«Կառավարության անդամների, նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի աշխատավարձը, իհարկե, չպետք է բարձրանա, որովհետև մենք լավ չենք աշխատել, մենք ձախողել ենք, այդ թվում` նաև ես»,- Ազգային ժողովում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ քննարկման ժամանակ իր ելույթում ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով` ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իր կյանքը գոնե մի փոքր բարելավվում է, ամեն օր մեր քաղաքացին չի զգացել, որ իրենք իրապես բարոյական կերպար են ներկայացնում, իրենք ներկայանում են մեր հասարակության իրավունքները հարգող և պաշտպանող անձինք Ազգային ժողովում: Ամեն օր մեր քաղաքացին իրենցից միայն և միայն դժգոհում է: Հասարակությունը հասկանում և գիտակցում է, որ նույնիսկ օրենքի ընդունումից հետո իրենց կյանքը չի բարելավվելու:
«Անբարոյական է, եթե մենք ցանկանում ենք մեր աշխատավարձերը բարձրացնել: Նույն պարոն Աբրահամյանի աշխատավարձը, ինչո՞ւ պետք է բարձրանա»,- հարցեց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինիս կարծիքով` ինքը 5 տարի պատգամավոր է եղել, բայց չի կարծում, որ նպաստել է, որ երկրի քաղաքացին իրապես գոնե արժանապատիվ զգա:
Պետք է տարանջատվի բարձրաստիճան պաշտոնյաների և, այսպես ասած, քաղաքական էլիտային վերաբերող աշխատավարձերի բարձրացումը: Դրանք ուղղակի պետք է դուրս հանել օրենքի այս նախագծից: Եթե տեղի է ունենալու բարձրացում և բարելավվում պետական ծառայության մեջ գտնվող անձանց համար և դա լինելու է արդարացի, ապա միայն այդ դեպքում «Ժառանգություն»-ը կողմ կքվեարկի այս օրինագծին, իսկ տվյալ պարագայում «Ժառանգություն»-ը դեմ է այս օրինագծին: