքում էլ չէինք մտածում Արցախից դուրս գալու մասին, բացարձակ։ Ով էլ որ ասում էր՝ ճանապարհը բացեն, ես գնամ, պատասխանում էի՝ անհայրենասեր եք, դավաճան եք։ Այդպես էի մտածում, բայց այնինչ, մենք էլ գնացինք այդ քայլին»,- ասում է նա։

Նրա խոսքով՝ 2023թ․-ի սեպտեմբերին, երբ առաջին կրակոցները եղան, տանը չէր, ձայները լսելուն պես մտել են բանկ, որտեղ էլ մի քանի երեխայի է հանգստացրե։

«Այդ երեխաներին ասում էի մի լացեք, հանգստացեք, բայց մտքումս մտածում էի՝ իմ երեխաները ուր են հիմա։ Մի կերպ հասա տուն, երեխաները նկուղի մեջ էին։ Ասում էի՝ 2 օր դիմացեք, ամեն ինչ կավարտվի։ Սպասում էինք ամուսնուս գալուն կամ զանգին։ Չկար, չէր զանգում, ոչ մեկ չգիտեր՝ ինքը ուր ա։ Մի քանի օր հետո իմացանք, որ ամուսինս շրջափակման մեջ ա։ Որոշել էի՝ ամուսինս գա, բոլորով դուրս ենք գալու, բոլորը գնում էին։ Ամուսինս եկավ, ասեց՝ մենք ոչ մի տեղ չենք գնում, մնում ենք Արցախում։ Հետո որ գնաց զորամաս, իմացավ, որ մնալու հարց չկա, բոլորը դուրս են գալիս։ Էկավ տուն, ասեց՝ ձեզ կուղարկեմ, ես կմնամ։ Բենզին էին բերել, որ դուրս գայինք, բենզինը չհերիքեց, նորից գնացին բենզինի հետևից, պայթյունը եղավ։ Դրա հետևանքով տուժել են երեխաներս, տեգրս, ամուսնուս քրոջս տղան, ում մինչև հիմա չենք ճարել։ Այ, էդ պահից ես ասեցի՝ ինձ ոչ մի բան պետք չի, ես դուրս եմ գալիս»,- Iravaban.net-ի հետ զրույցում ասում է Էլենան։

————————

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել