«Չորս հոգով էինք մնացել գյուղում, լսեցինք, որ զոհեր ունենք»․ բռնի տեղահանումը՝ ականատեսի աչքերով

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված  Նորա Միրզոյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ տեղահանվել է Ասկերանի շրջանի Խանձք գյուղից։

Նա ասաց, որ 2020 թվականին, երբ Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, ինքն ամենավերջինն է դուրս եկել գյուղից, քանի որ բուժաշխատող է։

«Մինչև նոյեմբերի 7-ը մնացել եմ գյուղում։ Հետո տղաս զանգեց, ասաց՝ մամա, էսօր դուրս ես գալիս, եթե դուրս չգաս, էլ ինձ չես տեսնի։ Նոյեմբերի 7-ին ստիպված դուրս եկա գյուղից, եկա Գորիս, մի 5 օր մնացի, նոյեմբերի 13-ին նորից հետ վերադարձա Արցախ»,-նշեց մեր զրուցակիցը։

Նա ընդգծում է, որ 2020 թվականից հետո այդքան էլ չեն վախեցել Արցախում ապրել։ Իրենց սովորական առօրյայով են ապրել։

«Ամեն մեկս մեր գործին էինք, զինվորականներն իրենց ծառայությունն էին անում, բանվորներն իրենց։ Բայց 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո արդեն ահավոր էր։ Այդ օրը գյուղում հուղարկավորություն կար։ Ժամը մեկին եկանք, որ պետք է հոգեհացը սկսվեր, լսեցինք ուժեղ կրակոցներ։ Մեր գյուղը բարձունքի վրա է, շատ տարածքներ, շատ դիրքեր երևում էին։ Դահլիճից համայնքի ղեկավարը շտապ դուրս թռավ բակ, ճչաց՝ դուրս եկեք, պատերազմ է։ Դուրս եկանք բոլորս։ Ահավոր վիճակ էր, բոլոր կողմերից արդեն ռմբակոծություններ, կրակոցներ, ինքնաթիռի ձայներ։ Բոլորս խառնվեցինք իրար, որովհետև երեխաները դպրոցում էին, փոքր երեխաներին թողել էինք տանը, եկել, որ հոգեհանգստի մասնակցենք։ Ահավոր վիճակ էր այդ օրը։ Ժամերով սպասեցինք, ամբողջ օրը շարունակվեց։ Համայնքի ղեկավարն ասաց՝ գնացեք, բոլորդ մտեք նկուղները, մինչև տեսնենք՝ ինչ կատարվում։ Մի օր շարունկավեց»,-հիշում է տիկին Նորան։

Նա նշում է, որ երբ կրակոցները դադարել են իրենք դուրս են եկել նկուղներից, որպեսզի հասկանան, թե ինչ է կատարվում։ Քանի որ կապ չի եղել իրենք ոչ մի նորություն չեն իմացել։

«Տղաս զինվորական էր, երկու աղջիկներս Ստեփանակերտում էին։ Այնքան ահավոր վիճակի մեջ ընկա, ոչ ոքից ոչ մի տեղեկություն չունեի։ 2-3 օր ոչ ոքից չկարողացա լուր ստանամ։ Համայնքի ղեկավարն իջնում էր մեր հարակից գյուղերը, այնտեղից, որ գալիս էր բոլորս հավաքվում էինք գյուղապետի գլխին, որ տեսնենք՝ ինչ նորություն է բերել, ինչ կարող ենք լսել, բայց օր-օրի իմացանք ավելի ահավոր, ավելի վատ լուրեր։ Զոհեր ունեինք, սահմանային գյուղերը տարհանվել էին։ Սրտներումս ահ ու սարսափ էր։ Հաջորդ օրն էլ լսեցինք, որ թուրքերն Ասկերանի շրջան են մտել»,-պատմում է նա։

Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը մինչև սեպտեմբերի 26-ը մնացել է գյուղում։ Իր որդին է եկել, որ մորը գյուղից հանի։

«Տղաս ասաց՝ գյուղում մարդ չկա, հագնվիր, գնում ենք։ Ճիշտ ասած՝ չհավատացի։ Բարձրացա գյուղամեջ, որ տեսնեմ, թե ինչ է կատարվում։ Եկա, տեսա, որ իրոք, գյուղում ոչ ոք չկա։ Տեսա միայն համայնքի ղեկավարն է տխուր կանգնած գյուղամիջում, նայում էր համայնքին, շրջում էր բակերով։ Ասաց՝ դուք էլ գնացեք։ Մենք էլ մի փոքր մեքենա ունեինք, բայց շրջափակման պատճառով մեր մեքենան չէր աշխատում։ Չգիտեինք, թե ոնց դուրս գանք գյուղից, մնացել էինք՝ ես, տղաս, ամուսինս և գյուղապետը։ Մի երկու-երեք ժամ մեքենայի վրա աշխատեցին, համայնքի ղեկավարն էլ մեզ հետ, մեքենան սկսեց աշխատել։ Մի քիչ վառելիքով եկանք Ստեփանակերտ»,-պատմում է նա։

Տիկին Նորն, իր բազմանդամ ընտանիքի հետ Արցախը լքել էր սեպտեմբերի 27-ին։ 45 ժամ ճանապարհ են անցել։

«Ամեն օր երեխաներիս ասում եմ՝ եթե մի հրաշք կատարվի, մեր Արցախը վերցնեն, առաջինը ես եմ գնալու Արցախ, չեմ կարողանում այստեղ մնամ»,-ասաց նա։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել