Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Մհեր Շահբարյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղից է տեղահանվել։
Նրա որդին՝ Դավիթ Շահբարյանը զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 19-ին թշնամու սանձազերծած հերթական ագրեսիայի հետևանքով։
«Երեք կռվին էլ մասնակցել է, երկուսը լավ է պրծել, էս վերջին կռվից զոհվեց։ Ունի երկու տղա, մեկը 7 տարեկան, մյուսը՝ 9։ Մեր հույսն իրենք են, որ պահենք Դավիթի հիշատակն են»,-ասաց մեր զրուցակիցը։
Նրանք ապրում են հինգ հոգով։ Ընտանիքում միայն իրենց հարսն է աշխատում։ Բնակվում են վարձով։
«Չգիտեինք, որ կռիվ պետք է սկսվի։ Սեպտեմբերի 19-ին տղաս սահմանից զանգեց, ասաց՝ մամ, թուրքն էնքան շատ ա, սրանից պրծում չկա։ Մայրն էլ ասաց՝ Դավիթ, մի վախեցիր, քո հայրն այդպես շատ է տեսել։ Ով կիմանար, որ վերւը այսպես կլիներ»,-նշեց Մհեր Շահբարյանը։
Նրանք երկու օր չեն իմացել, որ իրենց որդին զոհվել է։
«Ասել էին, որ փախել են անտառ, բայց չէ, այնտեղից փախնել չկար։ 10-ից 1 հոգի է պրծել։ Մենք էլ սպասում ենք, որ Դավիթն անտառներով պետք է գա։ Երկու օր սպասել ենք։ Մի բարեկամ տղա ձեռքը մեկնեց, ասաց՝ Մհեր, ցավակցում եմ։ Ասացի՝ արա, ի՞նչն ես ցավակցում։ Արդեն այդտեղ իմացա, որ Դավիթն էլ չկա։ Տեղեկություններ կան, որ իրենք շրջափակման մեջ են ընկել»,-ասաց նա։
Դավիթ Շահբարյանի դին անտառներում է եղել, որոնք արդեն օկուպացված են եղել թշնամու կողմից։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ռուս խաղաղապահների միջոցով կարողացել են դին դուրս բերել և հանձնել ընտանիքին։
«Մի քանի օր փնտրել են։ Ում ավելի շուտ էին գտել, Ստեփանակերտում էլ հուղարկավորել էին։ Քանի որ Դավիթի դին ուշ գտան, կարողացանք բերել այստեղ»,-նշեց նա։
Մեր զրուցակիցն ասում է, որ իրենց տեղափոխել են Ստեփանակերտի օդանավակայան։
«Դեռ նրանք էլ ասում էին՝ մեզնից հեռու, որ ձեզ կրակեն, մեզ էլ կկպնի։ Այդտեղից էլ գնացինք բարեկամի տուն։ Մեզ հետ միայն մեր հագի շորերն ենք վերցրել, որովհետև, որ գյուղից եկել ենք Ստեփանակերտ, մտածել ենք, թե էլի հետ ենք գնալու։ Բայց իմացանք, որ Արցախն արդեն չկա»,-ասաց պարոն Մհերը։
Նրա խոսքով՝ թշնամին Ստեփանակերտի տարածքում է եղել․ «Եթե մի քանի օր էլ շարունակվեր բոլորին փրթելու էին, դրանց նպատակն էդ էր»։
Իրենց ընտանիքը Արցախից դուրս է եկել Սեպտեմբերի 25-ին, հենց այդ օրն էլ գտել են որդու դին։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան