Հակակոռուպցիոն դատարանում այսօր՝ փետրվարի 14-ին, շարունակվեց ՀՀ 13-րդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված անձանց դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Նիստը նախագահում է դատավոր Կարապետ Բադալյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստը սկսվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետի տեղակալ Տիգրան Ենոքյանի դիրքորոշման հրապարակումից։
Նշենք՝ նախորդ նիստի ընթացքում Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի ներկայացուցիչը միջնորդել էր 2022-ին դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցները մասնակի վերացնել։ Դատախազը նշեց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։
Տիգրան Ենոքյանի ևս մեկ անգամ ընդգծեց․ Արգամ Աբրահամյանի անունով գրանցված գույքերը դիտարկվել են ոչ թե նրանը, այլ Հովիկ Աբրահամյանինը։ Դրանք ամբողջությամբ բռնագանձելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել, հետևաբար՝ այդ գույքերի նկատմամբ կիրառված ապահովման միջոցը ևս պետք է լինի ամբողջական։
Նախագահող դատավոր Կարապետ Բադալյանը նշեց՝ միջնորդության վերաբերյալ որոշումն առանձին դատական ակտի ձևով կհրապարակվի։
Այնուհետև գործով ներգրավված փաստաբանները արագացված դատաքննություն կիրառելու 3 միջնորդություններ ներկայացրին։ Առաջին միջնորդությունը ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը։
Դատախազությունը պահանջում է նախկին վարչապետից բռնագանձել շուրջ 52,6 միլիոն դրամ, ինչպես նաև 18 միլիարդ 697 միլիոն 377 հազար դրամ։ Նշված դրամական պահանջների հիմքում ընկած է ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի վերափոխման կամ օտարման փաստը, իսկ մյուս մասի հիմքում՝ բարեխիղճ ձեռքբերողին փոխանցելու կամ նույնականացման անհնարինության փաստը։
«Խնդրում ենք հայցապահանջի վերոնշյալ պահանջն առանձնացնել և այդ մասով կիրառել արագացված դատաքննություն»,-նշեց Ասատրյանը։
Տիգրան Ենոքյանն այս անգամ ևս ասաց, որ ներկայացված միջնորդությունն անհիմն է։ Դատարանն այն մերժեց, քանի որ հայցի հիմնավոր կամ ոչ հիմնավոր լինելն ակնհայտ չէ, որի դեպքում էլ կիրառվում է արագացված դատաքննությունը։
2-րդ և 3-րդ միջնորդությունները ևս վերաբերում էին արագացված դատաքննությանը։ Դրանք ևս մերժեցին։
Հաջորդ նիստը տեղի կունենա 2024 թվականի մարտի 6-ին։
Մանրամասները՝ տեսանյութերում։