Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Սվետլանա Արզումանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ևս ստիպված է եղել լքել Արցախը, բայց նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից հետո վերադարձել է իր տուն։
«Երբ վերադարձանք Ասկերան, մեր գյուղը դեռ չէին հանձնել, մենք գնում էինք մեր տուն, բայց քաղաքում սկզբնական շրջանում ահավոր վիճակ էր, որովհետև Հադրութը տվեցին, լիքը-լիքը տարածքներ հանձնեցին թուրքին։ Մենք տեսնում էինք, թե մարդիկ ինչ ցավով էին ապրում, բայց մենք երբեք իրենց չենք հասկացել, այ հիմա մենք իսկապես հասկանում ենք, թե դա ինչ է, երբ մարդը տուն չունի։ Բայց ասեմ, որ ադրբեջանցիներից ընդհանրապես չենք վախեցել։ Մենք մեր հայրենիքում էինք, մեր տանն էինք, երբեք չենք վախեցել իրենցից, որովհետև սահման կար և մենք վստահ էինք, որ ապրում ենք մեր հայրենիքում, մեր հողում»,-ասաց նա։
Սվետլանայի խոսքով՝ կրակոցներ միշտ են եղել։ Ինքն աշխատել է Ստեփանակերտի «Հանրապետական» բժշկական կենտրոնում և միշտ էլ ականատես է եղել, որ վիրավորներ են բերել․ «Իրենք հրադադարը միշտ էլ խախտել են, մեր կողմից միշտ էլ վիրավորներ, զոհեր եղել են»։
Մեր զրուցակիցն ասում է, որ նաև շատ դժվար է եղել շրջափակման ինը ամիսները։
«Միշտ մեզ հույս էինք տալիս, որ ղարաբաղցու ասած՝ լոխ լավ կլինի, բայց վերջում տեսանք ինչքան լավ եղավ մեր համար։ Ռուսները բերում էին մթերքներ և մեզ վրա կրկնակի գնով վաճառում, դե մենք էլ առնում էինք, չէինք նայում գնին, այնքան որ բան լինի առնելու։ Հետո կամաց-կամաց արդեն քչացավ ամեն ինչ, բայց մենք ելք գտնում էինք, իսկ վերջին մեկ ու կես ամիսն արդեն ընդհանրապես ոչինչ չկար, նույնիսկ ալյուր չկար։ Բայց էլի հույս էինք պահում, որ ամեն ինչ կավարտվի, կմնանք մեր տանը»,-նշում է մեր զրուցակիցը։
Սվետլանան մասնագիտության բերումով ավելի շատ է շփվել վատառողջ մարդկանց հետ, ասում է, որ մարդիկ իմունիտետ չունեին, իրենք էլ ստիպված են եղել խնայողաբար օգտագործել շրջափակված Արցախում մնացած որոշակի դեղամիջոցները։
«Պատերազմական գոտում էինք, չգիտեինք, ոնց կլինի, հանգամանքները ոնց կզարգանան, դրա համար ամեն ինչ անում էինք, որ, եթե պատերազմ լինի, գոնե վիրավորներին կարողանանք առաջին բուժօգնություն ցույց տալ։ Ինչպես գիտեք նաև սովամահության դեպք եղավ։ Կանայք, երեխաները նաև տղամարդիկ շատ թույլ էին, անընդհատ ջերմում էին, որ մի քիչ ցուրտ էր լինում, միանգամից վատացած գալիս էին հիվանդանոց»,-պատմում է նա։
Մեր զրուցակիցը սեպտեմբերի 19-ին հիվանդանոցում է եղել, երբ թշնամին սկսեց հերթական ագրեսիան Արցախի դեմ։
«Շատ հանգիստ էր ամեն ինչ, բայց վերջին երկու շաբաթը մեզ մոտ համար մեկ էր, բայց դա արդեն սովորական էր դարձել։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին վիրավորներին իրար հետևից բերեցին, դադար չեղավ։ Անընդհատ վիրավորներ էին բերում։ Վիրավորումները տարբեր էին, կոտրվածք, բաց կոտրվածք։ Մի ցավալի դեպք եղավ՝ մեր այդ օրվա բուժքույրներից մեկի երկու եղբորը բերեցին, մեկն արդեն մահացած էր, մյուսը մեզ մոտ մահացավ։ Հարազատները մյուս կողմից էին անընդհատ գալիս, բայց այդ ժամանակ դեռ դեղեր ունեինք։ Հետո արդեն սեպտեմբերի 21-ից դիպուկահար էր աշխատում Ստեփանակերտի վրա։ Հիվանդանոցի դիմաց մեր բժիշկներից մեկին խփեց դիպուկահարը, բայց փամփուշտը մնաց պիջակի վրա։ Մեր բուժքույներից մեկն ուզում էր գալ աշխատանքի, իրեն շտապ օգնությունը բերեց, որովհետև մեջքից խփել էին։ Նման բաներ են եղել»,-ասում է նա։
Սվետլանան դեռ Արցախում է եղել, երբ Ստեփանակերտում բենզինի պահեստ պայթեց։ Նա հրաժեշտ էր տվել անձնակազմին և վերադարձել տուն, որ իրերը հավաքի, սակայն շտապ կանչ է ստացել հիվանդանոցից։
«Ձայնային հաղորդագրություն ստացա, մեր բուժքույրերից մեկն լացելով ասում էր՝ ով կա եկեք, լիքը վիրավորներ են բերել։ Ես ու քույրս, նա էլ է բժշկականում սովորում, միանգամից վազեցինք հիվանդանոց։ Այնքան ահավոր էր հիվանդանոցի վիճակը, ես չեմ կարող բառերով նկարագրել։ Նույնիսկ ես ու քույրս չկարողացանք գլխավոր մուտքով մտնել, որովհետև մարդկանց բոլոր հարազատներն այնտեղ էին։ Հիվանդանոցի հետնամասով մտանք, երբ մտանք, միանգամից ոտքերս թրջվեցին, հիվանդանոցի ամբողջ հատակը ֆուրացիլին լուծույթ էր։ Ամեն մի կես մետրի վրա մի այրված մարդ կար ու 200-ից ավել այրված ու մերկ տղամարդիկ կային, որոնցից հիմնականը 3-րդ աստիճանի այրվածք ուներ։ Շատերն էլ կային, որ ավելի թեթև այրվածքներ ունեին, բայց իմունիտետ չունեին ու ուղիղ երկու ժամ հետո ամբողջ դեղերը վերջացան ու մարդիկ իրար հետևից մահացան։ Ահավոր էր, չէինք կարողանում ոչ ոքի օգնել։ Նույնիսկ սավաններն էին վերջացել։ Այդ օրը հասկացա քաոս բառի իմաստը։ Բոլորը գոռում էին, ոբոլը գալիս էին դիերը բացում, որ ճանաչեն իրենց հարազատին։ Նույնիսկ մի դեպք եմ հիշում, որ 15 կամ 16 տարեկան մի երեխա եկավ և ինձ հետ սկսեց դիեր իջեցնել ռեանիմացիայի բաժանմունքից։ Այդ աստիճանի քաոս էր հիվանդանոցում, Ստեփանակերտում»,-պատմում է նա։
Սվետլանան ու իր ընտանիքը Արցախից դուր են եկել սեպտեմբերի 29-ին։
«Մենք առաջին հերթին այնտեղ թողել ենք ինքներս մեզ։ Մեր կյանքը երկու մասին է բաժանվել, մեր հայրենիքն ենք այնտեղ թողել»,-նշում է նա։
Անդրադառնալով ադրբեջանական կողմի առաջարկած վերաինտեգրման տարբերակին, նա նշում է, որ հնարավոր չէ թշնամու հետ կողք կողքի ապրել։
«Դա անհավանական է, իրենց ցեղասպանություն են արել, մենք մեր հայրենիքն ենք կորցրել, ո՞նց կարող ենք մենք իրենց հետ ապրել, անհնար է դա»,-ընդգծում է մեր զրուցակիցը։
Սվետլանան ասում է, որ միջազգային կազմակերպություններից ու հանրությունից այլևս որևէ ակնկալիք չունի, քանի որ նրանց աչքի առաջ 120 հազար հայ անտուն մնաց․ «Աշխարհը կույր է»։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։
Հասմիկ Սարգսյան