ԱՄՆ-ի հարվածները Սիրիայի արևելքում խախտում են երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը։
«Միացյալ Նահանգները ևս մեկ հարձակում իրականացրեց սիրիական տարածքի վրա՝ ավելացնելով արաբ ժողովրդի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անվտանգության խախտումների ցանկը»,- ասված է հայտարարության մեջ։
Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Հորդանանում իր ռազմակայանի դեմ իրականացված հարվածներին պատասխանելու նպատակով հարվածել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) և նրա հետ կապված ուժերին պատկանող ավելի քան 85 թիրախների Իրաքում և Սիրիայում։
Ըստ ԱՄՆ բանակի՝ ամերիկյան օդանավերի կողմից խոցված թիրախների թվում են հրամանատարական կետեր, հետախուզական կենտրոններ, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստարաններ, ինչպես նաև այլ օբյեկտներ, որոնք ներգրավված են Իրաքում և Սիրիայում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի և դաշնակից ուժերի համար զինամթերքի մատակարարման շղթաների շահագործումն ապահովելու համար: