Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Էլեոնորա Աղաջանյանը «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո նորից քարը քարին են դրել, իրենց տունը վերականգնել են, բայց նորից տեղահանվել են։
Տիկին Էլեոնորան ու իր ընտանիքը բռնի տեղահանվել են Ասկերանի շրջանից։
«Ամեն օր կրակում էին, ամեն օր մենք գիշերն անհանգիստ էինք, չէինք քնում, մտածում էինք՝ հեսա կգան, հեսա մեզ կկոտորեն։ Սահմանները մոտ էին։ Չէին թողնում, որ գյուղացիներն աշխատեն, հունձը չկատարեցին, նորից վար չարեցին, սերմ չցանեցին, իրենք հնձեցին, մեզ ոչ մի բան չհասավ, մենք ոչ մի բան չտեսանք»,-պատմում է մեր զրուցակիցը։
Շրջափակման ինը ամիսների մասին նա ասում է՝ սովի մատնվեցինք։
«Ոչ մի բան չկար, թեփը հաց են թխել, մեզ տվել, օրը մեկ հաց են տվել, մենք սոված ենք մնացել, հացը տվել երեխաներին։ Շաքար չի եղել, ձեթ չի եղել։ Կարտոշկա ենք ցանել, լոբի ենք ցանել, բայց թուրքը չի թողել, որ հավաքենք դաշտից»,-ասում է նա։
Տիկին Էլեոնորան 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բարեկամի տված, մի քիչ ալյուրից՝ հաց թխելիս է եղել, երբ թշնամին հարձակվեց Արցախի վրա։
«Տասը երեխա սոված էին, հաց էի թխում, ժամը մեկին հարձակվեցին։ Տղաս եկավ՝ մամա, շուտ արա։ Ասացի՝ մինչև երեխաների համար հաց չթխեմ, չեմ գնա։ Մի 15-20 հաց թխեցի, կերակուրի ղազանը վերցրի, գնացինք նկուղ։ Մեկ, երկու ժամ հետո ասացին, որ մեզ տանում են Իվանյան, օդանավակայանի մոտ։ Գիշերն ու մի առավոտ սոված-ծարավ մնացինք այնտեղ։ 3-րդ օրը գնացինք գյուղ, բայց ոչ մի բան չկարողացանք վերցնե, էլ ինչ վերցնեինք, փոքր մեքենա, նորից եկանք օդանավակայան, այնտեղից էլ Հայաստան։ Ասել էին, որ դուրս չգանք 2 օրվա մեջ, մեզ վնաս կտան։ 2 օր ճանապարհ եկանք»,-նշեց նա։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան