«Տղաս ասաց՝ մամ, արի գնանք մեր տուն, ավտոմատն էլ ա ձեռքս, գրանատն էլ, եթե թուրքը գա իրար կփաթաթվենք, կտրաքենք, բայց թուրքին գերի չենք դառնա»․ բռնի տեղահանված

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Աշխեն Մալխասյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում  ասաց, որ 1992, 2016, 2020 թվականների պատերազմների ժամանակ եղել է Արցախում, բայց երբեք չեն պատկերացրել, որ 2023 թվականին ստիպված կլինի դուրս գալ իր տնից։

«Մեզ 2-3 օր տվեցին, որ դուրս գանք, մեքն չենք պատկերացնում, ուշքի չենք գալիս, թե ինչ եղավ, որ մեզ ասացին դուրս եկեք։ 2020 թվականի հետո էլ ապրեցինք, չենք վախեցել, ասացինք՝ լավ կլինի, տղես տներ էր սարքում։ Ասում էր՝ մամ, ամեն ինչ լավ կլինի։ Տները սարքեցինք, մնացել էր պատշգամբն էլ սարքենք ու աղայական ապրենք»,-պատմում է նա։

Մեր զրուցակիցը հիշում է, որ սեպտեմբերի 19-ին տան գործերն ավարտելուց հետո գնացել էր հացի համար հերթ կանգնելու։ Հերթում կանգնած է եղել, երբ թշնամին սկսել է գնդակոծել Արցախը։

«Որ արդեն պետք է հերթն ինձ հասներ մի հատ շրխկացրին։ Ժողովուրդը խուճապի մատնվեց։ Տեսնենք՝ նորից շրխկացրին։ Ա՜, ասինք՝ պատերազմ ա։ Արդեն ես իմ տեղը չէի գտնում, զանգ տվեցի տղայիս։ Ասաց՝ մամա, մի տեղ փախի։ Չգիտեմ՝ որտեղ փախնեմ։ Այս կողմ, այն կողմ եմ վազում։ Տղաս ասում է՝ մամա, գնա մի նկուղ մտի։ Չգիտեմ, արդեն դու քեզ կորցնում ես։ Չգիտես՝ ինչ անես։ Վազեցինք մեր փուռի աշխատողի նկուղ։ Տեղս չէի գտնում, սիրտս նեղվում էր, չէի կարողանում իջնել ներքև։ Սիրտս կանգնում էր, ասացի՝ լավ, ժողովուրդ, շունչս կտրվում է։ Այնտեղից փախա, գնացի դպրոցի մոտ։ Ամբողջ գիշեր, վրաս մի ծածկոց, դրսում մնացի։ Անքուն նստած էի։ Անօդաչուները մեր գլխի վրայով գնում, գալիս էին։ Չեք պատկերացնում, թե դա ինչ ցավալի կռիվ էր։ Մինչ հիմա ուշքի չենք գալիս»,-ասում է տիկին Աշխենը։

Նա նաև շրջափակման ինը ամիսների մասին է պատմում, նշելով, որ եղել են օրեր, որ անգամ հաց չեն կարողացել հայթհայթել։

«Սոված քնում էինք, ամբողջ Արցախն այդ օրի էր։ Լացելով էինք քնում։ Ի՞նչ անեինք, ոչ վերմիշել ունեինք, լավ գեշ ապրում էինք։ Բայց մենք մեր հողից դուրս չեկանք, ասում էինք՝ լավ կլինի։ Հայերիս չոքացրեցին, թուրքն ի՞նչ էր, որ մեզ տենց խեղճացրեց։ Խուճապի մատնվեցինք, երկու, երեք օրում հավաքեցինք մեր իրերը, դուրս եկանք։ Մի քիչ ալյուր ունեի տանը, ասի՝ հաց թխեմ, մինչև իմ տղան գնա բենզին ճարի, որ դուրս գանք։ Չեմ էլ ուզում դուրս գալ, լացում եմ։ Ասում եմ՝ ես այստեղ թուրքի մոտ կապրեմ, տղաս ասում է՝ թուրքի հետ ո՞նց կապրես, թուրքերը կսպանեն քեզ, ասում եմ՝ ջանդամ կսպանեն, ես իմ շեմից դուրս չեմ գա։ Զոռով, լացելով դուրս եմ եկել։ Չորս հատ հաց էի ուզում թխել, երկուսը թխել եմ, երկուսն էլ թողել եմ վառարանի մեջ։ Սեպտեմբերի 24-ին ենք դուրս եկել։ 2-3 օր նկուղում էինք։ Իմ տղան ավտոմատը ձեռքին, թե՝ մամա, արի գնանք մենք մեր տուն, մեր տանը քնենք, ստեղ մեղկ ես, դու արդեն հիվանդանում ես։ Ասաց՝ հենա, ավտոմատն էլ ա ձեռքս, գրանատն էլ, եթե թուրքը գա ես ու դու իրար հետ կփաթաթվենք, կբացեմ, կտրաքվենք, բայց թուրքին գերի չենք դառնա։ Այդպես գնացինք մեր տուն, հյուրասենյակում էի քնում, մի շխկոց լսում եմ, վեր եմ թռնում, մտածում ենք, թե թուրքը եկավ»,-պատմում է տիկին Աշխենը։

Նրա խոսքով՝ իրենք երկու օր ճանապարհ են եկել։ Ասում է, որ ամեն ինչ թողել են Արցախում։

«Հավեր, տուն-տեղ, ամեն ինչ առել ենք, թողել ենք, սառնարան, լվացքի մեքենա, վառարաններս։ Ամեն ինչ թողել ենք։ Չօգտագործած սպասք ունեի։ Սպասում էի, որ տղայիս ամուսնացնեմ, հարսս գա, ապրի։ Հավերին բաց եմ թողել»,-նշում է մեր զրուցակիցը։

Նա ասում է, որ չի գնա և չի ապրի ադրբեջանական կողմի առաջարկ վերաինտեգրման պայմաններով։

«Այնտեղ մինչև թուրքի ոտքը չվերանա, ո՞վ կգնա, աչքիդ առաջ քո մանկիկ երեխային մորթում, քցում են։ Կգնա՞ս, կապրե՞ս։ Այնտեղ հողը դեռ արյունով թաց է։ Էնքան ջահել զոհվեցին, էն հողը թաց ա, մենք ուզում ենք մեր երկիրը գնանք, բայց թուրքն այնտեղ է։ Ով որ անպետք ա, ով որ անխելքա կգնա, կինտեգրվի թուրքին։ Բայց կապրի՞, ճորտի նման պիտի ապրի»,-ասում է մեր զրուցակից։

Տիկին  Աշխենն ասում է, որ այստեղ շատ խնդրներ ունեն։ Տան վարձը թանկ է՝ 120․000 դրամ, աշխատանք չկա, չգիտեն, թե ինչպես պետք է վճարեն։ Մեկ սենյականոց բնակարանում են ապրում, որտեղ ոչինչ չկա։ Ասում է, որ էլ չի կարողանում ձեռքով լվացք անել։ Հույսով սպասում է, որ իրեն փոխհատուցում կտան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։

 Հասմիկ Սարգսյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել