Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Գալինա Մինասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, թե 2020 թվականի Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո, ինչպես են շուրջ 3 տարի ապրել կողք կողքի թշնամուն։
«Վախ կար, ուղղակի մենք վստահում էինք բանակին։ Գիշերներն ավելի շատ էինք վախենում, գյուղի տղամարդիկ գնում էին դիրքերը պահելու»,-նշում է նա։
Գալինան ուսուցիչ է աշխատել։ Նա նշում է, որ շրջափակման ընթացքում քիչ թե շատ կարողացել են կազմակերպել դասապրոցեսները։
«Ով չուներ գրենական պիտույք, մենք ուսուցիչներս օգնում էինք, որ գոնե շատ հետ չընկնեն դասերից։ Դասի ժամերը կրճատել էին, ուտելիքի խնդիր կար, երբ շրջափակում չէր, երեխաներն իրենց հետ ուտելիք էին բերում ու 45 րոպե դիմանում էին, բայց հետո դարձրեցին 30 րոպե»,-նշում է մեր զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը։
«Վարելահողերն ընկնում էին գյուղի ներքևի մասում, վարելահողերից անմիջապես հետո թշնամին էր նստած, իրենց դիրքերն էր դրված։ Նրան չէին թողնում, որ այդ հողերում ցորեն ցանեին։ Մի անգամ տրակտորն աշխատում էր իրենք կրակեցին, մենք էլ դպրոցից տուն էինք բարձրանում ու ձայնը լսեցինք, իմացանք, որ այդ տրակտորի վրա են կրակել ու էլ չթողեցին ցանեն ցորենը։ Դաշտերը հերկված էր, բայց ցանել չէինք կարողանում»,-պատմեց Գալինա Մինասյանը։
2023 թվականի սեպտեմբերի 19-ին նա դպրոցում է եղել, երբ ադրբեջանական կողմը սկսել է հերթական ագրեսին։
«Դպրոցի բակ եկան զինվորականներ, ասացին՝ վիճակը լուրջ է համար մեկ է տված։ Մենք հարցրեցինք՝ շարունակենք դասապրոցեսները, թե չէ, իրենք ասացին, որ լավ կլինի, որ երեխաները գնան իրենց ծնողների մոտ, քանի որ դպրոցը չուներ նկուղային տարածք։ Երեխաներին հանեցին, դպրոցի անձնակազմը դուրս եկավ ու գնացինք տուն։ Տանն էինք, երբ սկսվեց կռիվը։ Մի քանի ժամ մնացել ենք նկուղում, հետո եկան ու բոլորիս հանեցին ու տարհանեցին գյուղից։ Սեպտեմբերի 20-ին տեղափոխվեցինք Ստեփանակերտ։ Այնտեղ ասացին, որ չվախենանք, կռիվը կվերջանա, բայց այնտեղ իմացանք, որ ամեն ինչ հանձնված է։ Մի քանի օր մնացինք Ստեփանակերտում։ Սեպտեմբերի 24-ին իմացանք, որ Մարտակերտի շրջանը շրջափակման մեջ է»,-ասաց նա։
Մեր զրուցակիցը նշում է, որ ոչինչ չեն վերցրել իրենց հետ, քանի որ հնարավոր չի եղել վերադառնալ գյուղ։
Գալինա Մինասյանը շեշտում, որ հնարավոր չէ վերադառնալ Արցախ և ապրել ադրբեջանական կողմի առաջարկած պայմաններով։
Հիմա իր ընտանիքը մի շարք դժվարություններ ունի։ Նա կրկին աշխատում է դպրոցում։ Առաջարկը ստացել է Արևաշատի դպրոցի տնօրենից։ Հուզվում է, նշում է, որ առաջարկը միանգամից չի կարողացել ընդունել, բայց իրեն մեկ ամիս ժամանակ են տվել։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան