Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Ինարա Աշոտի Հայրապետյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց հայրենիքի բռնագաղթելու իր պատմությունը։ Նա ծնվել է Արցախի Ճարտար քաղաքում։
«Մենք 7 երեխա ենք՝ 5 աղջիկ, 2 տղա։ Հայրս պատերազմի մասնակից էր, պատերազմի ժամանակ մահացել է։ Մայրս 7 անչափահաս երեխաներին մենակ է մեծացրել։ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, եղբայրներս կամավոր գնացին պատերազմ, ամուսինս նույնպես ծառայող էր, ցավոք՝ հոկտեմբերի 23-ին մեծ եղբայրս զոհվեց։ Նույն օրը զոհվեց նաև ամուսնուս եղբայրը՝ թողնելով 2 անչափահաս երեխաներ»,-պատմեց նա։
Ինարայի խոսքով՝ շրջափակման 9 ամիսներն իրենք ամեն դժվարության միջով անցել են։
«Երեխան լացում, կոնֆետ է ուզում, չգիտես՝ ինչ ասես։ Փոքր է, չի էլ հասկանում, որ չկա։ Մուրաբայով կոնֆետ ենք պատրաստել։ Ամեն բան հաղթահարեցինք, որ մնանք Արցախում։ Ես աշխատում էի Ճարտարի և Քերթի արվեստի դպրոցներում, որպես կերպարվեստի ուսուցչուհի, սեպտեմբերի 19-ին պատրաստվում էի աշխատանքի գնալ։ Զանգեցի ամուսնուս, որ գա երեխուն պահի, ես գնամ։ Ամուսինս եկավ տուն, հաց դրեցի, որ ուտենք, հետո նոր գնամ։ Մի քիչ շտապում էի, ամուսինս ասաց՝ ի՞նչ ես շտապում, ոչ մի տեղ մի գնա, պատերազմ․․․ մինչև նախադասությունը կավարտեր, սկսվեց պատերազմը»,-պատմում է մեր զրուցակիցը։
Ինարան ասում է, որ պայթյունների ձայներից վախեցած՝ երեխային գրկել ու ոտաբոբիկ վազել է հարևանի տուն, որը նկուղ է ունեցել։
«Ճիշտ է՝ ապահով չէր, բայց բոլոր հարևաններով լացելով, վազելով, մտանք նկուղը։ Մի քիչ մնացինք, հետո մեր բարեկամ մի տղա եկավ, բոլորիս տարավ դպրոցի նկուղ, որ ապահով լինի։ Չնայած՝ ապահով տեղ չկար։ Այնքան մոտիկ էին խփում, որ ամեն րոպե սպասում էինք, որ մեր գլխին է ընկնելու։ Հետո, մի քանի ժամ մնացիք նկուղում։ Երեխաները լացում էին։ Մեկը սովից, մեկի քունն էր տանում, որոշեցինք գնալ տուն։ Նորից բոլոր հարևաններով հավաքվեցինք նկուղում։ Ում տանն ինչ կար ուտելու՝ տարանք։ Միասին պատրաստեցինք, կերակրեցինք երեխաներին։ Վա՜յ, ահավոր էր։ Հետո լուրեր պտտվեցին, որ թուրքերը մտել են գյուղեր։ Պետք է բոլորս հավաքվեինք ու դուրս գայինք։ Վախեցած վազում էինք։ Սեպտեմբերի 27-ին դուրս եկանք Ճարտարից թողնելով ամենաթանկը՝ մեր գերեզմանները, տուն-տեղ։ Ճանապարհին ադրբեջանցիները ստուգեցին մեքենան, հարցրին՝ քանի հոգի ենք»,-պատմում է Ինարան։
Նա նշում է, որ գնացել են Ստեփանակերտ և սպասել, որ մի քիչ վառելիք գտնեն։ Քիչ վառելիք են կարողացել հայթայթել։ Ճանապարհ ընկնելուց 2 օր հետո հասել են Հակարիի կամուրջ, ադրբեջանցիները կանգնեցրել են նրանց ու ստուգում անցկացրել․ «15 հոգով եկանք Երևան։ Բարի մարդիկ մեզ դիմավորեցին իրենց տանը պահեցին, 10 օր հետո մի կերպ վարձով տուն ճարեցինք։ Ուղղակի չափից շատ թանկ են տները»։
Նրա խոսքով՝ եթե հնարավորություն ունենար, թեկուզ մի քանի րոպեով էլ կգնար, կմտներ իրենց գերեզմանոցները, բնակավայրերը։
«Բայց նրանց հետ ապրելը բացառվում է։ Մի տղա երեխա ունեմ, մեծացնեմ, գնա թուրքի բանակում ծառայի՞, հայի դեմ կռվի՞։ Ոչ մի դեպքում»,-նշում է նա։
Հասմիկ Սարգսյան