Վրաստանում փրկարարները գտել են սողանքի վերջին՝ 9-րդ զոհին

Վրաստանում փրկարարները հայտնաբերել են սողանքի հետևանքով մահացած իններորդ մարդու դին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Սողանքը տեղի էր ունեցել Վրաստանի արևմտյան Բաղդատի մունիցիպալիտետի Ներգեթի գյուղում՝ լույս փետրվարի 7-ի գիշերը։ Հողի զանգվածը ծածկել է չորս բնակելի տուն։ Փրկարարներին հաջողվել է փրկել մեկ մարդու։ Որոնողական աշխատանքները տևել են 2 օր։

Եղանակը Վրաստանում կտրուկ վատացել է փետրվարի 6-ին: Երկրի արևմուտքում, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում տեղացել է մեծ քանակությամբ ձյուն, ինչը խնդիրներ է առաջացրել ճանապարհներին։ Աջարիայի տարածաշրջանի բարձրլեռնային գոտում երկու մարդ է զոհվել սողանքի և ձնահյուսի հետևանքով։ Եղանակային վատ պայմանների պատճառով Վրացական երկաթուղին դադարեցրել էր միջքաղաքային գնացքների աշխատանքը, այն վերսկսվել է փետրվարի 8-ի առավոտյան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել